Խաղաղապահների վաղաժամ դուրսբերման որոշումը ընդունուել է Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարութեան կողմից

Խաղաղապահների վաղաժամ դուրսբերման որոշումը ընդունուել է Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարութեան կողմից

azatutyun.am

Բրիւսելն ի գիտութիւն է ընդունում Լեռնային Ղարաբաղից ռուսական զօրքերի դուրսբերման մասին յայտարարութիւնը, ադրբեջանական «Թուրան»-ի հարցին ի պատասխան՝ յայտարարել է Եւրամիութեան դիւանագիտական գերատեսչութեան խօսնակ Պիտէր Ստանոն։

Միեւնոյն ժամանակ Եւրամիութեան ներկայացուցիչը շեշտել է՝ Եւրամիութիւնը հաւատարիմ է մնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ գործընթացին աջակցելուն»։

Երկու օր առաջ Բաքուից հաղորդուեց, որ ռուս խաղաղապահները դուրս են գալիս Լեռնային Ղարաբաղից։ Կրեմլն էլ ժամէր անց հաստատեց։ Ադրբեջանի նախագահի արտաքին յարաբերութիւնների գծով օգնական Հիքմեթ Հաջիեւն էլ նշեց, թէ ռուսաստանցի խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին որոշումը ընդունուել է Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարութեան կողմից։

Ռուս խաղաղապահները Արցախում տեղակայուել են 2020 թուականի նոյեմբերի 9-ին ստորագրուած եռակողմ յայտարարութեան համաձայն՝ 5 տարի ժամկէտով։ Ըստ փաստաթղթի՝ նրանց մանդատը եւս հինգ տարով կարող է երկարաձգուել, եթէ կողմերից որեւէ մէկը ժամկէտի աւարտին չպահանջի, որ առաքելութիւնը դուրս բերուի Ղարաբաղից: Բաքուն բազմիցս յայտարարել է, թէ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայուել են ժամանակաւոր։

Ինչո՞ւ են խաղաղապահները ժամկէտից մէկուկէս տարի շուտ դուրս գալիս հայաթափուած Լեռնային Ղարաբաղից, ո՛չ Արտգործնախարարութեան, ո՛չ Կրեմլի խօսնակներն այդ հարցին չէն անդրադարձել: Փոխարէնը խօսել է Ռուսաստանի Դաշնութեան խորհրդի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը՝ դրանում մեղադրելով Երեւանին։

Share