Յարութ Սասունեան
www.ThealiforniaCourier.com
Միացեալ Նահանգների փոխնախագահ Ջէյ Դի Վենսը նախորդ շաբաթ այցելեց Հայաստան եւ Ադրբեջան։ Դա քարոզչական հնարք էր՝ յօգուտ Փաշինեանի, Ալիեւի եւ Թրամփի, որն ուղեկցւեց մի շարք կոպիտ սխալներով եւ աղմկահարոյց միջադէպերով։
Այցի սկզբում Վենսը կնոջ հետ անակնկալ այցելեց Հայոց Ցեղասպանութեան յուշահամալիր եւ ծաղկեպսակ դրեց՝ յարգանքի տուրք մատուցելով 1.5 միլիոն զոհերի յիշատակին։ Դրանից անմիջապէս յետոյ Վենսն իր թւիթերեան էջում գրառում կատարեց. «Այսօր փոխնախագահ Վենսը եւ երկրորդ տիկին Ուշա Վենսը Հայոց Ցեղասպանութեան յուշահամալիրում մասնակցեցին ծաղկեպսակ տեղադրելու արարողութեանը՝ յարգանքի տուրք մատուցելու 1915 թւականի Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին»։ Ցեղասպանութեան թանգարանի յուշամատեանում փոխնախագահը գրեց. «Կորուսեալ կեանքերի նկատմամբ խորը յարգանքով մենք պատւում ենք հայ ժողովրդի տոկունութիւնն ու անսասան ոգին։ Թող Ամերիկան եւ Հայաստանը միասին աշխատեն խաղաղութեան եւ փոխըմբռնման ապագայի համար»։
Սակայն այս խորին յարգանքի դրսեւորումը կարճ ժամանակ անց ստւերւեց լուրջ հակասութեամբ, երբ Վենսի գրառումը ջնջւեց եւ փոխարինւեց մի հաղորդագրութեամբ, որտեղ այլեւս չէր յիշատակւում Հայոց Ցեղասպանութիւնը. «Փոխնախագահը եւ ԱՄՆ երկրորդ տիկինը ծաղիկներ տեղադրեցին անմար կրակի մօտ եւ ստորագրեցին յուշամատեանում՝ Հայաստան կատարած իրենց այցի վերջին օրը»։ Փոփոխւած տեքստը հրապարակեց Վենսի մամուլի քարտուղար Թէյլոր Վան Քըրքը։ Ակնյայտ է, որ փոփոխութիւնը նրա նախաձեռնութեամբ չի եղել ամենայն հաւանականութեամբ այն կատարւել է Սպիտակ տան հրահանգով՝ Թուրքիայի ժխտողական վարչակարգի կոշտ բողոքից յետոյ։
Վենսի գրառման փոփոխման պատճառն այն է, որ նախագահ Թրամփը 2025 թւականի ապրիլի 24-ի իր յայտարարութեան մեջ չօգտագործեց Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթը, մինչդեռ նախագահ Ջօ Բայդէնը այն ճանաչել էր անընդմէջ չորս տարի: Սա ցոյց է տալիս, թէ ինչ հետեւանքներ կարող է ունենալ, երբ հայ համայնքի որոշ ներկայացուցիչներ իրենց ձայնը տալիս են ցեղասպանութիւնը ժխտողի: Հայոց Ցեղասպանութեան մասին յիշատակման ջնջումն այնքան վիրաւորական քայլ էր, որ ամերիկահայերը պէտք է հրաժարւեն Վենսի օգտին քւէարկելու 2028 թւականի ԱՄՆ նախագահական ընտրութիւններում:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լեւիթը, պատասխանելով Վենսի գրառման սկանդալային ջնջման վերաբերեալ հարցին, խուսափեց թեմայից՝ առանց անգամ յիշատակելու «Հայոց Ցեղասպանութիւն» եզրոյթը։ Նա յայտարարեց. «Այս պահին քաղաքականութեան փոփոխութիւն չկայ», ինչը նշանակում է՝ Հայոց Ցեղասպանութեան ճանաչում չկայ։
Երեւանից մեկնելուց առաջ Վենսին հարց ուղղւեց իր գրառման մէջ Հայոց Ցեղասպանութիւն բառերի ջնջման վերաբերեալ։ Նա խուսափողական պատասխան տւեց. «Նրանք ասացին, որ սա մեզ համար շատ կարեւոր վայր է, եւ ակնյայտ է, որ ես առաջին [ԱՄՆ] փոխնախագահն եմ, որ երբեւէ այցելել է Հայաստան։ Նրանք խնդրեցին մեզ այցելել այդ վայրը։ Ակնյայտ է, որ սա շատ սարսափելի մի բան է, որ տեղի է ունեցել աւելի քան 100 տարի առաջ, եւ մի բան, որը նրանց համար մշակութային առումով շատ-շատ կարեւոր է»։
Այսպիսով, Վենսը 1.5 միլիոն հայերի զանգւածային սպանութիւնը վերածեց «շատ սարսափելի բանի» եւ «նրանց համար մշակութային առումով շատ կարեւոր բանի»։ Արդիւնքը այն էր, որ Վենսի կողմից Հայոց Ցեղասպանութեան մասին յղման հեռացումը լայնօրէն լուսաբանւեց ԱՄՆ եւ միջազգային լրատւամիջոցների կողմից, այդ թւում՝ CNN-ի, Reuters-ի, Wall Street Journal-ի եւ New York Times-ի։ Այդ յղման ջնջմամբ Սպիտակ տունը փաստօրէն աւելի մեծ ուշադրութիւն հրաւիրեց խնդրի վրայ։
