Ռուսաստանը պնդում է, որ առանց իր մասնակցութեան նախագիծը չի կարող յաջողել
ԱՄՆ–ի նախաձեռնութիւնը փոխում է ուժերի դասաւորութիւնը Հարաւային Կովկասում
Հայաստանի եւ Միացեալ Նահանգների միջեւ «Թրամփի ուղի յանուն միջազգային խաղաղութեան եւ բարգաւաճման» (TRIPP) ռազմավարական համագործակցութեան համաձայնագրի ստորագրումը միայն ենթակառուցուածքային կամ տնտեսական նախագիծ չէ։ Այն Հարաւային Կովկասում նոր աշխարհաքաղաքական մրցակցութեան առանցքային ուղղութիւն է, ուր կարող են բախուել Միացեալ Նահանգների, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, անուղղակիօրէն նաեւ Չինաստանի շահերը։
TRIPP-ը նախատեսում է Հայաստանի տարածքով ստեղծել ան- խոչընդոտ բազմամոդալ տարանցիկ համակարգ, որը կապելու է Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջեւանի հետ՝ միաժամանակ Հայաստանը դարձնելով Տրանսկասպեան առեւտրային երթուղու կարեւոր հանգոյց։
Միեւնոյն ժամանակ հայ-ամերիկեան համաձայնագիրը յատուկ ընդգծում է, որ նախագիծը իրականացուելու է բացառապէս Հայաստանի լիակատար ինքնիշխանութեան, տարածքային ամբողջականութեան եւ իրաւազօրութեան պահպանմամբ, ինչը պաշտօնական Երեւանի համար սկզբունքային է։
Սակայն հէնց այս հանգամանքն է դարձել Ռուսաստանի գլխաւոր մտահոգութիւններից մէկը։ Մոսկուան TRIPP-ը չի դիտարկում որպէս հերթական տնտեսական նախաձեռնութիւն։
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի վերջին հար-ցազրոյցը փաստացի ներկայացնում է Կրեմլի ուղերձը, ըստ որի՝ Հարաւային Կովկասում որեւէ խոշոր ենթակառուցուածքային նախագիծ չի կարող իրականացուել՝ անտեսելով Ռուսաստանի շահերը։
Գալուզինի հարցազրոյցում առանձնանում է մէկ առանցքային միտք, որը նա կրկնում է տարբեր ձեւակերպումներով. «Մենք կար-ծում ենք, որ Ռուսաստանի մասնակցութեամբ այս նախագիծը միայն օգուտ կը տար դրան», եւ «անհրաժեշտ կը լինի հաշուի առնել Ռուսաստանի կարծիքը, անհրաժեշտ կը լինի հաշուի առնել նաեւ Եւրասիական տնտեսական միութեան կարծիքը»։
Այս յայտարարութիւնները փաստացի նշանակում են, որ Մոս-կուան TRIPP-ը դիտարկում է ոչ թէ որպէս հայ-ամերիկեան երկկողմ նախագիծ, այլ որպէս տարածաշրջանային նախաձեռնութիւն, որի իրականացումն անհնար է առանց Ռուսաստանի քաղաքական, տնտեսական եւ անվտանգային մասնակցութեան։
Ինչու է Մոսկուան պնդում, որ առանց Ռուսաստանի նախագիծը չի կարող իրականացուել
Գալուզինի հարցազրոյցը ցոյց է տալիս, որ Ռուսաստանը կառուցում է մի քանի փոխկապակցուած հիմնաւորում, որոնց միջոցով փորձում է ապացուցել, թէ TRIPP-ը գործնականում կախուած է ռուսական գործօնից։
Առաջին հիմնաւորումը վերաբերում է երկաթուղային ենթակառուցուածքներին։ ՌԴ փոխարտգործնախարարը յայտարարում է. «Նախ՝ ամենայն հաւանականութեամբ, երկաթուղին պէտք է կառուցուի ռուսական երկաթուղային լայնաչափով, որպէսզի ապահովուի անխափան կապը Ադրբեջանի հետ»։
