«Նիկոլ Փաշինեանը ստում է. Ֆրանսիայի կողմից ոչ մի ճնշում չկայ». Մուրադ Փափազեան

«Նիկոլ Փաշինեանը ստում է. Ֆրանսիայի կողմից ոչ մի ճնշում չկայ». Մուրադ Փափազեան

«Թող իր խօսքին տէր կանգնի: Թող հաւաքի ժողովրդին, որպէսզի նրանք որոշեն: Յայտարարուած էր նաեւ, որ ինքն Արցախի ժողովրդի կողմից ընտրուած չէ, եւ այս պատճառով չի կարող նրանց ճակատագիրը որոշել: Ուրեմն թող հիմա լռի»

«Արդեօք կա՞յ մէկ հայ աշխարհի վրայ, որ համաձայն է Արցախը վերադարձնել Ադրբեջանին: Կա՞յ մէկ հայ, որ համաձայն է Նիկոլ Փաշինեանի այս որոշման հետ: Մենք խստօրէն դատապարտում ենք Փաշինեանի այս որոշումը: Փաշինեանն իրաւունք չունի Արցախին պարտադրել թշնամու լծի տակ ապրել: Յիշեցնենք, որ դա ինքն է որոշել Ալիեւի հետ: Եւ այս որոշումը նշանակում է՝ Արցախի ժողովուրդը լուրջ վտանգի տակ է»,- 168.am-ի հետ զրոյցում նշեց Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանը՝ յաւելելով, որ Արցախի շուրջ միասնականութիւնը, ի վերջոյ, Հայաստանին ի նպաստ կեցուածք է, որովհետեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Ալիեւի եւ Էրդողանի նպատակն Արցախը չէ միայն, այլ Հայաստանը:

«Արցախից յետոյ Հայաստանի հերթն է գալու, քանի որ գիտէն՝ Հայաստանը պաշտպանուած չէ պատշաճ: Նիկոլ Փաշինեանի յաջորդ քայլը Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորման պայմանագիր ստորագրելն է, որը նշանակում է՝ եւ՛ դիւանագիտական, եւ՛ առեւտրային յարաբերութիւնների վերականգնում: Այսինքն, սա ենթադրում է, որ տնտեսապէս Թուրքիան հաստատուելու է Հայաստանում՝ իր ընկերութիւններով, աւելին, գնելու է հայկական ընկերութիւններ, որպէսզի Հայաստանի ժողովուրդը աշխատի թուրքերի համար եւ կապուած լինի Թուրքիայի հետ, կամ կախուածութեան մէջ լինի Թուրքիայից: Այլ կերպ ասած՝ մի կողմից՝ Ադրբեջանի լծի տակ, միւս կողմից՝ Թուրքիայի: Սա՞ է Փաշինեանի խոստացած ապագան հայ ժողովրդի համար: Մենք դէմ ենք եւ կոչ ենք անում համայն հայութեանը, որ մերժէն եւ դատապարտէն Նիկոլ Փաշինեանին»,- շարունակեց Մուրադ Փափազեանը:

Ապրիլի 13-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինեանը յայտարարել է, թէ՝ «միջազգային հանրութիւնը մէզ ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը եւ միջազգային մեծ կոնսօլիդացիայ կապահոուէք Հայաստանի եւ Արցախի շուրջ»:

Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահը վստահեցրեց՝ Նիկոլ Փաշինեանը ստում է:

«Մասնաւորապէս, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող Ֆրանսիայից ոչ մի նման ճնշում չկայ: Սրանով գուցէ Փաշինեանը փորձում է արդարացնել իր արածը: Կրկնում եմ՝ Ֆրանսիայից ճնշում չկայ»,- ընդգծեց Մուրադ Փափազեանը:

Այս համատեքստում նա յիշեցրեց, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրօնը զարմացել էր, որ պատերազմի օրերին Փաշինեանն իր հետ կապ չէր հաստատում, եւ դրա նախաձեռնողը միշտ ինքն էր: Այսինքն, միշտ Ֆրանսիայի նախագահն էր հեռագրեր ուղարկում կամ հեռաձայնում Փաշինեանին, եւ Փաշինեանը միշտ պատասխանողի դերում էր, երբեք նախաձեռնութիւնն իր ձեռքը չի վերցրել եւ գրել ու տեղեկութիւն տրամադրել Ֆրանսիայի նախագահին՝ նոյեմբերի 9-ի յայտարարութեան ստորագրումից առաջ եւ յետոյ: Մինչդեռ Ֆրանսիան ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր է եւ աշխարհի հզօր պետութիւններից մէկը:

«Փաշինեանը պատերազմի ընթացքում Մակրօնին միշտ ասում էր, որ ամէն ինչ նորմալ է ընթանում: Եւ երբ մենք պահանջում էինք, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախութիւնը, մէզ պատասխանում էին՝ ինչպե՞ս ճանաչեն, երբ ինքը՝ Հայաստանը, չի ճանաչել: Մակրօնը զարմանում էր, որ մենք աւելի պահանջատէր ենք, քան Փաշինեանը»,- շեշտեց ՀՅԴ Բիւրոյի անդամը:

Մուրադ Փափազեանը հարկ համարեց յիշատակել 2018-ի օգոստոսի 17-ին Հանրապետութեան հրապարակում հանրահաւաքի ժամանակ Փաշինեանի արած յայտարարութիւնը Արցախի հարցի կարգաւորման հետ կապուած, որտեղ, մասնաւորապէս, ասւում էր.

«Ղարաբաղի հարցի լուծողը ժողովուրդն է, եւ ես ուզում եմ ասել հետեւեալը. եթէ բանակցային գործընթացի արդիւնքում կը լինի կարգաւորման մի տարբերակ, որին ինքս կը հաւատամ եւ կը համարեմ, որ դա լաւ տարբերակ է, որեւէ մէկը չմտածի, թէ ես ձեզնից թաքուն որեւէ թուղթ կստորագրեմ կամ որեւէ գործողութիւն կ’անեմ: Երբ տեսնեմ, որ կայ տարբերակ, որի շուրջ իսկապէս կարելի է խօսել, ես կը գամ եւ կը կանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնութիւններով կը ներկայացնեմ ձեզ, եւ դուք կ’որոշեք՝ մենք գնո՞ւմ ենք այդ տարբերակով կարգաւորման, թե՞ չենք գնում: Կորոշեք, որ գնում ենք՝ ուրեմն կգնանք, կ’որոշեք, որ չենք գնում՝ ուրեմն չենք գնայ: Դուք եք բարձրագոյն իշխանութիւնը եւ որոշողը, եւ սրանում որեւէ կասկած չի կարող լինել»:

«Թող իր խօսքին տէր կանգնի: Թող հաւաքի ժողովրդին, որպէսզի նրանք որոշեն: Յայտարարուած էր նաեւ, որ ինքն Արցախի ժողովրդի կողմից ընտրուած չէ, եւ այս պատճառով չի կարող նրանց ճակատագիրը որոշել: Ուրեմն թող հիմա լռի»,- եզրափակեց Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանը:

Share