Արցախի Հանրապետութեան ԱԺ նախագահ Աշոտ Դանիելեանի յայտարարութիւնը Հայաստանի Հանրապետութեան 2026 թուականի յունիսի 7-ի խորհրդարանական ընտրութիւնների վերաբերեալ.
«Յունիսի 7-ին Հայաստանի Հանրապետութեան խորհրդարանական ընտրութիւնները տեղի են ունենալու Արցախի բռնազաւթումից եւ Արցախի ժողովրդի բռնի տեղահանումից յետոյ՝ հայ ժողովրդի համար ճակատագրական ժամանակաշրջանում։ Այս ընտրութիւնների արդիւնքները վճռորոշ նշանակութիւն կ’ունենան Հայաստանի պետականութեան, ազգային անվտանգութեան եւ Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան համար։
Մտահոգիչ է, որ նախընտրական շրջանում առողջ մրցակցութիւնը եւ քաղաքական տեսակէտների ու ծրագրերի ազատ ներկայացումը վերածուել են հասարակութեան պառակտման, ատելութեան քարոզի եւ վարչական ռեսուրսների կիրառման գործընթացի՝ ուղեկցուելով քաղաքական հետապնդումներով, ընտրովի արդարադատութեամբ եւ ընդդիմախօսների նկատմամբ ճնշումներով։ Այս ամէնից զերծ չէն մնացել նաեւ արցախցիները, որոնց նկատմամբ ատելութեան սերմանումն ու պառակտման նկրտումները շարունակուել եւ աւելի են սաստկացել։
Անընդունելի է ազգային ինքնութեան, պատմական յիշողութեան եւ հոգեւոր արժէքների դէմ իրականացուող քաղաքականութեան քարոզչութիւնը, ինչպէս նաեւ Արցախի հիմնախնդրի նսեմացումն ու ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից դուրս մղելու փորձերը։ Արցախի ժողովուրդը սեփական փորձով կրել է այս քաղաքականութեան ծանր հետեւանքները։
Համոզուած եմ, որ ինչպէս այս ընտրութիւններին մասնակցող արցախցիները, այնպէս էլ մեր հայրենակիցների ճնշող մեծամասնութիւնը տարբերում են ճշմարտութիւնը ստից, կեղծիքից ու աճպարարութիւնից, մեռելային լռութիւնը՝ իրական խաղաղութիւնից, օտարների ու թշնամիների նկատմամբ ծառայամտութիւնը՝ համագործակցութիւնից, տգէտ արկածախնդրութիւնը՝ քաղաքականութիւնից, եւ յունիսի 7-ին կընտրեն այն քաղաքական ուժերին, որոնք կարող են կանգնեցնել աղէտը եւ Հայաստանի Հանրապետութեան համար ապահովել իրապէս խաղաղ ու արժանապատիւ ապագայ:
Այսուհետ եւս բոլոր հնարաւոր օրինական միջոցներով հետամուտ ենք լինելու Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեանն ու մեր բնօրրան վերադառնալու, մեր պետականութեան վերականգնման իղձերի իրականացմանը:
Պատրաստակամ ենք Հայաստանի Հանրապետութեան նոր իշխանութիւնների հետ լիակատար համագործակցութեան՝ հանուն արցախցիների իրաւունքների պաշտպանութեան, մեր ողջ ժողովրդի բարգաւաճման ու Հայաստանի Հանրապետութեան զօրացման»
