Ներկայացնում ենք Newsweek ամսագրի կայքի «Կարծիքներ» բաժնում հրապարակուած Հայաստանի նախկին փոխարտգործնախարար, ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան Գրիգոր Հովհաննիսեանի The War With Iran Is Reaching Places You Might Not Expect յօդուածի հայերէն թարգմանութիւնը, որը հրապարակուել է mediamax կայքում:

Գրիգոր Հովհաննիսեան
Իրանի հետ առճակատման համատեքստում աշխարհի ուշադրութիւնը հիմնականում կենտրոնացած է առաւել ակնյայտ ուղղութիւնների վրայ՝ Իսրայելի եւ Պարսից ծոցի արաբական այն պետութիւնների, որոնք գտնւում են Թեհրանի հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի հասանելիութեան սահմաններում։
Սակայն պատերազմները հազուադէպ են սահմանափակւում մեդիայի լուսաբանման «կոկիկ» աշխարհագրութեան մէջ։ Դրանց հետեւանքները սովորաբար շատ աւելի լայն տարածում ունեն։ Դա պատկերացնելու ամենահեշտ ձեւերից մէկը համաշխարհային օդային երթեւեկութեան քարտէզին նայելն է։
Եւրոպայի եւ Ասիայի միջեւ իրականացուող թռիչքները ժամանակին անցնում էին Ռուսաստանի օդային տարածքով կամ Մերձաւոր Արեւելքի լայն հատուածներով։ Այսօր այդ երթուղիներից շատերը փակ են, սահմանափակուած կամ համարւում են չափազանց ռիսկային։ Ռուսաստանի օդային տարածքը մեծ մասամբ փակ է մնացել Ուկրաինայ ներխուժումից յետոյ, իսկ Մերձաւոր Արեւելքի որոշ հատուածներում անվտանգութեան նոր մտահոգութիւններ են առաջացել Իրանի շուրջ աճող լարուածութեան պատճառով։
Այս պայմաններում աւիաընկերութիւնները սկսել են թռիչքներ իրականացնել երկնքի համեմատաբար նեղ միջանցքով՝ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի վրայով։ Սրանք այն երկրներն են, որոնք հազուադէպ են յայտնւում ամերիկեան ռազմավարական մտածողութեան ուշադրութեան կենտրոնում։
Այն, ինչ ժամանակին համարւում էր համեմատաբար հանգիստ օդային տարածք, այժմ դարձել է Եւրոպան եւ Ասիան կապող ամենածանրաբեռնուած օդային միջանցքներից մէկը։ Աւիացիոն պլանաւորողները այն յաճախ անուանում են «կովկասեան միջանցք»։ Օդային երթեւեկութեան տուեալները յստակ ցոյց են տալիս այս տեղաշարժը։
Այդ օդային միջանցքի տակ գտնուող երկրների համար գլխաւերեւում յանկարծակի առաջացած գերծանրաբեռնուածութիւնը ոչ թէ պարզապէս առեւտրային հնարաւորութիւն է, այլ յիշեցում աշխարհագրութեան մասին։ Երբ մեծ տէրութիւնները բախւում են, դրանց հարեւան փոքր պետութիւնները սովորաբար առաջինն են զգում հետեւանքները։
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տասնամեակներ տեւած թշնամանքից յետոյ տարածաշրջանը կարծես մօտենում էր մի փուլին, որը, ինչպէս յոյս էին փայփայում շատ դիւանագէտներ, կարող էր փխրուն կարգաւորում ապահովել։ Վաշինգտօնը եւ եւրոպական կառավարութիւնները վերջին երկու տարիներին ակտիւօրէն խրախուսել են տնտեսական ինտեգրման եւ տարածաշրջանային տարանցման վրայ հիմնուած շրջանակի ձեւաւորումը՝ առեւտրային ուղիներ, որոնք կարող են աւելի սերտօրէն կապել Հարաւային Կովկասը Եւրոպայի եւ Ասիայի շուկաների հետ։
Տրամաբանութիւնն այն է, որ եթէ տարածաշրջանը վերածուի առեւտրի եւ ենթակառուցուածքների յուսալի կամրջի, ապա պատերազմի վերսկսման խթանները կնուազէն։ Սակայն Իրանի շուրջ առճակատումը նոր անորոշութիւններ է առաջացնում։
Մերձաւոր Արեւելքի կառավարութիւնները հետեւում են ճգնաժամի զարգացմանը եւ իրենց եզրակացութիւններն են անում արտաքին անվտանգութեան երաշխիքների կայունութեան վերաբերեալ։ Ծոցի երկրները, որտեղ ամերիկեան ռազմական բազաներ կան, հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի յարձակումների են ենթարկւում։ Արդարացուած է, թէ ոչ, բայց տարածաշրջանային քաղաքական շրջանակներում շրջանառւում է այն կարծիքը, որ արտաքին պաշտպանութիւնն ունի իր սահմանները, եւ որ խոհեմ կառավարութիւնները պէտք է հաշուարկէն դա:
Հարաւային Կովկասում, որտեղ մրցակցութիւնը վաղուց ձեւաւորուել է խոշոր տէրութիւնների միջեւ փոփոխուող դաշինքների պայմաններում, արտաքին հեղինակութեան նոյնիսկ փոքր փոփոխութիւնները կարող են ազդել տեղական քաղաքական հաշուարկների վրայ։
Այս ամենում նոր բան չկայ։ Պատմութիւնը բազմիցս ցոյց է տուել, որ խոշոր պատերազմները հազուադէպ են սահմանափակւում մի տարածքով։ Առեւտրային ուղիները փոխւում են, քանի որ ապահովագրական ընկերութիւնները բարձրացնում են ռիսկերի արժէքը, իսկ բեռները վերաուղղորդւում են այլ ճանապարհներով։ Սահմանային անցակէտէրում լարուածութիւնն աճում է, քանի որ կառավարութիւնները պատրաստւում են հնարաւոր փախստականների տեղաշարժերին։ Անտառային եւ դժուարամատչելի տարածքներում կարող են արագ ընդլայնուել մաքսանենգութեան ցանցերը եւ անօրինական զէնքի հոսքերը։
Կարող են լինել նաեւ պատահարներ՝ հրթիռների սխալ արձակում, անօդաչու թռչող սարքերի անկառավարելի թափառում, նաւերի խորտակում, ինքնաթիռների սխալմամբ խոցում, թերի կամ սխալ հաղորդակցութիւն՝ այս ցանկը կարելի է երկար շարունակել։ Անկայուն հակամարտութիւնների պայմաններում աշխարհագրութիւնը յաճախ մօտակայ երկրներին դարձնում է այնպիսի իրադարձութիւնների ակամայ մասնակից, որոնք դուրս են նրանց վերահսկողութիւնից։
Բաւարար է դիտարկել, թէ ինչպէս կարող է այս պատերազմը վերաձեւաւորել իմ երկրի՝ Հայաստանի ռազմավարական հաւասարակշռութիւնը։
Հայաստանի համար Իրանը վաղուց ի վեր եղել է անյարմար, բայց կարեւոր հարեւան։ Չնայած գաղափարական տարաձայնութիւններին՝ Թեհրանը որոշակի հակակշիռ է հանդիսացել Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ աստիճանաբար խորացող ռազմավարական գործընկերութեանը։ Իրանի ներկայութիւնը նպաստել է նրան, որ տարածաշրջանի քաղաքական դաշտում որեւէ դաշինք լիարժէք գերիշխանութիւն չստանայ։
Միեւնոյն ժամանակ, Իրանը Ռուսաստանի ամենամտէրիմ գործընկերներից մէկն է եղել Արեւմուտքի հետ աւելի լայն աշխարհաքաղաքական մրցակցութեան պայմաններում։ Եթէ ներկայիս հակամարտութիւնը էապէս թուլացնի Թեհրանին, հետեւանքները կարող են զգացուել մի քանի ուղղութիւններով։ Թուլացած Իրանը կարող է վերացնել այն հաւասարակշռող գործոնը, որը Հայաստանը կարեւոր է համարել, միաժամանակ սահմանափակելով հարաւային ուղղութեամբ ազդեցութիւն տարածելու Ռուսաստանի հնարաւորութիւնը։
Սակայն տարածաշրջանին, ի վերջոյ, պէտք չէ Իսլամական Հանրապետութեան ռեժիմի յաղթանակը։ Այն աւելի շատ կարիք ունի բաւականաչափ կայուն իրանական պետութեան, որը կարող է վերահսկել իր սահմանները եւ գործել որպէս կանխատեսելի, նորմալ հարեւան։
Հնարաւոր են զարգացման մի քանի տարբերակներ։ Իրանի ղեկավարութիւնը կարող է դիմակայել առճակատմանը, սակայն դրանից դուրս գալ զգալիօրէն թուլացած՝ իր սահմանների երկայնքով երկարատեւ անորոշութեան շրջան ստեղծելով։ Աւելի երկարաժամկէտ քաղաքական անցումը կարող է վերջիվերջոյ յանգեցնել հարեւանների հետ աւելի լայն տնտեսական ինտեգրման, թեեւ նման անցումները հազուադէպ են հարթ անցնում։
Ամենաանկայունացնող սցենարը կարող է յիշեցնել այն մասնատումը, որը տեղի ունեցաւ Իրաքում կամ Սիրիայում պետական իշխանութեան փլուզումից յետոյ։ Նման պայմաններում աշխարհազօրային խմբաւորումները, պրօքսիները եւ յանցաւոր ցանցերը հակուած են ակտիւանալու, իսկ լեռնային սահմաններ վերահսկելը աւելի բարդ է լինելու։