Այս ձեւակերպմամբ Մոսկուան ակնարկում է, որ ապագայ ենթակառուցուածքը տեխնիկապէս կապուած է նախկին խորհրդային երկաթուղային համակարգին, հետեւաբար՝ Ռուսաստանը շարունակում է պահպանել ազդեցութեան լծակներ նոյնիսկ այն դէպքում, եթէ նախագիծը ֆինանսաւորուի Միացեալ Նահանգների կողմից։
Երկրորդ հիմնաւորումը վերաբերում է Հայաստանի երկաթուղային կառավարմանը։ Գալուզինը յիշեցնում է. «Հայաստանի երկաթուղիները կառավարւում են «Հարաւկովկասեան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից, որը «Ռուսական երկաթուղիներ» ընկերութեան դուս-տըր ձեռնարկութիւնն է»։
Այս յայտարարութիւնը պարզապէս տեխնիկական փաստի մասին չէ։ Այն քաղաքական ուղերձ է, որով Մոսկուան յիշեցնում է, որ Հայաստանի ռազմավարական ենթակառուցուածքների զգալի հատուածը շարունակում է գտնուել ռուսական կառավարման ներքոյ։ Այսպիսով, Ռուսաստանը փաստացի ասում է, որ անգամ ամերիկեան ֆինանսաւորմամբ իրականացուող նախագիծը չի կարող լիովին անտեսել արդէն գոյութիւն ունեցող ռուսական տնտեսական ներկայութիւնը։
Երրորդ փաստարկը վերաբերում է Հայաստանի անդամակցու- թեանը Եւրասիական տնտեսական միութեանը։ Գալուզինը յատուկ շեշտում է.
«Հայաստանի տարածքով տարանցումը պէտք է իրականացուի Եւրասիական տնտեսական միութեան նորմերին եւ կանոններին համապատասխան, որից, ինչպէս յայտարարում է Հայաստանը, ինքը չի ցանկանում դուրս գալ»։
Այս ձեւակերպմամբ Ռուսաստանը փորձում է ցոյց տալ, որ Հայաստանի արտաքին տնտեսական պարտաւորութիւնները չեն սահմանափակւում միայն Արեւմուտքի հետ համագործակցու- թեամբ։ Եթէ Երեւանը շարունակում է մնալ ԵԱՏՄ անդամ, ապա, ըստ Մոսկուայի, նոր տրանսպորտային համակարգը չի կարող հակասել այդ կառոյցի իրաւական դաշտին։
Սակայն ամենակարեւոր շեշտադրումը վերաբերում է անվտան- գային բաղադրիչին։ Գալուզինը յայտարարում է. «Թրամփի երթու-ղին կանցնի այն գօտով, որը պահպանւում է ռուս սահմանապահ- ների կողմից, որոնք արդէն տասնամեակներ շարունակ իրենց հայ գործընկերների հետ միասին իրականացնում են Հայաստանի՝ Թուրքիայի եւ Իրանի հետ պետական սահմանի պահպանութիւնը»։
Այս ձեւակերպումն ունի շատ աւելի լայն քաղաքական նշանակութիւն, քան առաջին հայեացքից կարող է թուալ։ Սա նշանակում է, որ Ռուսաստանը փորձում է կապել TRIPP-ը ոչ միայն տնտեսական, այլեւ անվտանգային համակարգի հետ՝ փաստացի յիշեցնելով, որ Հայաստանի հարաւային սահմանների զգալի հատուածում ռուսական ռազմական ներկայութիւնը շարունակում է գործել 1992 թուականի միջպետական համաձայնագրի հիման վրայ։
Հէնց այդ պատճառով էլ Գալուզինը եզրափակում է. «Այսպիսով… անհրաժեշտ կը լինի հաշուի առնել Ռուսաստանի կարծիքը»։
