Վազգէն Մանուկեանը կոչ է անում ուժային կառոյցներին ժամանակին կանխել պետական յանցագործութիւնը

Վազգէն Մանուկեանը կոչ է անում ուժային կառոյցներին ժամանակին կանխել պետական յանցագործութիւնը

Նախկին վարչապետ Վազգէն Մանուկեանը հանդէս է եկել կոչ-յայտարարութեամբ։ Այն ներկայացնում ենք ստորեւ․

«Այն, ինչ այժմ կատարւում է մէզ հետ, խորը մշակուած դաւադրութիւն է՝ ուղղուած մեր ժողովրդի դէմ։ Այդ դաւադրութիւնը կազմակերպելիս օգտագործել են մեր ժողովրդի` արդար երկրում եւ խաղաղ պայմաններում ապրելու բնական ցանկութիւնը։

Իրականում «խաղաղութեան» այն պայմանագիրը, որի անհրաժեշտութեան մասին գոռգոռում են բազմաթիւ արտաքին ուժեր, ամենակործանարար հարուածն է լինելու մեր ժողովրդին։

Անկլաւների մասին․ անկլաւների գոյութիւնը Խորհրդային միութեան որեւէ օրէնքով ամրագրուած չէր։ Դրանք ժամանակին տրուել են Ադրբեջանին տեղական իշխանութիւնների համաձայնութեամբ, հետեւաբար որեւէ իրաւական ուժ չունեն, այսինքն մեր տարածքներն են նաեւ դէ յուռէ։

Եթէ անկլաւները տրուեն Ադրբեջանին, դա նշանակում է հակառակորդին տալ լաւագոյն հնարաւորութիւնները եւ ստեղծել գայթակղութիւն պատերազմը շարունակելու արդէն Հայաստանի տարածքի ներսից։ Այդ պայմանագիրը ոչ թէ խաղաղութեան, այլ պատերազմի պայմանագիր է դառնալու։

Ինչ վերաբերում է Արցախին, ոչ միայն անհեթեթութիւն է այն միտքը, որ «Արցախից ազատուենք, խաղաղ կապրենք», այլ հարցն ունի նաեւ բարոյական կողմ․ համաշխարհային պատմութեան մէջ ցոյց տուէք մի դէպք, երբ որեւէ ժողովուրդ իր հարիւր հազարանոց մի հատուածին պատանդ է թողնում (իմանալով, որ նրանց կոտորելու են եւ տեղահանելու)՝ սին յոյսեր ունենալով, որ ինքը լաւ է ապրելու։ Մեր ժողովուրդը լաւ չի՛ ապրելու, իսկ այդ խարանը հազարամեակներով մեր վրայից չի ջնջուելու։ Մենք ինքներս մէզ չենք յարգելու, յաջորդ սերունդները թքելու են մեր երեսին։ Մենք դժբախտացնում եւ նուաստացնում ենք մէզ եւ մեր սերունդներին՝ կատարելով անբարոյ քայլ եւ ազգային դաւաճանութիւն՝ դրա դիմաց ստանալով պատերազմ եւ ոչ խաղաղութիւն։

Միայն այն, որ Հայաստանը, անկախ տարածքային ամբողջականութիւնից, չի հռչակում Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ անկախութեան իրաւունքի ընդունումը եւ քաղաքական բոլոր միջոցներով  այդ իրաւունքի իրացմանը նպաստելը, արդէն իսկ մէզ ստորացնում է աշխարհի բազմաթիւ ժողովուրդների աչքի առաջ։ Ո՞նց կարելի է այսպէս ապրել։

Փաստօրէն ինչ-որ մէկը եկել ու ոչնչացնում է հազարամեակների մեր պատմութիւնը, ժողովրդի մի մասը դա չի հասկանում՝ յոյս ունենալով, որ վերջում ամէն ինչ լաւ է լինելու, ժողովրդի մի հատուածն էլ ճիգեր է  գործադրում փոխելու այս ամէնը, բայց չի կարողանում։

Նման իրավիճակում շատ կարեւոր դեր ունեն զինուորականութիւնը, ուժային կառոյցները, որոնց գլխաւոր նպատակն է պաշտպանել պետութիւնը։

Ես յատուկ դիմում եմ մեր ուժային կառոյցներին՝ դուք չէ՛ք երդուել պաշտպանել Նիկոլ Փաշինեանին, դուք երդուել էք պաշտպանել Հայրենիքը, պետութիւնը, Սահմանադրութիւնն ու պետական օրէնքները։ Այն, ինչ անում է եւ ուզում է անել Նիկոլ Փաշինեանը, հակասում է նախ և առաջ մեր Սահմանադրութեանն ու օրէնքներին, հետեւաբար Նիկոլ Փաշինեանն այլեւս լեգիտիմ չէ։ Իր յայտարարութիւններով, իր գործողութիւններով, իսկ յետագայում նաեւ իր ստորագրութեամբ նա դառնում է պետական յանցագործ, իսկ պետական յանցագործին պաշտպանելով՝ դուք դրժում էք ձեր երդումը, ինչը նոյնպէս պետական յանցագործութիւն է։

Կոչ եմ անում ուժային կառոյցներին՝ ուշադիր հետեւել, թէ ինչ է կատարւում մեր երկրում եւ ժամանակին կանխել պետական յանցագործութիւնը՝ պատրաստ լինելով միանալ ժողովրդի այն մեծ հատուածին, որը դիմադրում է ազգային ու պետական յանցագործութեան իրագործմանը եւ փորձում է կանխել ազգային աղէտն ու խայտառակութիւնը»։

hetq.am

Share