«Այս օրերին յստակ չէ, թէ որտեղ է աւարտւում Ադրբեջանի իշխող վարչակարգի քաղաքականութիւնը եւ որտեղ է սկսւում Հայաստանի իշխող վարչակարգինը, բայց Հայ դատի յանձնախմբի ուղղութիւնը միշտ յստակ է եղել եւ այդպէս էլ կը մնա,»-Արցախի մասին գիրք նուիրելուց յետոյ Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրենի կողմից ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին նուէր փոխանցելու եւ դրանից յետոյ տնօրենին աշխատանքից հեռացուելու ու Արցախի հարցը արտաքին քաղաքականութեանը հակառակ համարելու Փաշինեանի պատճառաբանութեանն անդրադառնալով , — այս մասին «Փաստինֆոյ»-ին ասաց, ԱՄՆ Վաշինգտօնի Հայ Դատի յանձնախմբի մամուլի խօսնակ Եղիսաբեթ Չուլջեանը։
Չուլջեանը նշեց, որ Արցախի հարցը՝ արցախահայութեան բռնի տեղահանութիւնից յետոյ բռնագաղթուած բնակչութեան վերադարձի իրաւունքը, հայ պատանդների ազատ արձակումը եւ Արցախի ցեղասպանութեան դէմ արդար լուծումը, Հայ Դատի յանձնախմբի օրակարգի առաջնագծում են, որովհետեւ դրանք հայ ազգի օրակարգի առաջնագծում են։
«Հաեօց ցեղասպանութեան ճանաչումն ու արդար լուծումը Հայ Դատի յանձնախմբի օրակարգի առաջնագծում են, որովհետեւ դրանք հայ ազգի օրակարգի առաջնագծում են։
Հայաստանի ինքնիշխանութիւնն ու անվտանգութիւնը Հայ Դատի յանձնախմբի օրակարգի առաջնագծում են, որովհետեւ դրանք նոյնպէս հայ ազգի օրակարգի առաջնագծում են։
Առանց հաշուետուողականութեան, առանց արդարութեան եւ առանց միջազգային իրաւունքի կիրառման, տեւական խաղաղութիւն չի կարող լինել։
Եւ պատմութիւնը ցոյց է տուել․ ո՛չ մի անհատ, ո՛չ մի իշխող կուսակցութիւն չի կարող կասեցնել հայ ազգի արդարութեան պահանջատիրական աշխատանքները»,- եզրափակեց Չուլջեանը։
