Ներկայացնում ենք Երուսաղեմի Ռազմաւարութեան եւ անվտանգութեան ինստիտուտի (JISS) վերլուծաբան Միխայիլ Բորոդկինի When diaspora lobbying becomes a strategic liability for Armenia յօդուածի հայերէն թարգմանութիւնը որը հրապարակել է Մեդիամաքս կայքը:
«Օրակարգ»ը չբաժանելով վերլուծաբանի տեսակէտները սա հրատարակում է ընթերցողներին նման մտածողութիւնների էութեանը ծանօթացնելու համար: Իսրաելցի վերլուծաբանի տեսակէտները մի կողմից լոյս է սփռում Հայաստանի ներկայ իշխանութիւնների հակասփիւռքեան քաղաքականութեան գաղափարական ակունքներին, իսկ միւս կողմից ապացուցում թէ Հայ Դատի աշխատանքները սփիւռքում որքանով այլ ուժերի ուշադրութեան կենտրոնում է:
Միխայիլ Բորոդկին

Հայաստանի հետպատերազմեան իրականութիւնը բնութագրւում է դաժան պարադօքսով։ Յենց այն պահին, երբ գոյատեւելու համար պետութիւնը առաւելագոյն դիւանագիտական ճկունութեան կարիքն ունի, երկրից դուրս նրա ամենաազդեցիկ կողմնակիցներից մի քանիսը առաջ են մղում մի ուղի, որը սահմանափակում է Երեւանի հնարաւորութիւնները։
Կովկասում տեկտօնական տեղաշարժերի էպիկենտրոնում յայտնուած փոքր երկրի համար Հայաստանի ընտրուած ղեկավարութեան եւ Վաշինգտօնում գործող Ամերիկայի հայ դատի յանձնախմբի (ANCA) միջեւ աճող անջրպետը այլեւս դադարել է լինել զուտ ներքին վէճ եւ դարձել է ռազմավարական բեռ։ Այս ամէնի գինը խորհրդանշական չէ, այլ ռազմավարական։ Դա կարող է աղճատել Արեւմուտքից հնչող քաղաքական ուղերձները եւ դժուարացնել Հայաստանի յարաբերութիւնները գործընկերների, այդ թւում՝ Իսրայելի հետ, հէնց այն ժամանակ, երբ Հայաստանին անհրաժեշտ է աւելի մեծ ճկունութիւն մանեւրելու համար։
Հիմնական լարուածութիւնը պետականաշինութեան եւ ինքնութեան քաղաքականութեանը վերաբերող հարցրի շուրջ տարբերութիւնն է: Սփիւռքի համայնքները բոլոր իրաւունքներն ունեն լոբբինգ իրականացնելու, առաջ մղելու իրենց դիրքորոշումները եւ համախմբուելու: Խնդիրները սկսւում են, երբ լոբբին անուղղակիօրէն կամ բացայայտ կերպով ներկայանում է որպէս պետութեան ազգային շահերի փոխարինող: Սա յատկապէս վնասակար է դառնում, երբ մաքսիմալիստական նարատիւներով եւ բարոյական աբսօլիւտիզմով ձեւաւորուած լոբբիի հռետորաբանութիւնը չի համընկնում այն դժուար որոշումների հետ, որոնք պէտք է ընդունի հակամարտութեան, մեկուսացման եւ տնտեսական խոցելիութեան իրական հետեւանքները կրող Հայաստանի կառավարութիւնը:

Նման միջավայրում արտաքին քաղաքականութիւնը դառնում է ոչ թէ գոյատեւման գործիք, այլ խորհրդանշական մարտէրի ասպարէզ։ Ահա թէ որտեղ է թակարդը։
Երեւանում սկսում է արմատաւորուել լուռ պրագմատիզմը։ Հայաստանի ղեկավարութիւնը գիտակցել է, որ ինքնիշխանութիւնը պաշտպանում են ոչ թէ միայն հռետորաբանութեամբ, այլեւ ընդլայնելով կենսունակ տարբերակներն ու նուազեցնելով այլ հովանաւորներից կախուածութիւնը։ Արեւմուտքի հետ գործնական կապերի ստեղծումը եւ Իսրայելի հետ փոխգործակցութեան ուղիների ուսումնասիրութիւնը համապատասխանում են այդ տրամաբանութեանը։ Հարցն այն չէ, որ իւրաքանչիւր նախաձեռնութիւն յաջողակ կը լինի կամ իւրաքանչիւր գործընկերութիւն՝ քաղաքականապէս հեշտ։ Այն աւելի պարզ է. փոքր պետութիւնը պէտք է բաց պահի իր դռները, քանի որ փակ դռները արագօրէն վերածւում են ռազմավարական փակուղիների։
