Հոկտեմբերի 25-ին Հայաստանի 21 համայնքում անցկացուելու են ՏԻՄ ընտրութիւններ։ Լոռու մարզի Ֆիոլետովօ եւ Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում, որտեղ ազգային փոքրամասնութիւններ են ապրում, տեղի են ունենալու մեծամասնական ընտրակարգով ընտրութիւններ, իսկ մնացած 19-ում՝ համամասնական։
Թէեւ ընտրութիւններին թեկնածուների առաջադրման վերջնաժամկէտը սեպտեմբերի 20-ն է, սակայն թեկնածուները չեն շտապում ԿԸՀ դիմումներ ներկայացնել։ Հաւանաբար պատճառն այն է, որ, ինչպէս ընդդիմադիրներն են ահազանգում, առաջադրման փուլում ճնշումներ են գործադրւում թեկնածուների վրայ, որ ընդդիմութեան ցուցակներ չմտնեն։
Մեր աղբիւրի փոխանցմամբ՝ ընդդիմութիւնը որոշել է վերջին պահին ներկայացնել ընտրացուցակները եւ մինչ առաջադրումը թեկնածուների անունները չյայտարարել, որպէսզի մարդկանց չստիպեն դիմումները յետ վերցնել։ Անգամ խուսափում են անուանական նշելուց, թէ որ համայնքներում են առաջադրումներ լինելու։
Ի դէպ, ընտրութիւններին մասնակցելու պատրաստակամութեան մասին յայտարարած «Ապրելու երկիր», «Հզօր համայնք», «Ուժեղ Հայաստան», ՀՅԴ կուսակցութիւնները եւ «Հայաստան» դաշինքը նշուած համայնքներից որեւէ մէկում չեն առաջադրուել եւ դեռ չեն բացայայտել իրենց թեկնածուներին։
Հատկանշական է, որ իշխանութիւնն էլ է յապաղում թեկնածուների առաջադրման հարցում։ Այս պահին միայն յայտարարուել է Գորիսում Առուշ Առուշանեանի հետ դաշինքով մասնակցութեան եւ Ստեփանաւանում Լոռի Բերդ խոշորացուած համայնքի գործող ղեկավար Արայիկ Ներսիսեանի թեկնածութեան մասին։ Ստեփանաւանում առաջադրուել է նաեւ գործող համայնքապետ Արմէն Գրիգորեանը, սակայն «Գործարար» կուսակցութեան ցուցակով։
