Թակարդ 2. հանրայայտ «թալանը»

Թակարդ 2. հանրայայտ «թալանը»

Վահէ Հովհաննիսեան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հանրային առողջացման եւ ազգային վերականգնման համար անհրաժեշտ է արագ ազատուել թակարդներից. այս վիճակով չենք դիմանայ։ «Թալանը» ամենակեղտոտ, ամենավտանգաւոր թակարդն է, որը դրել է Նիկոլի իշխանութիւնը, որը խելագարացնում է հասարակութեանը, մաշում է այն եւ թոյլ չի տալիս որեւէ առողջ պրոցես։

Ապագայի թալանի արդարացում՝ նախկինների թալանով

Այս իշխանութիւնը թալանել է մեր պետութեան ապագան, բայց բոլոր կորուստներն արդարացնում է «նախկին թալանով», ու սա դեռ աշխատում է։ Հասել ենք այն կէտին, որ բազմաթիւ գրագէտ, պարկեշտ մարդկանց այսօր մեղադրում են «թալանը» պաշտպանելու մէջ, եւ նրանք էլ յաճախ կաշկանդւում են դրանով։
Հանրային գործիչների ճնշող մեծամասնութիւնը (նրանց, ովքեր հակաիշխանական պայքարի առանցքն են) ոչ մի կապ չունի «թալանի» հետ, բայց նրանց փորձում են որպէս թալանի պաշտպաններ դիրքաւորել։
Նրանք, ովքեր իրօք «թալանել են», կայ´մ լռում են, կայ´մ համագործակցում, կամ վայելում են։ Իսկ երկիրը բառիս բուն իմաստով չոքում է հին ու ներկայ թալանի, այլանդակ իշխանութեան եւ արտաքին ռիսկերի բեռի տակ։
4-5 տարի է՝ ժողովրդական լեզուով ասած «թազայ հարսի» նման գլուխներս կախում ենք՝ չգտնելով ճիշտ պատասխանները, կամ ձեւացնելով, թէ ոչ մի թալան չի եղել, կեղծ թեմայ է, ժողովուրդը մոլորութեան մէջ է։
Կամ պատասխանում ենք, թէ՝ հիմա´ էլ են թալանում (ինչն իհարկէ ճիշտ է եւ, կարծես, թէ ահռելի ծաւալների), եւ կամ անհեթեթ ձեւով արձագանքում՝ «այդքան չէ, աւելի քիչ է եղել թալանը»։ Պրոբլեմին ուղիղ չնայելը եւ դեֆեկտիւ պատասխաններ գտնելը միայն ուժեղացնում է իշխանութեանը։

Բաց խօսենք հասարակութեան հետ

Մենք իսկապէս չենք կարող ձեւացնել, թէ ոչինչ չի եղել, թէ մեր աչքի առաջ տասնեակներով պետական բարձրաստիճան եւ ոչ այնքան բարձրաստիճան այրերը չէն դարձել խոշոր կապիտալի տէր՝ անհասկանալի ու անընդունելի ճանապարհներով։ Նախարարներ, ՊԵԿ վերնախաւեր, գեներալներ, քաղաքապետէր, մարզպետներ, բարձրաստիճան ուժայիններ, ազդեցիկ այլ ընտրեալ-պաշտօնեաներ, առանձին ընտանիքներ, նրանց բարեկամներ եւ այլք։ Բոլորը սա գիտէն, բայց (նաեւ այսօրուայ իրողութիւնների բեռի տակ) բաց չենք խօսում, այդ պատճառով էլ չի ստացւում անկեղծ երկխօսութիւնը, ու չի սկսւում հանրային առողջացում՝ այս վիճակից դուրս գալու, պետութիւնն իրօք փրկելու շուրջ։ Մենք պէտք է բաց խօսենք, որպէսզի պետութեան ապագան, մեր բոլորի ընտանիքների ապագան չդառնայ այլոց կապիտալի զոհ։

«Թալան» բառը վատն է, ակնյայտօրէն ճիշտ չի բնորոշում կատարուածը։ Կարելի է գտնել այլ ձեւակերպում՝ վիճելի կապիտալ, կապիտալի նախնական կուտակում, հանրային ռեսուրսի հաշուին ստեղծուած կապիտալ, ապօրինի կապիտալ եւ այլն։ Պետք է ուղղակի բաց խօսել թեմայի մասին, չկոմպլեքսաւորուել, եւ պէտք է գտնել տարբերակները, որպէսզի այդ ռեսուրսն օգտագործուի Հայաստանի վերականգնման համար, ծառայի ոչ թէ Նիկոլի փիառին, այլ՝ Հայաստանի վերականգնմանը։ Գծել կարմիր գիծը ու անցնել առաջ։
Հակառակ դէպքում մենք թակարդից դուրս չենք գալու, Նիկոլը դա չի թողնելու։
Մենք հոյ գիտենք, որ տասնեակներով պետական պաշտօնեաներ ունեն լուրջ կապիտալ՝ Հայաստանում եւ աշխարհի տարբեր վայրերում. ձեւ անենք, թէ չգիտե՞նք, թե՞ ձեւ անենք՝ իբր չկայ։ Թե՞ բաց խօսենք ու գտնենք լուծումները: Ու սկսենք մեր երկրի ապագայով զբաղուել՝ երկրի, որին տանում են ոչնչացման։

Կայ պրոբլեմ, կայ լուծում, եւ դա պէտք է անենք մենք

Այս իշխանութիւնը փորձում է համոզել, որ մինչեւ 2018 թուականը եղել է միայն մի մեծ թալան, եւ ուրիշ ոչինչ չի եղել։ Սա մեծ սուտ է։
Ասում է՝ ժողովուրդ, այն ինչը դուք ապրել եք, տեսել եք, չի եղել։ Աղանդի քարոզչի նման կրկնում է. «ձեզ ասում եմ՝ եղել է միայն թալան», ու լսարանի մի մեծ հատուած հլու կրկնում է այդ մանտրան։
Մենք այս թակարդում չենք կարողանում ասել, որ «թալան» կոչուածը ներառում է առաւելագոյնը մի քանի տասնեակ անուն։
Չենք կարողանում ասել նաեւ, որ 1991-ից իրականում եղել է լուրջ զարգացում, պետականաշինութեան լուրջ փուլ, հետպատերազմեան վերականգնում, բարեփոխումներ, խոշոր ծրագրեր, խոշոր ենթակառուցուածքների ստեղծում, մշակութային, գիտական կեանք եւ ձեռքբերումներ, մարզական փայլուն յաղթանակներ, տնտեսութեան աճ։ Հազար ու մի բան է եղել՝ պետական կեանք։ Կարո՞ղ էր աւելի լաւ լինել։ Կարող էր։ Եղե՞լ է պետութիւն՝ իր ամբողջ ատրիբուտիկայով ու դինամիկ զարգացմամբ. եղել է։

Լուծումները.