Երեւանում Վենսի կատարած այցը Հայոց Ցեղասպանութեան յուշահամալիր, ըստ ամենայնի, նպատակ ունէր հաւասարակշռել նրա հետագայ այցը Բաքւի «Շահիդների ծառուղի», որը հանդիսանում է ազգային գերեզմանատուն եւ յուշահամալիր՝ նւիրւած Ադրբեջանի պատերազմներում զոհւած զինւորների յիշատակին։
Վենսը եւս մէկ սխալ թոյլ տւեց՝ ներգրաււելով Հայաստանի ներքաղաքական գործընթացներում եւ բացայայտ աջակցութիւն յայտնելով Փաշինեանին այս տարւայ յունիսին նախատեսւած խորհրդարանական ընտրութիւններում։ Ոչ մի լուրջ քաղաքական գործիչ չէր միջամտի այլ երկրի ընտրութիւններին նման յանդգնութեամբ։ Երեւանում մամուլի ասուլիսի ընթացքում Վենսը նշեց. «Գիտեմ, որ առաջիկայում ընտրութիւններ են սպասւում։
Այդ մասին չեմ խօսի, բայց եթէ իմ աջակցութիւնը որեւէ նշանակութիւն ունի, ապա նա [Փաշինեանը] անշուշտ ունի այն, քանի որ նա այն մարդն է, որը կարող է կառուցել երկարաժամկէտ գործընկերութիւն՝ նման նախաձեռնութիւնը կայուն դարձնելու համար»։
Վենսը եւս մէկ սխալ թոյլ տւեց՝ Հայաստանը ներկայացնելով որպէս «աշխարհի ամենահին քրիստոնէական երկրներից մէկը»՝ փոխարէնը օգտագործելու «ամենահին» կամ «առաջին քրիստոնէական պետութիւն» ձեւակերպումները Վենսի յայտարարութիւններից մէկը Հայաստանում մեծ վիճաբանութիւնների պատճառ դարձաւ։ Իրականում դա ամերիկեան կողմի ընտրած թարգմանչի սխալն էր։ Երբ Վենսը խօսում էր ԱՄՆ-ի կողմից Հայաստան 9 միլիարդ դոլար արժողութեամբ մոդուլային միջուկային ռեակտորների եւ մասերի արտահանման մասին, «արտահանում» բառը սխալմամբ թարգմանւեց որպէս «ներդրում»: Իրականում, ոչ թէ ԱՄՆ-ն է ներդրում կատարում Հայաստանում, այլ Հայաստանը՝ ԱՄՆ-ում։ 9 միլիարդ դոլարը հսկայական գումար է, որը համարժէք է Հայաստանի ամբողջ տարեկան բիւջէին։ Մինչ Վենսը ԱՄՆ-ի կողմից մոդուլային ռեակտորների վաճառքը ներկայացնում էր որպէս կայացած գործարք, Փաշինեանն ասաց, որ Հայաստանը դեռ բանակցում է մի շարք այլ երկրների հետ՝ մրցակցային առաջարկներ ստանալու նպատակով։
Մինչ Փաշինեանը օր ու գիշեր խօսում է խաղաղութեան մասին, Ալիեւը շարունակում է Հայաստանից պահանջել նոր զիջումներ եւ հրաժարւում է ստորագրել այսպէս կոչւած «Խաղաղութեան պայմանագիրը»։ Միեւնոյն ժամանակ, Ադրբեջանը կեղծ մեղադրանքներով Բաքւի բանտում պահում է Արցախի նախկին ղեկավարներին՝ յայտարարելով, թէ հայ պատանդներն աւելի ծանր յանցագործութիւններ են կատարել, քան նացիստները։
Անսպասելիօրէն, Փաշինեանը յայտարարեց, որ Վենսի հետ քննարկել է հայ բանտարկեալների հարցը։ Վենսը յաւելեց, որ պատրաստւում է այս հարցը բարձրացնել Ալիեւի հետ հանդիպման ժամանակ, իսկ վերջինս էլ հաստատեց, որ Վենսը իր հետ իսկապէս խօսել է բանտարկեալների մասին։ Այնուամենայնիւ, իրականութիւնը այն է, որ Վենսը Բաքւից վերադարձաւ՝ չկարողանալով ազատել որեւէ հայ պատանդ։
Աւելին, Վենսը չհանդիպեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ եւ չայցելեց Հայաստանում կալանաւորւած հայ եպիսկոպոսներին: Վստահելի աղբիւրների համաձայն՝ Հայաստանի կառավարութիւնը խնդրել է Վենսին՝ Հայաստան իր այցի ընթացքում չհանդիպել Կաթողիկոսին:
Հայաստանում եւ Ադրբեջանում Վենսը որեւէ խօսք չասաց՝ քննադատելու Փաշինեանի եւ Ալիեւի հակաժողովրդավարական քաղաքականութիւնը: Նա յիշատակեց Ալիեւի կնոջը՝ Մեհրիբանին, որը զբաղեցնում է Ադրբեջանի փոխնախագահի պաշտօնը՝ նշելով՝ «Յուսով եմ, որ դա ԱՄՆ երկրորդ տիկնոջը որեւէ գաղափար չի յուշի»: Այս արտայայտութիւնը դժգոհութիւն առաջացրեց Վենսի ադրբեջանցի հիւրընկալողների մօտ եւ գրաքննւեց Ադրբեջանի պետական հեռուստատեսութեան կողմից։
