Ռեժիմը փորձում է լռեցնել քաղաքական ընդդիմախօսներին

Ռեժիմը փորձում է լռեցնել քաղաքական ընդդիմախօսներին

«Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը

Յունիսի 7-ի ընտրութիւնների նախընթաց ժամանակահատուածն ընթանում է ներքաղաքական մթնոլորտի անթոյլատրելի լարուածութեամբ եւ ակնյայտօրէն դուրս է եկել քաղաքական պայքարի շրջանակներից։

Գործող վարչախմբին մերժող եւ աներկբայ թափ առնող հանրային դրսեւորումներին զուգահեռ՝ ռեժիմը փորձում է լռեցնել քաղաքական ընդդիմախօսներին, չէզոքացնել քաղաքացիների խօսքի ազատութիւնը, ճնշել ազատ կամարտայայտումը, երկրում խորացնել վախի մթնոլորտն ու ներազգային թշնամանքը։

Խորացող աւտօրիտար ռեժիմի կողմից որդեգրուած հակասահմանադրական եւ քրէօրէն հետապնդելի վարքն ու գործիքակազմն անհնար են դարձնում ընտրութիւնների ազատութիւնն ու մրցակցայնութիւնը։

Վարչախումբը բացառապէս մէկ նպատակ է հետապնդում՝ ընդդիմադիր ուժերի եւ այլախոհների նկատմամբ ուժի եւ վարչական ռեսուրսների անթոյլատրելի կիրառմամբ հասնել վերարտադրութեան։

Այս նպատակին են ծառայում պատժիչ եւ հակասահմանադրական գործողութիւնները, որոնք ներառում են՝

  • Քրեական հետապնդումներ եւ հալածանքներ, ինստիտուցիոնալ ռեպրեսիաներ։
  • Ընտրովի արդարադատութիւն, վարչական ռեսուրսի բացայայտ չարաշահում։
  • Դատական իշխանութեան ակնյայտ կախուածութիւն, ինչը թոյլ չի տալիս, որպէսզի իշխանութեան հակասահմանադրական գործողութիւններն արժանանան իրաւական գնահատականի։
  • Վարչախմբի ղեկավարի կողմից դատախազութեանը եւ իրաւապահ համակարգին տրուած բացայայտ ու հրապարակային պատժիչ հրահանգներ, այդ թւում՝ քաղաքական ընդդիմախօսներին բանտարկելու կամ պատժելու յանձնարարութիւններ։
    /17․05․2026 թ․ հոգեբուժարանում կախուել է ՀՀ քաղաքացի, որին իրաւապահ մարմինները մէկ օր առաջ մեկուսացրել էին Ն․ Փ․-ի քարոզչական պաստառը վնասելու մեղադրանքով/։
  • Հանրութեան, առանձին քաղաքացիների եւ ընդդիմադիր առաջատար ուժերի առաջնորդների նկատմամբ հրապարակային ահաբեկում, հաշուեյարդարի սպառնալիքներ եւ կոչեր։
  • Ոչ նորմատիւ բառապաշար, հասցէական թիրախաւորում, ատելութեան խօսք, ներազգային պառակտուածութեան ու թշնամանքի մթնոլորտի խորացում, վախի եւ ահաբեկման մթնոլորտի ձեւաւորում։
  • Մայիսի 18-ին, ուղիղ եթերում, Նիկոլ Փաշինեանը քաղաքական հիմնական երեք ընդդիմախօսների, ինչպէս նաեւ սովորական քաղաքացիների հասցէին հնչեցնում է աննախադէպ սպառնալիքներ, որոնք ուղեկցւում են վրէժխնդրութեան կոչերով եւ ոչ նորմատիւ հայհոյախառն խօսքով։

Ցաւօք, միջազգային կազմակերպութիւնների կրկնակի ստանդարտները, կանխակալ մօտեցումներն ու ոչ հասցէական վարքագիծը խորացնում են Հայաստանում անպատժելիութեան մթնոլորտը, վարկաբեկում միջազգային ինստիտուտները, սասանում ժողովրդաւարութեան նկատմամբ հաւատը՝ լրջագոյնս կասկածի տակ դնելով հաւաքական Արեւմուտքի՝ Հայաստանում իրապէս ժողովրդավարական սկզբունքներով իշխանութեան ձեւաւորման նկատմամբ շահագրգռուածութիւնը։

Դիմում ենք Հայաստանում հաւատարմագրուած դեսպանատներին եւ դիտորդական առաքելութիւն իրականացնող միջազգային կազմակերպութիւններին՝ ակնկալելով համարժէք վերաբերմունք եւ գնահատական։

Ակնկալում ենք անյետաձգելի հանդիպում՝ առաւել հանգամանալից քննարկելու, ներկայացնելու եւ գնահատելու իշխանութիւնների կողմից որդեգրուած հակասահմանադրական ընթացքը։

«Հայաստան» դաշինք
18-ը մայիսի, 2026թ.

Share