Արդէն չորրորդ օրն է՝ առաւօտեան 08։35-ին հինգ տարեկան Արթուր Աղաջանեանը նախաճաշից յետոյ հագնում է ձմեռային տաք բաճկոնը, դնում մոխրագոյն, սպիտակ գծերով գլխարկը, կապում է տատիկի գործած եռագոյն շարֆը, որ գնայ դպրոց։ Գրքերով լի պայուսակն ուսերին է, իսկ աջ ձեռքում՝ խաղալիք մեքենան, որի բացուող ու փակուող դռների մասին նա երկար խօսում է հոր հետ։ Արթուր Աղաջանեանը յաճախում է Ստեփանակերտի թիւ 10 երկարօրեայ դպրոցի նախադպրոցական խումբ։ Հայրը՝ Արմէն Աղաջանեանն է նրան ուղեկցում դպրոց։
Գազամատակարարման խափանումների պատճառով Արցախում դպրոցները յունուարի 19-ից փակ էին։ Յունուարի 29-ի առաւօտեան գազամատակարարումը մասնակի վերականգնուեց, եւ նոյն օրը որոշուեց վերսկսել դասէրը բոլոր դպրոցներում։ Դպրոցները գործելու են քանի դեռ անխափան գազամատակարարում կայ։
-Արթու՛ր, լաւա՞ վեր շկոլը պեցուալայ,- հարցնում եմ։
-Հա։
-Հա՞, խե՞ պա։
-Որովհետեւ օզումըմ մըծանամ։
-Իսկ գիդումը՞ս խեյն իլալ կապած շկոլը։
-Հա, ես ասալըմ՝ մա-մա, խէ չը՞ն շկոլը պեց անում, հանցւուեր քինամ շկոլ, մաման էլ ասումայ՝ որովհետեւ գազը էնայ անջատած։ Ես էլ կրեցալ չում քինամ շկոլ, 5 օր տաննում իլալ։
Ստեփանակերտի 10-րդ դպրոցը, որն Արթուրի տանն ամենամօտ դպրոցն է, աւերուել էր 2020 թուականի 44-օրեայ պատերազմի ժամանակ։ Վերականգնողական աշխատանքները բաւական երկար տեւեցին։ Դպրոցը պէտք է պատրաստ լինէր շահագործման 2022 թուականի ուսումնական տարուայ սկզբին, սակայն նախադպրոցական խումբը սկսեց յաճախել միայն նոյեմբերի 1-ին՝ ուսումնական տարուայ սկզբից երկու ամիս անց։ Այս պահին էլ դպրոցի միայն մի մասն է ենթակայ շահագործման։
Արթուրի խմբում սովորում է 20 աշակերտ։ Դասվար Նելլի Սարգսեանի խօսքով՝ երկուշաբթի նրանցից միայն 8-ն է յաճախել դպրոց։ «Երեխաների մի մասը հիւանդ է, միւս մասը, իրավիճակով պայմանաւորուած, գիւղերում են՝ տատիկների ու պապիկների մօտ»,- պատմում է Նելլի Սարգսեանը։
Թեեւ գազամատակարարումը վերականգնուել է, եւ դասասենեակները սկսել են ջեռուցուել, միեւնոյն է, դպրոցում ցուրտ է, քանի որ գազի ճնշումը ցածր է։ Սենեակի ջերմաստիճանը 9-10°C է։ «Երեխաները վերարկուներով, ոմանք՝ շարֆերով ու գլխարկներով են դաս անում»,- նշում է Նելլի Սարգսեանը։
Արթուրին հարցնում եմ՝ դասարանում ցու՞րտ էր, ասում է՝ «հա, մրսալում, բայց կուրտկաս կեցալում, մենակ մէջքս ու ծերքերսն մրսալ»։
Երբ դպրոցները փակ են, եւ Արթուրը տանն է, թուերի գումարում ու հանում անելուց բացի, կրտսէր քոյրերի՝ Արփիի ու Աստղիկի հետ է խաղում։ Բայց ամենաշատը նրան հետաքրքրում է հոր հետ մաթեմատիկայի վարժութիւններ կատարելը։
