Թուրքը մնում է թուրք․ պէտք է զգօն լինել․ Սոթքի վարչական ղեկավար

Թուրքը մնում է թուրք․ պէտք է զգօն լինել․ Սոթքի վարչական ղեկավար

Գիւմրեցի իրաւապաշտպան Կարապետ Պողոսեանն իր ՖԲ էջում երէկ ահազանգել էր, որ Սոթքի հանքավայրում դիւերսիոն ներթափանցման փորձ է եղել։ Պն-ն որեւէ հաղորդագրութիւն մինչ այս պահը չի տարածել, ուստի Yerkir.am-ը փորձեց ստոյգ տեղեկութիւն ստանալ Սոթքի վարչական ղեկավար Սեւակ Խաչատրեանից, ով մեր հետ զրոյցում ասաց՝  որեւէ տեղեկութիւն չունի։  Հարցին, թէ ինչպե՞ս են գիւղացիներն իրականացնելու գարնանային աշխատանքներն այն դէպքում, երբ Սոթքը գտնւում է թշնամու ուղիղ նշանառութեան տակ, մեր զրուցակիցն ասաց․

«Ասել, որ խնդիր չկայ, իհարկէ՝ կայ, քանի որ մեր գլխաւերեւում թուրքն է։ Նախկինում թուրքը չէր երեւում, հիմա տեսնում ենք։ Թուրքը մնում է թուրք, ամէն պահի կարող է ինչ-որ բան անել, պէտք է զգօն լինել, յատկապէս, երբ գործ ունես թուրքի հետ։ Ճիշտ է , այսօր գարնան առաջին օրն է, բայց ֆիքսենք, որ Սոթքում դեռ ձմեռ է, գարնան առաջին աշխատանքները Սոթքում ապրլի 10-ից յետոյ են արւում։ Գիւղամէջ դուրս եկող բնակիչներն արդէն ծրագրում են գարնանային աշխատանքները՝ մէկը սերմ գնելու, միւսը՝ սերմ վաճառելու, հող մշակելու եւ այլ հարցերով։ Մեզանից կախուած հնարաւորն անում ենք, որ, նախ, մեր զինուորն իմանայ իր ետեւում գիւղ կայ, գիւղացիները կան, մենք էլ որքան կարողանանք սահմանին կանգնած մեր զինուորին թիկունք լինենք»,-ասաց Սեւակ Խաչատրեանը։

Մեր զրուցակցից հետաքրքրուեցինք Սոթքի հանքավայրից կրճատուած գիւղացիների խնդրով, ինչի մասին գիւղացիները բարձրաձայնել էին դեռ դեկտեմբերին՝ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորների այցի ժամանակ։ Սեւակ Խաչատրեանն ասաց, որ մի քանիսի աշխատանքը վերականգնուել է, շուրջ 10 հոգու մասին է խօսքը, իսկ միւսներն էլ սպասում են իրենց հերթին։

Հերմինէ Զեյնալեան

Share