Լաւատեսութեան աղբիւր կայ, եւ այն արդէն աշխուժանում է

Լաւատեսութեան աղբիւր կայ, եւ այն արդէն աշխուժանում է

Վահէ Հովհաննիսեան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Ընթացիկ այլանդակութիւնների ֆոնին ձեւաւորւում է հայաստանեան նոր հասարակութիւնը, որը վերջապէս սկսում է գիտակցել, թէ ինչ է իր հետ կատարւում։ Ընտրութիւնների շեմին այս հասարակութիւնից պէտք է ձեւաւորուեն մօտիւացուած ընտրազանգուածներ, որոնք կգիտակցէն իրենց դերը փոփոխութեան ճանապարհին։ Սա է յաղթելու եղանակը։

Պարտութիւնից՝ վերածնունդ

Հայաստանի եւ հայկականութեան վերածննդի՝ այս պահին իրական յոյսը, թերեւս, քաղաքացիներով լեցուն եկեղեցիներն են։ Պատարագների օրերին, սովորական օրերին, ցանկացած ժամի, այնտեղ կարելի է տեսնել մեծ թուով մարդկանց, յատկապէս՝ երիտասարդների, ինչն ամենաուրախալին է։

Սա նշանակում է, որ կայ գենետիկ յիշողութեան, ոչ նիւթական արժէքների, հոգեւորի պահանջ։ Սա վերածննդի պոտենցիալ է, որը կարող է իրացուել, բայց կարող է նաեւ մնալ որպէս տեսութիւն։
Աշխարհիկ համակարգերի բացառիկ քայքայման եւ անելիքի չիմացութեան պայմաններում սա իսկապէս յոյսի ռեսուրս է, բայց այն պէտք է վերափոխել իրական հողի վրայ իրական զարգացման տեսլականի։ Սա նշանակում է, որ պարտութեան հասարակութիւնն ունի չպարտուած անհատ, իսկ եթէ դա այդպէս է, ուրեմն պարտութիւնը ժամանակաւոր է։
Եկեղեցին մի կողմից դիմակայում է իր դէմ սանձազերծուած այլանդակ արշաւին, որի ընթացքում հանրութեանը ներկայանում է իր փայլուն հոգեւոր դասով, զուգահեռաբար՝ հանդէս է գալիս որպէս ազգայինի, մարդավայելի, վերածննդի պոտենցիալի գանձատուփ։ Եկեղեցին վերածննդի ճանապարհին ստիպուած դառնում է քաղաքացիական հասարակութեան միակ ինստիտուտը՝ փորձելով փոխարինել հասարակութեան ջարդուած ողնաշարը։

Նոր քաղաքական միաւորները՝ նոր առաքելութեամբ

Եկեղեցին իսկապէս որպէս գանձատուփ պահում է առողջ անհատին, որպէս նոր առողջ հասարակութեան սերմ, ծիլ։
Զուգահեռ պրոցեսով՝ արագօրէն պիտի ձեւաւորուեն աշխարհիկ էֆեկտիւ համակարգերը, կամ՝ վերածննդի նոր էլիտաները, ու եկեղեցու փայփայած պոտենցիալը դարձնէն զարգացման ծրագիր, հետպարտութեան վերականգնման ռազմավարութիւն, վերածննդի կոնկրէտ-կիրառական տեսլական, որպէսզի յոյսը, շանսը, պոտենցիալն իրացուի։
Այս իմաստով՝ նոր ձեւաւորուող քաղաքական-հանրային միաւորները, դաշինքները շատ կարեւոր են, ունեն լուրջ առաքելութիւն՝ նոր խիզախ, ոչ ստանդարտ գաղափարներ, նոր առողջ բանաձեւեր ու առաջարկներ հասարակութեանը տալու։ Շատ ճիշտ պրոցես է, երբ հետաքրքիր անհատները մէկտեղում են ուժերը նոր միաւորների մէջ։ Դրանց մի մասը կը յաջողի, միւսը՝ ոչ, էականը դա չէ, այլ այն, որ նոր միաւորները նոր մարդկանցով ու նոր ասելիքով խօսէն սեփական հասարակութեան հետ։ Իներցիոն սպասումը վատ գործընկեր է։
Նոր մարդկային ակտիւ ռեսուրս կարող են բերել նոր միաւորները՝ նոր գաղափարներով, նոր ասելիքով ու նոր աշխատելաոճով։

Ընտրութիւն՝ ոչ մանդատի մասին

Իմ կոչն է հարիւրաւոր պարկեշտ ու պայքարող անհատներին՝ մի´ խուսափեք ինտեգրուել որեւէ քաղաքական միաւորի, ձեզ հետ բերեք նոր մարդկանց՝ իրենց «ես»-ով։ Հիմա այն պահը չէ, երբ կարելի է ասել՝ ես քաղաքական գործիչ չէն, կամ ընտրութիւններին չեմ ուզում մասնակցել։ Սա ընտրութիւն է ոչ թէ հանուն մանդատի, այլ՝ հանուն Հայաստանում ապրելու հնարաւորութեան, հետեւաբար՝ պայքարող մարդը չի կարող մի կողմ քաշուած մնալ։ Եթէ այս առողջ խաւը չինտեգրուի ընտրական պրոցեսներին, նրանց տեղը զբաղեցնելու են ստաժաւոր կարիերիստները, շքախմբերը։ Հայաստանն այս ռեսուրսով շանս չունի։

Այսօր մեր աչքի առաջ որոշում են կայացնում, որ մենք մեր երկրում չպէտք է ապրենք։ Սրա մասին է այսօրուայ իրականութիւնը, ամբողջ պրոցեսը, կալանաւորումների, եկեղեցազաւթման պրոցեսի էութիւնը, իշխանական քարոզչութեան ասելիքը։ Իսկ մեր պայքարի էութիւնը (այդ թւում՝ ընտրութիւնների) մեր երկրում ապրելու իրաւունքն ու հնարաւորութիւնը պահելն է։

Share