Սա, ըստ էութեան, ամբողջ հարցազրոյցի առանցքային կէտն է։ Եթէ հայ-ամերիկեան համաձայնագիրը կառուցուած է Հայաստանի ինքնիշխանութեան գաղափարի վրայ, ապա Մոսկուան փորձում է ցոյց տալ, որ իրական քաղաքականութեան մէջ այդ ինքնիշխանութիւնը շարունակում է փոխկապակցուած մնալ Ռուսաստանի անվտանգութեան, տնտեսական եւ իրաւական ներկայութեան հետ։
Սիւնիքը՝
նոր աշխարհաքաղաքական մրցակցութեան կենտրոնում
Միխայիլ Գալուզինի հարցազրոյցի ուշագրաւ հատուածներից մէկը վերաբերում է Իրանին եւ Չինաստանին։ Առաջին հայեացքից կարող է թուալ, թէ Մոսկուան պարզապէս ներկայացնում է այլ երկրների հնարաւոր մտահոգութիւնները, սակայն իրականում այս յայտարարութիւնները շատ աւելի խորքային նշանակութիւն ունեն։ ՌԴ փոխարտգործնախարարը յայտարարում է. «ԱՄՆ-ի եւ Իսրայէլի կողմից Իրանի դէմ ագրեսիայից յետոյ իրանական կողմը դժուար թէ ոգեւորուած լինի, եթէ իր հիւսիսային սահմանների անմիջական հարեւանութեամբ յայտնուի Միացեալ Նահանգների ներկայութիւնը»։ Նա նաեւ յաւելում է. «Փորձագէտների կարծիքով, չինական կողմը նոյնպէս դժուար թէ գոհ լինի այն հանգամանքից, որ ամերիկեան կողմը վերահսկի Կենտրոնական Ասիայից Եւրոպա եւ Չինաստանից դէպի Եւրոպա ձգուող տրանսպորտալոգիստիկ երթուղու որեւէ հատուած»։
Այս երկու յայտարարութիւնները պատահական չեն։ Ռուսաստանը փաստացի փորձում է ձեւաւորել այն պատկերացումը, որ TRIPP-ը միայն ռուս-ամերիկեան մրցակցութեան թեմա չէ, այլ նախագիծ, որի նկատմամբ կասկածներ ունեն նաեւ Իրանը եւ Չինաստանը։ Այլ կերպ ասած՝ Մոսկուան փորձում է սեփական դիրքորոշումը ներկայացնել որպէս աւելի լայն տարածաշրջանային եւ նոյնիսկ եւրասիական շահերի արտայայտութիւն։
Սիւնիքը, որն արդէն մի քանի տարի գտնւում է միջազգային ու-շադրութեան կենտրոնում, այս համատեքստում վերածւում է ազդեցութիւնների ու շահերի բախման կիզակէտի։ Մի կողմից՝ ԱՄՆ-ն եւ Արեւմուտքը փորձում են Հայաստանի միջոցով ձեւաւորել նոր հաղորդակցային հանգոյց, որը կը կապի Կասպից ծովի տարածաշրջանը, Կենտրոնական Ասիան եւ Եւրոպան՝ շրջանցելով Ռուսաստանը եւ մասամբ նաեւ Իրանը։ Միւս կողմից՝ Ռուսաստանը եւ Իրանը մտահոգ են, որ այդ գործընթացը կարող է յանգեցնել տարածաշրջանում արեւմտեան ազդեցութեան ամրապնդման։
Հէնց այստեղ է ձեւաւորւում այն, ինչ շատ փորձագէտներ ան- ւանում են «Սիւնիքի համար պայքար», մրցակցութիւն՝ վերահսկողութեան, ազդեցութեան, տնտեսական ուղղութիւնների եւ անվըտանգութեան ճարտարապետութեան շուրջ։
TRIPP-ի յաջող իրականացումը կը նշանակի, որ Հայաստանի հարաւը կը դառնայ տարածաշրջանային հաղորդակցութիւնների առանցքային հանգոյց՝ ԱՄՆ-ի անմիջական քաղաքական աջակ-ցութեամբ։ Իսկ դա ինքնին փոխում է ուժերի յարաբերակցութիւնը Հարաւային Կովկասում։
