ԱԺ նախագահի յայտնած թիւը չի արտացոլում մեր կողմից ստուգուած եւ հրապարակուած թուերը. Սիրանուշ Սահակեան

ԱԺ նախագահի յայտնած թիւը չի արտացոլում մեր կողմից ստուգուած եւ հրապարակուած թուերը. Սիրանուշ Սահակեան

ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում ասաց, որ  Բաքւում այժմ մօտաւորապէս 25 հաստատուած գերի կայ, ներառեալ՝ Արցախի Հանրապետութեան նախկին ղեկավարները։

«Եթէ չեմ սխալւում, կարող է եւ սխալուեմ թուի մէջ՝ մէկ այս կողմ, մէկ այն կողմ լինի, մօտաւորապէս 25 հաստատուած գերի կայ։ Իրենց հետ կապուած բանակցութիւնները շարունակւում են։ Ինչ որ պահ կար՝ չէինք խօսում գերիների մասին, բայց յետոյ պրոցեսը շարունակուեց, եւ մեծ թուով գերիներ հետ եկան։ Բանակցութիւնները միշտ կան»,- ասաց նա։

168.am-ի հետ զրոյցում Միջազգային եւ համեմատական իրաւունքի կենտրոնի նախագահ, իրաւապաշտպան Սիրանուշ Սահակեանն ասաց, որ ԱԺ նախագահի կողմից հնչեցրած թիւը չի համապատասխանում իրենց կողմից ստուգուած եւ վերիֆիկացուած տուեալներին։

«Համաձայն մեր տեղեկատուութեան, պաշտօնականացուած անազատութեան մէջ պահուող հայերի թիւը կազմում է 23-ը, եւ այստեղ ներառուած են 8-ը՝ Արցախի նախկին ղեկավարութիւնը։ Այսինքն՝ սա պաշտօնական թիւն է, երբ Ադրբեջանն ընդունում է  հայի՝ իր մօտ գտնուելը։ Այս անձանց հետ շփումներ են ապահւում Կարմիր խաչի միջազգային կոմիտէի ներկայացուցիչների միջով։ Այսինքն՝ նրանք տեսակցում են, եւ կայ որոշակի կապ ընտանիքի անդամների միջեւ։

Ինչ վերաբերում է ոչ պաշտօնական թւին, ապա մենք բարձրաձայնել ենք 80 գերեվարման դէպքեր, եւ մեր ապացոյցները կապուած են գերեվարման ընթացքում կամ դրանից կարճ ժամանակ անց անձանց ողջ Ադրբեջանի տիրապետութեան տակ յայտնուելու հանգամանքի հետ։

Բայց մենք մի վերապահում արել ենք՝ քանի որ գերեւարումից անցել են տարիներ, շուրջ 4 տարի, մենք որեւէ տեղեկատուութիւն չունենք նրանց այս պահի վերաբերեալ՝ արդյօք սպանուա՞ծ են, թե՞ ողջ են»,- նշեց Սիրանուշ Սահակեանը։

Ինչ վերաբերում է բռնի անյետացածներին, Սիրանուշ Սահակեանն ասաց, որ Ադրբեջանը մերժում է նրանց անազատութեան մէջ պահելու, գերեւարելու կամ ձերբակալելու հանգամանքը։ Հերքում է այս կարեւոր տարրը, եւ դրանով իսկ այդ մարդիկ յայտնւում են անորոշութեան մէջ, բացառուած չէ նաեւ կամայական գործելակերպ այդ անձանց նկատմամբ։

«Այդ պատճառով բարձրաձայնուած թիւն այդքան էլ չի արտացոլում մեր կողմից հրապարակուած թուերը, կարծես թէ մենք ունենք մեթոդաբանական տարբերութիւններ»,- շեշտեց Սիրանուշ Սահակեանը։

Նա նաեւ շեշտեց՝ նախորդ տարի դեկտեմբերին հայրենիք վերադարձուած 32 գերիներն Ադրբեջանի կողմից պաշտօնապէս հաստատուածներ են եղել։

Հարցին՝ այսօր գերիներին հայրենիք վերադարձնելու համար պետական մակարդակով ի՞նչ է արւում, որպէս իրաւապաշտպան, որը զբաղւում է գերիների հարցերով, պետական մակարդակով արած քայլերն իր համար նկատելի՞ են, Սիրանուշ Սահակեանը պատասխանեց, որ որոշակի քայլեր ձեռնարկւում են, սակայն դրանց արդիւնաւետութիւնը կարող է քննարկման առարկայ լինել։

«Այն հանգամանքը, որ 2020 թուականի Արցախի 44-օրեայ պատերազմի աւարտից յետոյ դեռեւս Ադրբեջանում պահւում են քաղաքացիական անձինք, որոնց գերեւարումը կապուած է եղել 44-օրեայ պատերազմի հետ, այդ խնդիրների մի մասը մնացել է չլուծուած։ Իհարկէ, այդ խնդիրները վերագրելի են ոչ միայն Հայաստանին, այլեւ Ադրբեջանին, գործ ունենք սպեցիֆիկ պետութեան հետ, որն աչքի է ընկնում իր աւտօրիտար ռեժիմով, ճնշում է գործադրում քաղաքական ու այլ հարթակներում։ Չմոռնանք, որ խնդիրները լուծելու նպատակով դիմում է նաեւ միջազգային յանցագործութեան, կուտակել է որոշակի քաղաքական, դիւանագիտական, ռազմական պաշար, ինչը հնարաւորութիւն է տալիս 21-րդ դարում միջազգային իրաւունքի բացայայտ խախտումներով հարցերը լուծել ուժի գործադրմամբ։ Աւելին՝ այս ուժի գործադրմամբ եւ դրա սպառնալիքներով հայկական կողմին հարկադրում է ցանկացած փաստաթղթի ստորագրում։ Դրա համար, եթէ Հայաստանը չդիմի աւելի խօլիստիկ մօտեցման եւ չզարգացնի իր կողմից վարուող քաղաքականութիւնը, չկոշտացնի դիրքորոշումներն Ադրբեջանի հետ փոխյարաբերութիւններում, այդ խնդիրները դեռ երկար ժամանակ մնալու են չլուծուած»,- ընդգծեց իրաւապաշտպանը։

Սիրանուշ Սահակեանի բնորոշմամբ՝ կայ կարեւոր հանգամանք, որ այս հարցերի լուծումը շատ է կապուել քաղաքական խնդիրների լուծման հետ, եւ մարդասիրական հարցերն ինքուրոյնաբար չէն լուծւում, ինչը համարում է թերացում։

«Եթէ միջազգային հանրութիւնն ինքնուրոյնաբար մօտենար եւ միաւորեր իր ջանքերը մարդասիրական խնդիրները լուծելու նպատակով, ապա այդ հարցը շատ աւելի հեշտ լուծելի կը լինէր, քան այն պարագայում, երբ փոխկապակցուել է  քաղաքական օրակարգում ներառուած այդ խնդիրներին։ Ընդունուել է խաղի հին կանոնը, որ քանի դեռ հայկական կողմը չի գնացել զիջումների, ադրբեջանական կողմն ազատ չի արձակելու գերիներին։ Այս պահին Հայաստանն այս մօտեցումը հակակշելու ռազմավարութիւն չունի»,- եզրափակեց Սիրանուշ Սահակեանը։

Share