Ս. Սարգիս

Ս. Սարգիս

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է երիտասարդութեան ու սիրոյ բարեխօս` Սուրբ Սարգիս զօրավարի, նրա Մարտիրոս որդու եւ 14 զինուորների տօնը։

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հաեօց Հայրապետի տնօրինութեամբ տօնը հռչակուել է երիտասարդների օրհնութեան օր։ Տոնի առթիւ Արարատեան Հայրապետական թեմում Գերաշնորհ Տեր Նաւասարդ արքեպիսկոպոս Կճոյեանի օրհնութեամբ կազմակերպւում են տարբեր միջոցառումներ։

Ուրախալի է, որ տօնի առթիւ շատ են նաեւ ինքնաբուխ նախաձեռնութիւնները, որոնք նպաստում են ազգային տօնի վերականգնմանը։

Սուրբ Սարգիս զօրավարը կարգուած է համաքրիստոնեական աշխարհի սրբերի դասին։

Աւանդազրոյցի համաձայն՝ նա իր որդու՝ Մարտիրոսի եւ 14 քաջ մարտիկների հետ նահատակուել է հանուն քրիստոնեական հաւատքի։ Կոստանդիանոս կայսրը, ով նոյնպէս համարւում է Հայ Առաքելական Եկեղեցու սրբերից, նկատելով սբ. Սարգսի արիութիւնը, կարգում է նրան հարեւան Կապադովկիայի իշխան եւ սպարապետ։

Սուրբ Սարգիսը զբաղուել է նաեւ քրիստոնեութեան քարոզչութեամբ եւ եկեղեցաշինութեամբ։ Երբ Հուլիանոս Ուրացողի թագաւորութեան օրօք սկսւում են քրիստոնեաների հալածանքները, Սուրբ Սարգիսը յայտնութիւն է ստանում Աստծուց հեռանալ կայսրութիւնից։ Նա իր որդու հետ հաստատւում է Հայաստանում, ուր թագաւորում էր Խոսրով թագաւորի որդին՝ Տիրանը։ Վերջինս Սարգսին հրամայում է ծառայութեան անցնել պարսից Շապուհ արքայի մօտ՝ զերծ պահելու երկիրը Հուլիանոսի արշաւանքներից։ Այսպիսով, Սարգիսը նշանակւում է զօրագնդերի հրամանատար։ Աւանդազրոյցի համաձայն՝ նրա զինակիցները, տեսնելով Սարգսի ձեռքով Աստծոյ կողմից գործած հրաշքները, հրաժարւում էին հեթանոսութիւնից եւ ընդունում քրիստոնէութիւնը։ Սակայն պարսից շահը պահանջում է նրանից պաշտել կրակը եւ զոհաբերութիւններ կատարել։ Երբ Սարգիսը հրաժարւում է ուրանալ իր հաւատքը եւ աւերում է բագինը, ամբոխը յարձակւում է նրա որդու՝ Մարտիրոսի վրայ եւ սպանում նրան։ Սարգսին բանտարկում են, ապա՝ գլխատում։ Քրիստոնեական հաւատքի համար նահատակւում են նաեւ Սարգսի 14 զինւորները։

Նայատակների մարմինները ամփոփւում են Համիան քաղաքում, որտեղից էլ, ըստ հայկական ասոյթներից մէկի, Մեսրոպ Մաշտոցը վերցնում է Սուրբ Սարգսի մարմինը եւ ամփոփում Հայաստանի Կարբի աւանում։ Այնուհետեւ վերցնելով սրբի ատամներից մէկը՝ Մաշտոցը ամրացնում է այն խաչափայտին եւ մասունքի վրայ Գագ լեռան գագաթին կառուցում Գագայ Սուրբ Սարգիս վանքը։ Լեռը գտնուել է պատմանան Մեծ Հայքի Գուգարք նահանգում։ Այդ լեռն այսօր գտնւում է Ադրբեջանի Ղազախի շրջանում։ Այս դէպքերը յիշատակւում են նաեւ Ներսես Շնորհալու «Շարական Ս. Սարգսի» շարականում։

Այսպիսով, Սուրբ Սարգսի պաշտամունքը Հայաստանում տարածուեց 5-րդ դարից, երբ Մեսրոպ Մաշտոցը Սուրբ Սարգսի մասունքներն ամփոփեց Կարբի աւանում եւ դրանց տեղում հիմնեց Ուշիի Սուրբ Սարգիս եկեղեցին եւ համանուն վանքը։

Սուրբ Սարգսի տօնը Հայաստանում նշել են ոչ միայն եկեղեցական ծէսով եւ աղօթքներով, այլեւ ժողովրդական աւանդոյթներով։ Այսպէս, օրինակ, Սուրբ Սարգսի տօնին նախորդող գիշերը երիտասարդ աղջիկները աղի բլիթ են ուտում եւ ակնկալում երազում տեսնել իրենց ապագայ փեսացուին։

Շատ հաւատացեալներ այցելում են Սուրբ Սարգիս զօրավարի անունը կրող եկեղեցիներ՝ մասնակցելու այդ օրը մատուցուող պատարագին։

Share