Սակայն Հայաստանի համար այստեղ առկայ են թէ՛ հնարաւորութիւններ, թէ՛ վտանգներ։
Հնարաւորութիւնը տնտեսական է. ՀՀ-ն կարող է ստանալ լրացու- ցիչ ներդրումներ, ենթակառուցուածքային զարգացում եւ տարան- ցիկ կենտրոնի կարգավիճակ, եթէ, իհարկէ, ծրագիրը կեանքի կոչուի։ Սակայն վտանգները նոյնպէս ակնյայտ են։ Եթէ Սիւնիքը վերածուի Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իրանի եւ այլ ուժերի մրցակցութեան հիմնական հարթակի, ապա Հայաստանի վրայ կարող է աճել արտաքին ճնշումը տարբեր ուղղութիւններով՝ քաղաքական, տնտեսական եւ անվտանգային։
Գալուզինի հարցազրոյցում հէնց այդ ուղերձն է քողարկուած. Մոսկուան փորձում է ցոյց տալ, որ TRIPP-ը չի կարող դիտարկուել որպէս միայն տնտեսական նախագիծ, քանի որ այն անմիջական ազդեցութիւն ունի տարածաշրջանային ուժերի հաւասարակշռու- թեան վրայ։
Ի դէպ, նախօրէին պատասխանելով «Ազատութեան» հարցին, թէ Մոսկուայից TRIPP-ի արդիւնաւէտութիւնն առանց ռուսական կող-մի կասկածի տակ է դրւում, պաշտօնական Երեւանի համար որեւէ ձեւաչափով TRIPP-ում Մոսկուայի ներգրաւուածութիւնն ընդունելի՞ է կամ կարո՞ղ է քննարկուել հետագայում, ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարեանը նախ նշել է. «Չէի ուզի այս պահին ապագայի մասին ինչ-որ բան ասել»։ Ապա յաւելել է, որ այս պահին Հայաստանը ԵԱՏՄ անդամ է եւ տարանցման կանոնները ԵԱՏՄ-ի կարգաւորումներով են։
«Ազատութեան» հարցին, թէ այդ թուում՝ TRIPP-ը լինելու է ԵԱՏՄ կարգաւորումներո՞վ, նա դրական է արձագանգել։ Արդեօք այստեղ՝ համատեղ աշխատանքի շրջանակում համագործակցութիւն լինելու է ամերիկեան ու ռուսական կողմի հետ։ «ԵԱՏՄ մաքսային կարգաւորումները մեր մաքսային մարմիններն են իրականացնում, այնպէս որ, մենք այդտեղ հարց չենք տեսնում», ասել է Սաֆարեանը։
Ռուսաստանի նպատակը՝
վերադառնալ եռակողմ ձեւաչափին
Գալուզինի յայտարարութիւններում կայ եւս մէկ կարեւոր շերտ։ Ռուս դիւանագէտը յատուկ յիշեցնում է, որ ներկայիս TRIPP-ը, ըստ Մոսկուայի, «դատարկ տեղում չի առաջացել»։ Նա նշում է. «2022–2023 թթ. Հարաւային Կովկասում տրանսպորտային եւ տնտեսական կապերի վերականգնման հետ կապուած բոլոր հարցերը քննարկուել էին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ գործող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում»։ Աւելին, նա պնդում է. «Հէնց այդ ժամանակ էլ համաձայնեցուեցին երկաթուղային հաղորդակցութեան վերականգնման պայմանները, այդ թուում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի երկաթուղային ցանցերի փոխկապակցման եւ փակ օղակ կազմելու մեխանիզմները»։
