Շուրջ մէկ տարի Բաքւում շարունակուած կեղծ դատավարութիւնը, որը հիմնուած էր ակնյայտ շինծու քրէական գործերի վրայ եւ իրականացւում էր միջազգային դատավարական ստանդարտների կոպիտ խախտումներով, աւարտուեց քաղաքականապէս կանխորոշուած վճիռներով։ Արցախի պատանդառուած ռազմաքաղաքական ղեկավարութիւնը, ինչպէս նաեւ միւս հայ գերիները դատապարտուեցին ցմահ ազատազրկման կամ 15–20 տարուայ ազատազրկման։
Տվեալ գործընթացը չի կարող դիտարկուել որպէս արդարադատութեան իրականացում։ Այն հանդիսանում է քաղաքական հետապնդման ու հայատեացութեան դասական օրինակ եւ հակասում է միջազգային իրաւունքի մի շարք հիմնարար նորմերի, մասնաւորապէս՝ Մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագրին, Քաղաքացիական եւ քաղաքական իրաւունքների մասին միջազգային դաշնագրին, Ժնեւի կոնուենցիաներին եւ դրանց յաւելեալ արձանագրութիւններին, ինչպէս նաեւ արդար դատաքննութեան, անմեղութեան կանխաւարկածի եւ ռազմագերիների պաշտպանութեան վերաբերեալ միջազգային պարտաւորութիւններին։
Չնայած նման զարգացումների կանխատեսելիութեանը՝ տեղի ունեցածը խոր մտահոգութիւն եւ ցաւ է առաջացնում, քանի որ եւս մէկ անգամ փաստում է միջազգային իրաւական մեխանիզմների ընտրողական կիրառումը, բարոյական պատասխանատուութեան բացակայութիւնը եւ ուժի կիրառման միջոցով իրաւունքի փոխարինումը։ Ազատագրական պայքարի նպատակները դիտաւորեալ խեղաթիւրւում են, իսկ ժողովուրդների ինքնորոշման իրաւունքը փաստացիօրէն ստորադասւում է ուժի սպառնալիքին։
Առանձնապէս մտահոգիչ է, որ այս ամէնը տեղի է ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այսպէս կոչուած խաղաղութեան հաստատման գործընթացի շուրջ հնչող յայտարարութիւնների ֆոնին, այն պայմաններում, երբ միջազգային որոշ դերակատարներ կամ լռում են, կամ փաստացի աչք են փակում միջազգային իրաւունքի կոպիտ խախտումների վրայ՝ դրանով իսկ նպաստելով անպատժելիութեան մթնոլորտի խորացմանը։
Դիւանագէտների համահայկական խորհուրդը անհրաժեշտ է համարում յստակ արձանագրել, որ Արցախի Հանրապետութեան նախկին արտաքին գործերի նախարարներ Արկադի Ղուկասեանը (յետագայում՝ նաեւ ԱՀ նախագահ) եւ Դաւիթ Բաբայանը, Արցախի նախկին նախագահներ Բակոյ Սահակեանը եւ Արայիկ Յարութիւնեանը, պետական բարձրաստիճան պաշտօնեաներ Դաւիթ Իշխանեանը եւ Ռուբէն Վարդանեանը, ինչպէս նաեւ բարձրաստիճան զինուորականներ Լեւոն Մնացականեանը եւ Դաւիթ Մանուկեանը իրենց գործունէութիւնն իրականացրել են բացառապէս խաղաղութեան հասնելու, տարածաշրջանային կայունութեան ապահովման եւ իրենց ժողովրդի հիմնարար իրաւունքների պաշտպանութեան նպատակով։ Նրանց քրէականացումը չի կարող ունենալ որեւէ իրաւական հիմնաւորում։
Մենք խորապէս համոզուած ենք, որ մեր հայրենակիցների ապօրինի գերեւարումը եւ պատանդառութիւնը, դրան յաջորդած փակ, քաղաքականապէս ուղղորդուած դատավարութիւնները, յօրինուած մեղադրանքներն ու կանխորոշուած պատժաչափերը հանդիսանում են քաղաքական հաշուեյարդար ազգութեամբ հայ անձանց նկատմամբ եւ կարող են որակուել որպէս միջազգային մարդասիրական իրաւունքի կոպտագոյն խախտում։
Հարկ ենք համարում արձանագրել, որ Հայաստանի գործող իշխանութիւնների մինչ այժմ ցուցաբերած գործողութիւններն ու, առաւել եւս, անգործութիւնը մեր հայրենակիցների իրաւունքների պաշտպանութեան եւ նրանց հայրենադարձման հարցում լուրջ տարակուսանք են առաջացնում։ Այս խնդիրը կարող է լուծուել, իսկ կասկածներն էլ կփարատուէն միայն ու միայն Ադրբեջանում ապօրինի կալանաւորուած եւ դատապարտուած բոլոր անձանց լիակատար ու անուէրապահ ազատման, ապա եւ՝ իրենց ընտանիքներ վերադառնալու դէպքում։
Դա բոլոր հաեորդիների եւ հայկական պետութեան արժանապատուութեան հարցն է:
Դիւանագէտների համահայկական խորհուրդ
