Պիտի ազատուենք անտարբերութիւնից

Պիտի ազատուենք անտարբերութիւնից

Եանա Շախրամանեան

Լուսանկարները՝ Դաւիթ Ղահրամանեանի

Մենք ամէն օր ընտրութիւն ենք կատարում՝ ինչ հագնել, ուտել, ինչպէս անցկացնել օրը։ Շատ դէպքերում այդ որոշումները կայացնում ենք առանց դրանց նշանակութեան մասին երկար մտածելու։ Բայց կան ընտրութիւններ, որոնք մեր առօրեայ կեանքից բացի, ազդեցութիւն ունենում են բոլորիս կեանքի վրայ:

2026 թուականին Հայաստանում շատ երիտասարդներ առաջին անգամ կմասնակցէն համապետական ընտրութիւններին։ Սա կը լինի նրանց առաջին փորձը՝ կարծիք եւ դիրքորոշում արտայայտելու ու գիտակցելու՝ ինչ դեր կարող է ունենալ անգամ մէկ ձայնը երկրի կեանքում։

«Ընտրելու եմ առաջին անգամ» շարքում Մեդիամաքսը ներկայացնում է Երեւանում եւ Հայաստանի մարզերում բնակուող այն երիտասարդներին, որոնք առաջին անգամ են քուէարկելու:

Այս անգամ զրուցել ենք 18-ամեայ Աւէտ Ջանջուղազեանի հետ՝ Լոռու մարզի Յաղդան համայնքից։

«Ցանկանում եմ դասաւանդել դպրոցում»

Աւէտ Ջանջուղազեանը Երեւանի Խաչատուր Աբովեանի անուան պետական մանկավարժական համալսարանի պատմութեան ֆակուլտետի ուսանող է։

«Աւարտելով ուսումս՝ ցանկանում եմ դասաւանդել դպրոցում», — ասում է Աւէտը՝ բացատրելով.

«Այսօր մեր պատմութիւնը յաճախ է խեղաթիւրւում: Մասնագիտական ընտրութիւնս պայմանաւորուած է այս իրավիճակի վրայ ինչ-որ կերպ ազդելու ցանկութեամբ։ Ուզում եմ յետագայում աշակերտներին փոխանցել իրական պատմութիւնը, կիսուել փաստէրով, որոնք եղել են»:

Պատմութիւնից բացի, երիտասարդին շատ է հետաքրքրում նաեւ աշխարհագրութիւնը: Արդէն որոշել է՝ մագիստրոսական կրթութիւնը շարունակելու է հէնց այս ուղղութեամբ.
«Աշխարհագրութիւնը միշտ սիրել եմ եւ ցաւով նկատել, որ այս առարկան մէզ մօտ շատ մակերեսային է դասաւանդւում: Աշխարհագրութեան կարեւորութիւնը գիտակցել եմ յատկապէս 44-օրեայ պատերազմի ժամանակ։ Ցաւալի էր տեսնել՝ ինչքան բարդ իրավիճակում էին յայտնւում մեր երիտասարդները՝ տեղանքին ծանօթ չլինելու պատճառով»:

Աւէտը նշում է՝ պէտք է ուսումնասիրել սեփական հայրենիքը.

«Իսկ շատերն այսօր, ցաւօք, նոյնիսկ իրենց համայնքին լաւ ծանօթ չէն»:

Ինչ վերաբերում է մասնագիտութիւնից դուրս հետաքրքրութիւններին՝ Աւէտին գրաւում է զբօսաշրջութեան ոլորտը եւ շախմատը, որի խմբակ յաճախել է ութ տարուց աւելի:

«Հիմա խաղում եմ սիրողական՝ ընկերների հետ։ Ուսումնասիրում նաեւ հոգեբանութիւնը։ Սա օգնում է աւելի լաւ ճանաչել մարդուն», — ասում է երիտասարդը:

«Առաջին անգամ ընտրութիւններին մասնակցել եմ տատիկիս հետ»

Ընտրութիւնների մասին Աւէտի մանկական յիշողութիւնները կապուած են հարազատ դպրոցի հետ.

«Յիշում եմ՝ երբ փոքր էի, առաջին անգամ ընտրատեղամաս եմ գնացել տատիկիս հետ։ Այն տեղակայուած էր իմ դպրոցում, եւ ինձ համար շատ հետաքրքիր էր դասից դուրս, այլ առիթով մտնել դպրոց (ժպտում է – հեղ.): Թւում է՝ նոյն ծանօթ տարածքն էր, բայց տրամադրութիւնը՝ բոլորովին այլ»:

Աւէտը յիշում է, որ նախընտրական շրջանում տրամադրութիւնը փոխւում էր առհասարակ ամբողջ համայնքում.