1. Առաջին հերթին պէտք է սցենարը, դերաբաշխումը փոխել։ Քանդել է պէտք «Նիկոլը մեղադրում է, մենք պաշտպանւում ենք» հերթագայումը։ Սա վերջ չունեցող ներկայացում է։ Այս պրոբլեմի մասին բաց պէտք է խօսենք մենք՝ բոլորը, ովքեր Նիկոլից յետոյ ուզում են կառուցել նորմալ ժամանակակից պետութիւն։
2. Թիմերի ներսում պէտք է սկսուի առողջացման պրոցես։ Պետք է փորձել դառնալ աւելի ազատ, չկաշկանդուել այլոց «պատմութեամբ»։ Նրանք, ովքեր կաշկանդուած են այս թեմայով եւ պատրաստ չէն գնալ իրօք քաղաքական ազատ, բաց խօսակցութեան, պէտք է իրենք դուրս գան հանրային կեանքից եւ չկաշկանդէն պայքարողներին։ Հակառակ դէպքում պայքարը լինելու է միշտ այսպէս՝ ականապատ, կիսայղի, գործարքային նրբերանգներով։
3. Շատ կարեւոր է, որ այսօր ընդդիմադիր, քաղաքական-հանրային յայտ ներկայացրածները հէնց իրենք խիզախորէն խօսէն անկախութեան տասնամեակների որոշ բարքերի եւ խաղի որոշ կանոնների մասին՝ առանց քաշուելու, առանց այլեւայլութիւնների։ Բա եթէ ասում ենք, որ Նիկոլից ազատուելուց յետոյ պէտք է կառուցենք ժամանակակից պետութիւն՝ նոր խաղի կանոններով, չֆիքսե՞նք ու չմերժե՞նք անընդունելին, չասե՞նք, թէ յատկապէս ի´նչը չի լինելու ապագայում։
4. Հնարաւոր չէ համոզել հայ ժողովրդին, որ 30 տարի ամէն ինչ եղել է արդար, որ ոչ ոք անարդար ձեւով չի հարստացել, ոչ ոք պետական կամ հանրային ռեսուրսի հաշուին չի հարստացել, կոպեկներով չէն սեփականաշնորհուել բազմաթիւ մանկապարտէզներ, շէնքեր, հողեր եւ այլն։ Պետք է հարցը տեղափոխել այլ հարթութիւն. ի՞նչ անել, որ այդ ռեսուրսը ծառայի Հայաստանին, պետութեան վերականգնմանը, հասարակութեան վերակառուցմանը։ Զզուելի է կրկնուող սցենարը՝ հերթական մարդկանց բանտ տանել, հետները ստուերային պայմանաւորուել, յետոյ պայմանաւորուածութիւնը խախտել, մեդիայով սարքել գող-թալանչի՝ հանուն ռեյտինգի։ Ճիշտը խաղի յստակ կանոններով այդ կապիտալը, այդ ռեսուրսը պետութեան զարգացմանը ծառայեցնելն է։
5. Մարդկանց պէտք չէ կոչել թալանչի, դաւաճան, եւ այլն։ Մարդկանց ստորացնելու իմաստը ո՞րն է, երբ կայ ռացիոնալ լուծում՝ բոլորին ձեռնտու։ Պետք է կազմել ցանկ, ստեղծել յատուկ հիմնադրամ՝ «Հայաստանի զարգացման –վերականգնման»։ Իրական հաշուարկների վրայ «խստիւ առաջարկել» խոշոր նուիրատուութիւններ անել, ֆիքսել պայմանները, յետոյ «խստիւ առաջարկել» տարբեր մարզերում, ոլորտներում նախապէս մշակուած ծրագրերի շրջանակներում ներդրումներ անել, զարգացնել ոլորտ ու ռեգիոն։ Թող արդէն որպէս ներդրող շարունակէն փող աշխատել, ոչ որպէս պետական պաշտօնեայ։ Պայմանական ասած, եթէ մարդը երկրից տարել է 100 մլն դոլար կամ արտօնեալ պայմաններով ձեռք է բերել տասնեակներով-հարիւրներով պետական գոյք, պէտք է առաջարկել մի մասը մուծել յատուկ հաշուին, եւ պետութեան առաջարկած ծրագրերից մէկում, սեփական ընտրութեամբ, անել ներդրումներ, որ պետութիւնը շնչի, քաղաքացին շահի։
6. Սկզբունքը հետեւեալն է. վիճարկելի կապիտալը պէտք է ծառայի Հայաստանին, ոչ թէ՝ իշխանութեան PR-ին։ Հետնիկոլական իշխանութիւնը սա անպայման պէտք է անի։ 20-րդ դարի պատմութեան մէջ շատ երկրներ են ընտրել այս անցումային սցենարը. տարե՞լ ես, ստեղծել ես ահռելի կապիտա՞լ, ուրեմն պէտք է կիսուես՝ երկրի ու ժողովրդի հետ։ Որից յետոյ սկսւում են խաղի նոր կանոններ։
7. Եւ վերջապէս՝ թալան եւ այլ ձեւակերպումները չէն կարող վերաբերել բիզնես համայնքին։ Գործարարներն այս համատեքստում չէն կարող լինել։ Գործարարներից չի կարելի սարքել թալանչի ու կեղեքիչ։ Գործարարների հետ երկխօսութեան եւ նոր «պայմանագրի» լեզուն լրիւ այլ է։ Այնտեղ էլ կայ գործիքակազմ, որը պէտք է կիրառուի, ու կրկին՝ փոխշայաւէտութեան սկզբունքով։ Գործարարները մեր պետութեան յենասիւներից են, նրանք մեծ մասամբ բաւականին լուրջ, կարեւոր ու օգտակար մարդիկ են։ Գործարարին պէտք է խրախուսել, որ աշխատի, ներդրումներ անի։ Արժի նաեւ տարբերակել այն գործարարներին, որոնք Հայաստանում ահռելի փողեր են աշխատել, բայց մի կոպեկ չէն ներդնում մեր երկրում։ Սա վերաբերմունք ու լուծում պահանջող խնդիր է։ Թացը չորի հետ չի կարելի խառնել։

Երրորդ «թակարդի» մասին՝ յաջորդիւ։

Share