Ահա այստեղ են ANCA-ի հետ տարաձայնութիւնները սկսում շօշափելի հետեւանքներ ունենալ։ Մինչ Հայաստանի կառավարութիւնը ձգտում է ստեղծել արդիւնաւետ մեխանիզմներ, սփիւռքի լոբբին յաճախ հակառակ ուղղութեամբ է շարժւում՝ բարդ աշխարհաքաղաքական փոխզիջումները դիտարկելով որպէս բարոյական դաւաճանութիւն։ Այդ տարբերութիւնը յատկապէս ակնյայտ է դառնում Հայ Դատի յանձնախմբի՝ Իսրայել պետութեան նկատմամբ դիրքորոշման մէջ։ Տարիներ շարունակ ANCA-ն բազմիցս ներկայացրել է Իսրայելը ոչ միայն որպէս տարածաշրջանում շահեր ունեցող պետութիւն, այլեւ որպէս Ղարաբաղեան պատերազմում Ադրբեջանի գործողութիւնների հիմնական յանցակից՝ կապելով Իսրայելի կողմից զէնքի մատակարարումները եւ էներգէտիկ ոլորտում համագործակցութիւնը հայերի դէմ վայրագութիւնների հետ, ապա այդ տրամաբանութիւնն օգտագործելով՝ պնդելու համար, որ Իսրայելի կամ Իսրայելի գործընկերների հետ համագործակցութիւնը հաւասարազօր կը լինի այդ երկրին խրախուսելուն։

2020 թուականի մարտական գործողութիւնների ժամանակ ANCA-ն կոչ արեց իսրայէլցի պաշտօնեաներին դադարեցնել Բաքուին զէնքի վաճառքը՝ պնդելով, որ դրանց շարունակական մատակարարումները կդիտուէն որպէս յանցակցութիւն։ 2025 թուականի վերջին արուած յայտարարութեան մէջ, որով փորձ էր արւում Գազայի շուրջ բանաւէճը ընդգրկել Կովկասեան օրակարգում, ANCA-ն պնդում էր, որ Ադրբեջանը օգտագործում է Պաղեստինի հարցը սեփական բռնութիւնը «քօղարկելու» համար՝ Իսրայելին կրկին դարձնելով իր բարոյական մեղադրանքների թիրախը։
Իսրայելին որպէս մշտական թշնամի ներկայացնելով՝ ԱՄՆ հայկական լոբբին Երեւանին թողնում է անհրաժեշտ գործնական յարաբերութիւններ կառուցելու աւելի փոքր գործիքակազմ։ Դա նաեւ հակասական ազդանշաններ է ուղարկում այն քաղաքական գործիչներին, որոնք փորձում են հասկանալ, թէ իրականում ի՞նչ է ցանկանում Հայաստանը՝ պրագմատիկ ինտեգրում Արեւմտեան ռազմաւարութեանը, թե՞ մշտական բախում՝ անկախ գնից:
Հետեւանքները զուտ տեսական չէն։ Երբ տեղայնացուած վէճերը վերածւում են միջազգային ճգնաժամէրի, դրանք պարզապէս վերնագրեր չէն դառնում, այլ ստեղծում են այնպիսի լարուածութիւն, որը Հայաստանը չի կարող իրեն թոյլ տալ։
Դրա վառ օրինակն է Երուսաղեմի Հայկական թաղամասում տեղի ունեցող քաղաքային եւ իրաւական վէճերը բարձր մակարդակի դիւանագիտական խնդրի վերածելու փորձը։ Նման արշաւները կառավարելի խնդիրները վերածում են աշխարհաքաղաքական դժգոհութիւնների, մեծացնում են լարուածութիւնը պոտենցիալ գործընկերների հետ եւ նուազեցնում խնդիրների հանգիստ, գործնական լուծման հնարաւորութիւնները։ Հայաստանի դիրքերը ամրապնդելու փոխարէն՝ դրանք քաղաքական տեսանկիւնից դժուարացնում են փոխզիջումն ու համագործակցութիւնը։
Ստրատէգիական առումով կարեւորագոյն թէժ կէտը «Միջազգային խաղաղութեան եւ բարգաւաճման Թրամփի ուղի» TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) նախագիծն է: Երեւանի համար կապերի հաստատումն ու լարուածութեան թուլացումը զուտ կարգախօսներ չէն, այլ գործիքներ՝ նուազեցնելու Ռուսաստանից ճնշող կախուածութիւնը եւ սահմանափակելու տարածաշրջանային կաթուածահար վիճակից օգուտ քաղելու Իրանի կարողութիւնը։ Հաւերժական պայքարի գաղափարին հաւատարիմ սփիւռքի ակտիւիստները նման նախագծերը յաճախ դատում են ոչ թէ այն տեսանկիւնից, թէ արդյօք դրանք գործնականում ընդլայնում են Հայաստանի ինքնիշխանութիւնը, այլ թէ արդյօք դրանք համապատասխանում են իրենց իդէալականացուած բարոյական մոդելին: Մինչդեռ տարածաշրջանը մոդելներով չի կառավարւում: Այն կառավարւում է ազդեցութեան լծակներով, միջանցքներով, էներգէտիկ հոսքերով եւ մեկուսացումից խուսափելու ունակութեամբ:
Ահա թէ ինչու սփիւռքի կողմից դրուող խոչընդոտները աւելի մեծ ռիսկ են պարունակում։ Դրանք կարող են շեղել Հայաստանին Կովկասում Արեւմուտքի աւելի լայն նպատակներից, որոնք, թեեւ կատարեալ չէն, սակայն նպատակ ունեն նուազեցնել Ռուսաստանի եւ Իրանի ազդեցութիւնը՝ յարաբերութիւնների կարգաւորման, կապերի հաստատման եւ կայունութեան միջոցով։ Եթէ Վաշինգտօնը Հայաստանը դիտարկի որպէս մասնատուած կամ ռազմավարական առումով անվստահելի երկիր, դա կթուլացնի Երեւանի կարողութիւնը՝ ստանալու Արեւմուտքի շօշափելի աջակցութիւնը։ Եւ եթէ յարաբերութիւնների կարգաւորումը դիտարկուի որպէս արգելուած թեմայ, Հայաստանի հնարաւորութիւնները կպակասէն, մինչդեռ Մոսկուան եւ Թեհրանը կը ստանան գործելու աւելի մեծ ազատութիւն։
Հայաստանի ներքին անկայունութիւնն այս վտանգն աւելի է սրում։ Վերջին տարիների բողոքի ցոյցերն ու բեւեռացումը ակնյայտ են դարձնում այն փաստը, որ Հայաստանի յետագայ ուղին խիստ վիճահարոյց է։ Ռուսաստանը, որի լծակները թուլանում են, մտադիր է օգտագործել ներքին պառակտումներն իր ազդեցութիւնը պահպանելու համար։ Իրանը շահում է տարածաշրջանի անկայունութիւնից եւ Հայաստանի՝ այլ երկրներից կախուածութիւնից։ Այդ համատեքստում սփիւռքի ճնշումը, որը կարծրացնում է մաքսիմալիստական դիրքորոշումները, կարող է ակամայ ամրացնել հէնց այն գործոնները, որոնք թուլացնում են Հայաստանը՝ մեկուսացում, կաթուածահար վիճակ եւ արտաքին մանիպուլեացիաների նկատմամբ մշտական խոցելիութիւն։
Սա սփիւռքը լռեցնելու կոչ չէ։ Սա մօտեցումները վերանայելու կոչ է։
Հայաստանի ղեկավարութիւնը պէտք է յստակ ցոյց տա, որ արտաքին քաղաքականութիւնը ձեւաւորւում է Երեւանում, այլ ոչ թէ արտապատուիրւում է անկախ օրակարգ ունեցող կազմակերպութիւններին: Միեւնոյն ժամանակ, Վաշինգտօնում եւ Երուսաղեմում քաղաքական գործիչները պէտք է տարբերակէն լոբբիստական հռետորաբանութիւն ու հայկական պետութեան ռազմավարական կարիքները: Վաշինգտօնը պէտք է ANCA-ն դիտարկի որպէս ներքին լոբբի, այլ ոչ թէ որպէս հայկական պետական քաղաքականութեան վստահելի ներկայացուցիչ: ԱՄՆ-ի եւ Իսրայելի քաղաքական գործիչները պէտք է ուղղակիօրէն շփուէն Երեւանի հետ եւ այլեւս թոյլ չտան, որ մաքսիմալիստական քարոզարշաւները սահմանէն օրակարգը կամ ստեղծէն դիւանագիտական ճգնաժամէր:
21-րդ դարի Կովկասում գոյատեւելու համար Հայաստանին անհրաժեշտ է իրատեսութիւն, ոչ թէ ցուցադրական զայրոյթ: Եթէ սփիւռքի յուզական քաղաքականութեան եւ պետական պրագմատիզմի միջեւ գոյութիւն ունեցող անջրպետը շարունակի մեծանալ, Հայաստանը ռիսկի է դիմում յայտնուելու սեփական հռետորաբանութեան թակարդում՝ անցեալի վրայ կենտրոնանալով՝ զոհաբերել իր ապագան։
Թարգմանութիւնը՝ Լիլիթ Խաչատրեանի
Այս յօդուածը թարգմանուել եւ հրապարակուել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցութեամբ: Յոդուածում արտայայտուած մտքերը պարտադիր չէ, որ արտացոլէն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակէտները:
