Սիրիայի Հալեպ քաղաքում տեղի ունեցած բախումների հետեւանքով հայ ընտանիքը նիւթական վնաս է կրել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրոյցում ասաց Սիրիայի խորհրդարանի նախկին պատգամաւոր, Բերիոյ Հայոց թեմի խօսնակ Մարիա Գաբրիելեանը։
Յայտնել էինք, որ դեկտեմբերի 22–ին Հալեպ քաղաքի ծայրամասում բախումներ են տեղի ունեցել սիրիական բանակի եւ քրդամէտ «Սիրիական ժողովրդավարական ուժերի» (SDF) միջեւ։ Այժմ քաղաքում իրավիճակը հանդարտուել է։
«Կեսգիշերից յետոյ իրադրութիւնն ամբողջովին խաղաղ էր։ Հիմա վիճակը հանդարտ է, խանութները բաց են եւ մարդիկ սովորական կեանքով շարունակում են ապրել։ Հալեպի նահանգապետը արձակուրդ է յայտարարել, ինչի արդիւնքում այսօր փակ կը լինէն դպրոցներն ու պետական կառոյցները։ Հայ համայնքում տուժածներ չկան՝ չնայած, որ քրդական շրջանները շատ մօտ են մեր շրջաններին։ Միայն մի հայ կնոջ տուն է վնասուել»,-նշեց Գաբրիելեանը։
Նրա խօսքով` վնասներ գրանցուել են քաղաքի քրդական թաղամասէրին հարակից տարածքներում։ Հալեպում երկու քրդական թաղամաս կայ, որոնք գտնւում են խիտ հայկական բնակչութիւն ունեցող տարածքների մօտակայքում։ Հալեպում հայ համայնքն աւելի կենտրոնացուած է, ինչը այն դարձնում է խոցելի, եթէ իրավիճակը սրւում է։
Ինչ վերաբերում է հայ համայնքում տիրող տրամադրութեանը, ապա ըստ Գաբրիելեանի` ներկայումս հայերը Սիրիան լքելու մտադրութիւն չունեն։
«Մարդիկ սովոր են նման իրավիճակներին», — նշեց նա։
Ընդհանուր առմամբ, քաղաքում տիրում է նոյնիսկ նախաամանորեայ մթնոլորտ, չնայած որ քրիստոնեական համայնքների կողմից նախատեսուած որոշ միջոցառումներ` համերգներն ու տօնական հաւաքոյթներ, չեղարկուել են։