Զաւեշտալի է, սակայն ամենաքիչ դրամատիկ զարգացումը կարող է լինել նաեւ ամենակայունացնողը՝ թուլացած, բայց գործող իրանական պետութիւն, որը կը կարողանայ վերահսկել իր սահմանները եւ մասնակցել տարածաշրջանային առեւտրին՝ այլեւս որեւէ մէկին չսպառնալով։
Աշխարհագրութիւնն երաշխաւորում է, որ Իրանը միշտ կձգտի ազդեցութիւն ունենալ Հարաւային Կովկասում։ Հայաստանը հնարաւորութիւն է տալիս դուրս գալ դէպի Եւրոպայ եւ Ռուսաստան՝ շրջանցելով Թուրքիայից կախուածութիւնը։ Այդ պատճառով Իրանում ցանկացած կառավարութիւն՝ լինի յեղափոխական, թէ աւելի պրագմատիկ, կ’ունենայ խթաններ՝ պահպանելու իր ներկայութիւնը։
Հայաստանի եւ նրա հարեւանների համար անմիջական մարտահրաւէրը անորոշութեան պայմաններում կողմնորոշուելն է՝ առանց կորցնելու տարածաշրջանային համագործակցութեան դեռեւս փխրուն ընթացքը։
Սա նշանակում է պաշտպանել ձեւաւորուող տարանցիկ երթուղիների հիմքում ընկած ինքնիշխանութեան սկզբունքները՝ ապահովելով, որ կապի եւ հաղորդակցութեան զարգացումը տեղի չունենայ իրաւասութեան կամ իրաւական վերահսկողութեան հաշուին։ Դա նաեւ նշանակում է հանգիստ, բայց նպատակային կերպով պատրաստուել հնարաւոր փախստականների տեղաշարժերին եւ ամրապնդել սահմանային անվտանգութիւնը դժուարանցանելի տեղանքներում։
Միաժամանակ դա ենթադրում է արտաքին գործընկերների շարունակական ներգրաւուածութիւն։ Եթէ Վաշինգտօնը ցանկանում է նպաստել Հարաւային Կովկասի կայունացմանը, տարածաշրջանային կապի ձեւաւորուող շրջանակը չի կարող դիտուել որպէս մէկանգամեայ դիւանագիտական նախաձեռնութիւն։ Աշխարհաքաղաքական ցնցումները սովորաբար դառնում են այն փորձութիւնը, որի ժամանակ ստուգւում են նման պարտաւորութիւնները։
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դեռեւս չաւարտուած խաղաղ գործընթացը նոյնպէս պահանջում է զգոյշ եւ հետեւողական աշխատանք։ Բաքւում պահուող հայ կալանաւորների հարցը, Լեռնային Ղարաբաղից տեղահանուածների ճակատագիրը եւ իրաւական երաշխիքների ձեւաւորումը կարող են առաջին հայեացքից տեխնիկական խնդիրներ թուալ, սակայն հէնց դրանք են հանդիսանում ցանկացած համաձայնութեան հիմքը, որը կարող է դիմակայել արտաքին ճնշումներին։
Վերջիվերջոյ Իրանի շուրջ առճակատումն աւարտուելու է։ Եթէ Իրանը դուրս գայ այս ճգնաժամից թուլացած, բայց կայուն վիճակում եւ ժամանակի ընթացքում տարածաշրջանային առեւտրային ցանցերի լիարժէք մաս դառնայ, ապա Հարաւային Կովկասը կարող է վերածուել ռազմավարական կարեւորութեան տարածքի՝ Եւրոպան եւ Ասիան կապող կամուրջի, որը գործում է կանխատեսելի կանոնների եւ փոխադարձ տնտեսական շահերի հիման վրայ։
Եթէ անկայունութիւնը տարածուի դէպի հիւսիս, տարածաշրջանը կարող է յայտնուել երկարատեւ անկայունութեան գոտու եզրին։ Դա հետեւանքներ կ’ունենայ նաեւ Արեւմուտքի համար եւ կարող է խաթարել անցած տարուայ օգոստոսին կնքուած TRIPP համաձայնագիրը։
Տարածաշրջանը, որը ժամանակին կարող էր ծայրամաս թուալ, այժմ դարձել է աշխարհի ամենակարեւոր տարանցիկ ուղիներից մէկը՝ մի հակամարտութեան անմիջական հարեւանութեամբ, որի հետեւանքները կարող են տարածուել շատ աւելի հեռու, քան այսօր հնարաւոր է պատկերացնել։
Թարգմանութիւնը՝ Դիանա Մանուկեանի
Այս յօդուածը թարգմանուել եւ հրապարակուել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցութեամբ: Յոդուածում արտայայտուած մտքերը պարտադիր չէ, որ արտացոլէն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի կամ Օրակարգի տեսակէտները:
