Մինչ այս պահը Ցեղասպանութեան միջոցառումների կազմակերպման յանձնաժողով չի ձեւաւորուել Հայաստանում

Մինչ այս պահը Ցեղասպանութեան միջոցառումների կազմակերպման յանձնաժողով չի ձեւաւորուել Հայաստանում

Ապրիլի 24-ին լրանում է Հայոց Ցեղասպանութեան 109-րդ տարելիցը: Մինչ օրս չի ստեղծուել միջոցառումների կազմակերպման պետական յանձնաժողով: Մինչեւ 2019 թուականն այդ յանձնաժողովը ստեղծւում էր 2-3 ամիս առաջ, հանրային հեռուստատեսութիւնը միջազգային եթերաժամանակ էր տրամադրում՝ այլ երկրներում Ծիծեռնակաբերդից ուղիղ հեռարձակման համար: Հրաւերներ էին ուղարկւում տարբեր դեսպանութիւնների, պատուիրակութիւններ էին հրաւիրւում՝ մասնակցելու ապրիլի 24-ի արարողակարգին: Ամէն տարի մի քանի երկրի ղեկավար էր գալիս Հայաստան, որոնց այցը լուսաբանում էին մի քանի տասնեակ միջազգային լրատուամիջոցներ:

Հիմա, «խաղաղութեան նոր օրակարգի» ձեւաւորման պայմաններում, ՀՀ իշխանութիւնը փաստացի մոռացել է եւ միւսներին էլ փորձում է պարտադրել մոռանալ ապրիլի 24 ամսաթիւը: Պետական որեւէ կառոյց, որեւէ միջոցառման կազմակերպման մասին որեւէ հաղորդագրութիւն չի տարածել: Միայն օրերս տուած ասուլիսում Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէնն ասաց, որ թանագարանի մուտքն ազատ կը լինի այցելուների համար, բացի այդ, սովարականի նման կը գործի հանրային անվճար երթուղի եւ վերջ: Որեւէ պաշտօնական տեղեկութիւն չկայ, թէ որ երկրներին է հրաւէր ուղարկուել, իսկ ԱԳՆ-ին զանգերն ու գրութիւնները մնում են անպատասխան: Սա յստակ տարուող քաղաքական գիծ է, որն ուղղուած է հայի ինքնութեան ոչնչացմանը, սա մոռացութեան է մատնում 1,5 միլիոն հայերի անմահ յիշատակը:

Եթէ չենք կարողանում, պետութիւն լինելով, 1,5 միլիոն անմեղ զոհերի յիշատակը տարուայ մէջ մէկ անգամ յարգել հաւուր պատշաճի, ապա միջազգային հանրութիւնից ի՞նչ ենք պահանջում 44 օրեայ պատերազմի զոհերի վերաբերեալ։ Արդեօ՞ք նրանք պիտի յարգէն եւ պաշտպանէն հայ գերիների եւ խաղաղ բնակչութեան շահերը։ Իշխանութիւնը մեր պատմութիւնն ու ինքնութիւնը դնում է զոհասեղանին՝ հայ-թուրքական սահմանի բացման դիմաց։ Սրանք նոյնիսկ նոյն նժարի վրայ լինել չէն կարող։

Տնտեսական բաղադրիչը կարեւորելն ուղղակի քոչուոր, առեւատրական է դարձնում ողջ ազգին։ Եւ սա այն դէպքում, երբ տնտեսագէտները վստահեցնում են՝ մենք ոչինչ չունենք վաճառելու, եւ էականն այստեղ կրկին թուրքական շահի եւ օրակարգի սպասարկումն է: Պարզապէս այդ գործողութիւնն արւում է Թուրքիային եւ Արեւմուտքին հաճոյեանալու համար, որն էլ ինչ-որ ժամանակով երկարաձգելու է Փաշինեանի իշխանութիւնը:

Նկատենք, որ դեռ նախորդ տարի, ապրիլի 18-ին, ԱԺ իր ելոյթում Նիկոլ Փաշինեանը յայտարարում էր, որ հայ ժողովուրդը հանուն խաղաղութեան պէտք է պատրաստ լինի ցաւոտ լուծումների: Սակայն չէր ասել, որ դրանք անվերջ են եւ մէկը միւսից ցաւալի՝ Արցախի յանձնումից, մինչեւ Տաւուշ ու այդպիսի շղթայական շարունակութիւն: Այդ ցաւոտ լուծումներից մէկն էլ՝ մոռանալ 100 ամեայ վաղեմութիւն ունեցող

Ցեղասպանութիւնը եւ ձեռքը մեկնած խաղաղութիւն մուրալ՝ յոյս ունենալով, որ մի օր Թուրքիան իր շահերից ելնելով կսեղմի այդ ձեռքը։

https://1or.am/

Share