Այս յայտարարութիւնը շատ կարեւոր է հասկանալու համար Ռուսաստանի ռազմավարական նպատակը։ Մոսկուան փորձում է ապացուցել, որ հաղորդակցութիւնների ապաշրջափակման հիմնական քաղաքական ճարտարապետը եղել է հէնց Ռուսաստանը, եւ ներկայիս ամերիկեան նախաձեռնութիւնը, ըստ էութեան, կառուցւում է այն հիմքի վրայ, որը ձեւաւորուել էր ռուս-հայ-ադրբեջանական բանակցութիւնների շրջանակում։
Գալուզինը նոյնիսկ դժգոհութեամբ նշում է. «Ոչ մեր մեղքով եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում այդ քննարկումներն ու երկխօսութիւնը դադարեցուեցին»։
Սա արդէն քաղաքական գնահատական է։ Ռուսաստանը փաստացի ակնարկում է, որ տարածաշրջանային գործընթացները դուրս են բերուել իր վերահսկողութիւնից եւ տեղափոխուել Վաշինգտոնի ազդեցութեան դաշտ։ Հէնց այդ պատճառով էլ Մոսկուան այսօր փորձում է ոչ թէ պարզապէս մասնակցել TRIPP-ին, այլ վերականգնել իր ազդեցութիւնը Հարաւային Կովկասի հաղորդակցային նախագծերում։
Յատկանշական է նաեւ Գալուզինի հետեւեալ յայտարարութիւնը. «Հայաստանը ապագայ երկաթուղու կանոնադրական կապիտալի 49 տոկոսը խոստացել է ամերիկեան կողմին։ Սակայն, այսպէս թէ այնպէս, վերջին իրադարձութիւնները ցոյց են տալիս, որ «Թրամփի ուղի» նախագծի իրականացումն, իհարկէ, միանշանակ հեռանկարներ չունի»։ Այս թէզի շրջանառումը ցոյց է տալիս, որ ռուսական կողմը փորձում է TRIPP-ը ներկայացնել որպէս ամերիկեան ռազմավարական ներկայութեան երկարաժամկէտ գործիք, որի ապագան, սակայն, մշուշոտ են գնահատում։
Գալուզինի հարցազրոյցի այս հատուածի ընդհանուր պատկերն առաւել քան յստակ է։ Մոսկուան պայքարում է Հարաւային Կով- կասում իր ազդեցութեան պահպանման համար եւ TRIPP-ը դիտարկում է որպէս այդ ազդեցութեան համար ամենալուրջ մարտա- հրաւէրներից մէկը։
Ինչու է Մոսկուան յիշեցնում Գիւմրիի ռազմաբազայի մասին
Պատահական չէ, որ TRIPP-ի մասին խօսելիս Գալուզինը միաժամանակ անդրադառնում է նաեւ Գիւմրիի 102-րդ ռազմաբազային։ Նա յայտարարում է.
«Մենք համոզուած ենք, որ Գիւմրիի ռուսական ռազմաբազան թէ Հայաստանի, եւ թէ ամբողջ Հարաւային Կովկասի անվտանգութեան ապահովման հիմնասիւներից մէկն է»։ Նաեւ յաւելում է. «Հայ- կական կողմը պաշտօնապէս յայտարարել է, որ Երեւանը չի քննար-կում Գիւմրիում տեղակայուած ռուսական ռազմաբազայի գոր-ծունէութիւնը դադարեցնելու հարցը»։
Այս յայտարարութիւնները ձեւաւորում են Ռուսաստանի հիմնական ուղերձը. Մոսկուան ցանկանում է ցոյց տալ, որ իր ռազմական ներկայութիւնը Հայաստանում շարունակում է մնալ լեգիտիմ, եւ, նրանց գնահատմամբ, նաեւ՝ տարածաշրջանային անվտանգութեան կարեւոր բաղադրիչ։
Այլ կերպ ասած, TRIPP-ի շուրջ Մոսկուայի դիրքորոշումը չի սահմանափակւում տնտեսական հարցերով։ Այն անմիջականօրէն կապւում է Ռուսաստանի ռազմական ներկայութեան, սահմանապահ համակարգի եւ Հարաւային Կովկասում իր երկարաժամկէտ ազդեցութեան պահպանման հետ։
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ
«Առաւօտ», 2 Յուլիս 2026