«Շատանում էին քննարկումները՝ երբեմն դառնալով աւելի բուռն: Ոմանք լարուած էին, միւսները՝ ոգեւորուած ու վստահ պատմում էին իրենց նախընտրած թեկնածուի կամ քաղաքական ուժի մասին»:

«Մարդն արժեւորւում է իր կատարած ընտրութիւններով»

«Առհասարակ կեանքում ընտրութիւն ունենալու հնարաւորութիւնը շատ կարեւոր է իւրաքանչիւրիս համար: Մարդն արժեւորւում է հէնց իր կատարած ընտրութիւնների արդիւնքում», — ասում է Աւէտն ու ընդգծում՝ եթէ ընտրելու հնարաւորութիւն ունես, ուրեմն ունես սեփական կարծիք, դիրքորոշում եւ տեսակէտ:
«Առ այսօր իմ կատարած ընտրութիւններից առաջնայինը մասնագիտութեան ընտրութիւնն էր: Ցաւօք, այսօր շատ քիչ երիտասարդներ են ուշադրութիւն դարձնում մանկավարժի աշխատանքին։ Շատէրը ձգտում են ընտրել այնպիսի ուղղութիւն, որով կը կարողանան շատ գումար վաստակել: Ինձ համար, սակայն, գիտելիքն ու դրանով կիսուելը շատ աւելի կարեւոր է։ Այսօր մեր երկրում, հասարակութիւնում կան շատ խնդիրներ, որոնց հիմքում հէնց ճիշտ գիտելիքի պակասն է», — ասում է Աւէտը:

«Եթէ բոլորս հաւատանք մեր ձայնի ուժին, դրական փոփոխութիւնները հնարաւոր են»

Աւէտն ասում է՝ բուն քաղաքական անցուդարձին շատ չի հետեւում, բայց փորձում է տեղեակ լինել ամենակարեւոր իրադարձութիւններին.

«Սա կօգնի ինձ կողմնորոշուել առաջիկայ ընտրութիւններին: Փորձում եմ հետեւել չէզոք մեդիաներին, քանի որ այսօր ուղղորդուած, մանիպուլատիւ տեղեկատուութիւնը շատ է»:

Նրա խօսքով՝ ընտրութիւններին մասնակցելը շատ կարեւոր է, յատկապէս՝ երիտասարդների պարագայում, որովհետեւ հէնց նրանց ձեռքում է երկրի ապագան։

«Մենք պէտք է արտայայտենք մեր կարծիքը՝ գիտակցելով, որ յետագայում այն ուղղակի ազդեցութիւն է ունենալու բոլորիս կեանքի վրայ: Շատէրն են ասում՝ «ի՞նչ իմաստ ունի, ընտրութիւններով բան չի փոխուի», բայց ես կարծում եմ՝ եթէ բոլորս հաւատանք մեր ձայնի ուժին, դրական փոփոխութիւնները հնարաւոր են», — ասում է Աւէտը:
Երիտասարդը նշում է՝ դէմ է անտարբեր մօտեցմանը.

«Լաւ պատմաբան, նկարիչ կամ այլ մասնագէտ լինելուց բացի, մենք առաջին հերթին Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիներ ենք: Ապրելով, աշխատելով, ստեղծագործելով այս երկրում՝ պատասխանատու ենք ոչ միայն մեր այսօրուայ համար, այլեւ՝ պատասխանատուութեան բաժին ունենք գալիք սերունդների առաջ։ Այնպէս է ստացուել, որ անտարբերութիւնը մեր մտածելակերպի մի մասն է, որից ազատուելու ուղղութեամբ պէտք է աշխատել»:

Կրթութիւն, տնտեսութիւն, առողջապահութիւն

«Կրթութիւնն ուժ է եւ եթէ ունես կրթուած երիտասարդութիւն, պետութիւնդ ապահով ձեռքերում է։ Կարծում եմ, որ կրթական ոլորտում եղած բացերը լուրջ խնդիրներ են առաջացնում հասարակութիւնում։ Կարեւորում եմ նաեւ տնտեսութիւնը, որովհետեւ զարգացած տնտեսութիւնը պետութեան համար ապահւութեան եւս մէկ երաշխիք է», — ասում է Աւէտն ու ընդգծում, որ իր համար կարեւորագոյն երրորդ ոլորտն առողջապահութիւնն է.

«Այստեղ մի շարք խնդիրներից բացի՝ Հայաստանի բնակչութիւնը գնալով ծերանում է, եւ մենք ծնելիութեան բարձրացման կարիք ունենք»:

«Ընտրէ՛լ սեփական մտքով եւ սրտով»

Աւէտն իր ընտրութիւնը կատարելու է՝ հաշուի առնելով տարբեր գործոններ, այդ թւում՝ զրոյցներ ընտանիքի, ընկերների հետ.
«Փորձելու եմ հետեւել նաեւ քարոզարշաւին, ընդ որում՝ պարտադիր ուղիղ եթերով, քանի որ յաճախ նոյն իրադարձութիւնը տարբեր լրատուամիջոցները ներկայացնում են իրենց ցանկալի անկեան տակ»:

Միւս երիտասարդներին Աւէտը խորհուրդ է տալիս չկաշկանդուել ընտրութիւն կատարելիս.

«Մ՛ի մտածեք, թէ սա ձեր գործը չէ: Ընտրութիւն կատարէ՛ք սեփական մտքով եւ սրտով՝ առանց ընկնելու այս կամ այն ազդեցութիւնների տակ»:

mediamax.am

Share