«Արթուրը էներգիայով լի բալիկ է, նրա հետ պէտք է անընդհատ զբաղուել, որ չձանձրանայ։ Երբ նա տանն է, աշխատում եմ նրան աչքաթող չանել, չթողնել ինքն իր յոյսին, աշխատում եմ նրա օրը հետաքրքիր կազմակերպել։ Առաւոտեան նախաճաշելուց յետոյ, առանց իմ ասելու, նա վերցնում է թուղթն ու գրիչը, որպէսզի դաս անի։ Այնպէս չէ, որ ես նրանից դա պահանջում եմ։ Ինքն է ինձ կանչում, ասում է՝ «մամայ, արի դաս անենք»։ Միասին արդէն գրեթէ բոլոր տառերը սովորել ենք գրել, սկսել ենք տառերը ճանաչել, ինչը դեռեւս դպրոցում չէն արել։ Ընթացքում բանաստեղծութիւններ եմ սովորեցնում»,- պատմում է Արթուրի մայրը՝ Վիկտորեայ Պետրոսեանը։
Արտադասարանական պարապմունքներ չէն իրականացւում, ու եթէ դպրոցը նորից փակուի ջեռուցման պատճառով, Արթուրը կրկին կը մնա տանը։ Դասվարի խօսքով՝ իրենց յանձնարարուած չէ դասարանից դուրս որեւէ ծրագիր իրականացնել երեխաների հետ։ Ասում է՝ «մեր կըլխու կարել չընք ինչ-որ պէն անինք»։
«Լոյսէրի պատճառով օնլայն պարապմունքներ անհնար է անել։ Բացի դրանից, օնլայն պարապմունքների ծրագիր նոյնպէս չունենք։ Եթէ նման պայմաններում երեխաների հետ աշխատելու ծրագիր մշակէն, մենք, իհարկէ, պատրաստ ենք երեխաների հետ աշխատել»,- ասում է Նելլի Սարգսեանը։
Դպրոցում դասէրը 30 րոպէանոց են։ Ասում է՝ դպրոցում ամենաշատը դաս անելն է սիրում։ Սովորում են տառերը, թուերով վարժութիւններ անում, երգի ու պարի դասէր ունեն։
Քանի որ երկարօրեայ դպրոցը չի գործում, Արթուրը ժամը 13։00-ին աւարտում է։ Դպրոցի բակում սպասում է՝ հայրն ուր որ է կը գայ։
-Արթու՛ր, վեր շկոլը նորից կապուէ, հինչաւը՞ս զբաղուելու,- հարցնում եմ ես։
Հոգոց է հանում։
— Զբաղուելւուում խաղ ընելաւ, տաս սըվըրելաւ, մաթեմատիկայ սըվըրելաւ,- կարճատեւ դադարից յետոյ պատասխանում է Արթուրը։
Արցախի գործող 118 դպրոցներ է յաճախում 20 000 երեխայ, նրանցից 1300-ը նախադպրոցական տարիքի է։
«Գազամատակարարման աշխատանքները սկսելուց յետոյ բոլոր դպրոցներում վերսկսուել է դասապրոցեսը։ Ներկայումս աշխատանքներ են կատարւում դպրոցների ջեռուցման համակարգերը փոխելու ուղղութեամբ։ Գազով ջեռուցումից անցում կը կատարենք փայտով ջեռուցմանը։ Եթէ մինչ այդ ունենանք գազամատակարարման խափանում, դպրոց կը յաճախէն միայն 9-12-րդ դասարանի աշակերտները։ Նրանք յաճախելու են ներկայումս փայտով ջեռուցուող դպրոցներ։ Այս պահին կրթական ծրագրից հետ ենք ընկել մի շաբաթով, որը լրացնելու ենք գարնանային արձակուրդները մի շաբաթով հետ տալու հաշուին։ Միւս բացթողումները լրացրել ենք դասապրոցեսի ընթացքում՝ համապատասխան բաշխումների շնորհիւ»,- «Հետքին» յայտնեց Արցախի Կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարար Մինասեանը։ Նրա խօսքով՝ ուսումնական տարին կաւարտուի յունիսի 1-ին։
Ալեօնայ Հայրապետեան
Ստեփանակերտ