Փաշինեանն ամէն ինչ անելու է՝ ՌԴ ռազմաբազան դուրս գայ, այն փոխարինելու է թուրքականով. Սաղաթելեան

Փաշինեանն ամէն ինչ անելու է՝ ՌԴ ռազմաբազան դուրս գայ, այն փոխարինելու է թուրքականով. Սաղաթելեան

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Երեւանի ընդհանուր իրաւասութեան քրէական դատարանում քննարկւում էր Գագիկ Ծառուկեանի կալանքի ժամկէտը։

ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը, դատարանի բակում լրագրողների հետ զրոյցում անդրադառնալով Գագիկ Ծառուկեանի գործին, ասաց.

«Դատարանից ինչ-որ յատուկ ակնկալիքներ չունեմ, որովհետեւ ակնյայտ է՝ քաղաքական պատուէր է, երկրի իշխանութեան ղեկին յայտնուած անձը ամէն կերպ եւ ամէն ինչով սպառնում է մարդկանց, իսկ ուժային կառոյցները, առհասարակ, այս համակարգը խոնարհաբար ծառայում է մէկ անձի»։

«Երկիրը թեւակոխել է նոր, աւելի ծանր բռնութիւնների, ռեպրեսիաների փուլ, եւ Նիկոլ Փաշինեանը փորձում է երկրում հաստատել մէկ մարդու, մէկ անձի իշխանութիւն։ Մեր խնդիրն է այսօր փորձել երկրում ստեղծել ընդդիմադիր այնպիսի մի դիմադրութեան ճակատ, այնպիսի մի համակարգ, որ կարողանայ այս ռեպրեսիաներին դիմագրաւել եւ այն օրակարգը, որ թշնամու կողմից պարտադրուած է մեզ, մեր պետութեանը, կանխել»,– ասաց նա։

Սաղաթելեանի խօսքով, եթէ այդ դիմադրութիւնը չձեւաւորուի, Նիկոլ Փաշինեանն անելու է այն, ինչ պլանաւորել է, իսկ դա նշանակում է Հայաստանի պետականութեան վերջնական փլուզում. «Ամէն ինչ հասնելու է անդառնալի կէտի, որ այլեւս վերադարձնել հնարաւոր չի լինի, հետեւաբար ինքնապաշտպանական բնազդն է թելադրում, որ պէտք է տեղի ունենայ առաջնահերթ օրակարգերի շուրջ լայն կոնսոլիդացիա։

Կան խօսակցութիւններ, քննարկումներ, հանդիպումներ, բայց դեռ վերջնական արդիւնք չկայ։ Յոյս ունեմ՝ ամէն դէպքում քաղաքական դաշտը, առողջ ուժերն այդ ուղղութեամբ են նայում, եւ կոնկրետ արդիւնքներ կ՚ունենանք»։

Անդրադառնալով երէկ Փաշինեան–Պուտին հանդիպմանը եւ ռուսական ռազմաբազան ՀՀ-ից դուրս բերելու հնարաւորութեանը՝ Սաղաթելեանն ասաց. «Այդ հանդիպումից արդիւնք ակնկալել պէտք չի, որովհետեւ արդիւնք չկայ։ Ակնյայտ է, որ Նիկոլ Փաշինեանի վարած քաղաքականութեան արդիւնքում մենք մտնում ենք մի ծանր փակուղու մէջ՝ մի շարք ծանր հետեւանքներով։ Ամէն ինչ անելու են, որպէսզի ռուսական բազան Հայաստանից դուրս գայ։ Նիկոլ Փաշինեանն ունի պարտաւորութիւն՝ ռուսական ազդեցութիւնը Հայաստանում զրոյացնելու, այդ թւում նաեւ ռուսական բազան Հայաստանից հանելու՝ այն թուրքականով փոխարինելու համար։ Տեղի է ունենում այդ պրոցեսը։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, կարծես մեսիջը յստակ էր, որ եթէ բազայով փորձում էք շանտաժ անել, եթէ պէտք է, վաղն էլ կը հանենք։ Իմաստը ո՞րն է՝ երկիրը քաշել նոր, աւելի ծանր, մասշտաբային արկածախնդրութեան մէջ։ Մի բանի համար ինքը պարտաւորութիւն ունի եւ ցանկանում է այդ պարտաւորութիւններն իրականացնել, իսկ դրա համար մենք գին ենք վճարում»։

Մանրամասները՝ տեսանիւթում։

Նշենք, որ Գագիկ Ծառուկեանի խափանման միջոցի հարցի որոշումը կը հրապարակուի վաղը։ Այս մասին յայտնեց փաստաբան Էմին Խաչատրեանը՝ յաւելելով, որ ժամը յստակեցուած չէ, եւ նախապէս կը տեղեկացնեն դատարանի աշխատակազմից։

Share