Արտահոսած պայմանագրեր. «Արեւմտեան Ադրբեջան» ծրագիրն անմիջապէս ֆինանսաւորւում է Ալիեւի աշխատակազմից

Արտահոսած պայմանագրեր. «Արեւմտեան Ադրբեջան» ծրագիրն անմիջապէս ֆինանսաւորւում է Ալիեւի աշխատակազմից

Վահէ Սարուխանեան

«Հետքի» տրամադրութեան տակ յայտնուած փաստաթղթերը ցոյց են տալիս, որ ՀՀ-ի հանդէպ ծաւալապաշտական նպատակներ հետապնդող «Արեւմտեան Ադրբեջան» ծրագիրը պաշտօնական Բաքուի, աւելի կոնկրէտ՝ այդ երկրի նախագահի աշխատակազմի հոգեզաւակն է, իսկ նոյնանուն կազմակերպութիւնն ընդամէնը ծրագրի խամաճիկ կատարողն է, իրաւական տեսանկիւնից՝ Ալիեւի աշխատակազմին ծառայութիւններ մատուցողը:

Այս թեմային վերջերս անդրադարձել է նաեւ OC Media-ն:

«Արեւմտեան Ադրբեջան» անունով թեզի տիրաժաւորումը
«Արեւմտեան Ադրբեջան» ասելով՝ ադրբեջանական քարոզչամեքենան նկատի ունի Հայաստանի Հանրապետութեան ներկայիս ամբողջ տարածքը: Քարոզչական նպատակներով ստեղծուած «Վիրտուալ Արեւմտեան Ադրբեջան» կայքում նշւում է, թէ «Արեւմտեան Ադրբեջանի համայնք» կազմակերպութիւնը 1989-ից գործունէութիւն ծաւալող «Ադրբեջանի փախստականների միութիւն» հասարակական միաւորման իրաւայաջորդն է, որն անուանափոխուել է 2022-ի օգոստոսին, ինչպէս նաեւ ընդունուել է կազմակերպութեան նոր կանոնադրութիւնը:

«Արեւմտեան Ադրբեջանի համայնքը զբաղւում է ժամանակակից Հայաստանի տարածքից վտարուած ադրբեջանցիների իրաւունքների պաշտպանութեամբ: Ժամանակակից Հայաստանի տարածքից բռնի կերպով վտարուած ադրբեջանցիներին վերադարձնելու ջանքերի շրջանակներում Արեւմտեան Ադրբեջանի համայնքն ընդունել է «Ներկայիս Հայաստանի տարածքից վտարուած ադրբեջանցիների խաղաղ, անվտանգ եւ արժանապատիւ վերադարձն ապահովելու հայեցակարգը՝ վերադարձի հայեցակարգը»»,- ասւում է կայքում:

Սա ընդամէնը «ցուցափեղկն» է, իսկ իրականութիւնն այն է, որ անուանափոխուած ու նոր շունչ ստացած այս կազմակերպութիւնն Ալիեւի վարչակարգի համար միջոց է՝ Հայաստանի հանդէպ պաշտօնական Բաքուի էքսպանսիոնիզմն (ծաւալապաշտութիւն) ու իրեդէնտիզմը առաջ մղելու համար: Ուշադրութեան է արժանի նաեւ այն ժամանակահատուածը (2022-ի օգոստոս՝ 44-օրեայ պատերազմում յաջողութեան հասնելուց յետոյ եւ Հայաստանի ու Արցախի հանդէպ 2021-2022 թթ. շարունակական ագրեսիաների ֆոնին), երբ փախստականների միութիւնը անուանափոխուել է «Արեւմտեան Ադրբեջան»՝ թիրախաւորելով Հայաստանի Հանրապետութիւնը:

Նկատենք, որ կազմակերպութեան ղեկավար կազմը բաղկացած է ադրբեջանցիներից, որոնք ծնուել են խորհրդային տարիներին հիմնականում Հայաստանի տարածքում (Վայք, Եղեգնաձոր, Վեդի, Ալաւերդի, Վարդենիս, Ճամբարակ):

Կազմակերպութեան անուանափոխութիւնից 6 ամիս անց՝ 2023-ի փետրուարի 21-ին, գրանցուել է «Վիրտուալ Արեւմտեան Ադրբեջան» կայքը, որն ունի ադրբեջաներէն, անգլերեն, ռուսերէն, իսպաներէն տարբերակներ:

Մեկ այլ կայք՝ «Արեւմտեան Ադրբեջանի համայնք» անունով (ներկայ պահին հասանելի չէ), ստեղծուել է դրանից օրեր առաջ՝ 2023-ի փետրուարի 6-ին, ունի ադրբեջաներէն, թուրքերէն, հայերէն, անգլերեն, ռուսերէն տարբերակներ: Երկու կայքերն էլ լի են հակահայկական, շինծու բովանդակութեամբ:

Այսպիսով՝ «Արեւմտեան Ադրբեջան» խօսոյթն Ալիեւն իր ենթակաների հետ սկսել է ակտիւօրէն կիրառել այնպիսի ժամանակահատուածում, երբ շրջադարձային զարգացումներ էին տեղի ունենում հայ-ադրբեջանական յարաբերութիւններում, եւ պաշտօնական Բաքուն ամբողջ ծաւալով ի ցոյց էր դնում խնդիրները զէնքի ուժով եւ ագրեսիայով լուծելու իր ռազմավարութիւնը (Ադրբեջանի կողմից Արցախի հանդէպ շարունակական ագրեսիաներ ու սադրանքներ, 2022-ի սեպտեմբերեան ագրեսիայ Հայաստանի հանդէպ, ՀՀ սւուերէն տարածքի մի մասի օկուպացիայ, վարչապետ Փաշինեանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան ճանաչում Պրահայում 2022 թ. հոկտեմբերին, Լաչինի միջանցքի եւ Արցախի ամբողջական բլոկադայ 2022-ի դեկտեմբերից):

Արտահոսած փաստաթղթեր՝ Ալիեւի աշխատակազմից
Ադրբեջանի նախագահի աշխատակազմից արտահոսած մի քանի պայմանագրեր, որոնք յայտնուել են «Հետքի» տրամադրութեան տակ, ցոյց են տալիս, որ «Արեւմտեան Ադրբեջան» անունով ծրագիրն առաջ մղողը հէնց Ալիեւի աշխատակազմն է, իսկ «Արեւմտեան Ադրբեջանի համայնք» անունով կազմակերպութիւնը դրա իրականացման պտուտակներից մէկն է ընդամէնը:

2023-ի դեկտեմբերի 5-ին՝ Արցախի բռնի հայաթափումից 2 ամիս անց, Բաքւում միջազգային կոնֆերանս էր կազմակերպուել, որը կրում էր «Հայաստանից վտարուած ադրբեջանցիների անվտանգ եւ արժանապատիւ վերադարձի ապահւումը. գլոբալ համատեքստ եւ արդար լուծում» անունը: Ըստ ադրբեջանական պետական «Ազերթաջ» լրատուական գործակալութեան՝ դրան մասնակցել է աւելի քան 100 պատգամաւոր ու փորձագէտ Ադրբեջանից եւ շուրջ 30 այլ երկրներից:

Կոնֆերանսի նախապատրաստութեան շրջանակներում նոյն տարուայ դեկտեմբերի 1-ին Ալիեւի աշխատակազմի ղեկավար Ռամին Գուլուզադէն պայմանագիր է ստորագրել «Արեւմտեան Ադրբեջանի համայնք» կազմակերպութեան աշխատակազմի ղեկավար Գալիբ Գասիմովի հետ՝ կոնֆերանսի կազմակերպման հետ կապուած ծառայութիւններ մատուցելու համար: Պայմանագրի արժէքը կազմել է 39.770 մանաթ, որը հաւասար է 23.500 դոլարի:
Ալիեւի աշխատակազմի ղեկավարը նոյն օրը պայմանագիր է ստորագրել «Ռազմավարական հաղորդակցութիւնների կենտրոն» ադրբեջանական ՀԿ-ի հետ, որպէսզի վերջինս համապատասխան ինֆորմացիայ տեղադրի «Վիրտուալ Արեւմտեան Ադրբեջան» հարթակում: Ծառայութեան արժէքը եղել է 20.000 մանաթ կամ 11.800 դոլար:
Եւս մի պայմանագիր Ռ. Գուլուզադէն ստորագրել է տեղական ՍՊԸ-ներից մէկի հետ: Գործարքի առարկան եղել է LED էկրանի վարձակալութիւնը, արժէքը՝ 2.265 մանաթ կամ 1.350 դոլար:

Մեկ այլ պայմանագիր Ալիեւի աշխատակազմի ղեկավարը կնքել է Baku Marriott Hotel Boulevard-ի հետ, որտեղ տեղի է ունեցել կոնֆերանսը, ինչպէս նաեւ հանգրուանել են հիւրերը: Վերջիններիս սենեակների ամրագրման ծախսը կազմել է 16.000 մանաթ, 16.400 մանաթ էլ արժեցել են միջոցառման ծախսէրը, ընդհանուր՝ 32.400 մանաթ կամ 19.100 դոլար:

Այսպիսով՝ մեր ձեռքի տակ եղած 4 պայմանագրերի ընդհանուր արժէքը եղել է շուրջ 95.000 մանաթ, որը հաւասար է 56.000 դոլարի: Բնականաբար, չի բացառւում, որ քարոզչական այս կոնֆերանսը կազմակերպելու համար Ադրբեջանի նախագահի աշխատակազմը կնքել է այլ պայմանագրեր եւս ու արել համապատասխան ծախսէր:

Փաստն այն է, որ պաշտօնական Բաքուն պատրաստ է տասնեակ հազարաւոր դոլարներ յատկացնել Հայաստանի դէմ տարուող իր ծաւալապաշտական ծրագրերի քարոզչական նախապատրաստութեան եւ կեանքի կոչման համար:

Ովքե՞ր են եղել կոնֆերանսի օտարերկրացի հիւրերը
Baku Marriott Hotel Boulevard-ի հետ կնքուած պայմանագրում երեւում է կոնֆերանսին հրաւիրուած 34 հիւրի անուն, որոնց համար սենեակներ են ամրագրուել հիւրանոցում: Նրանք ներկայացնում են տարբեր երկրներ (հրաւիրեալների մասին ինֆորմացիան կարող եք տեսնել յղումներում)՝ Թուրքիայ (1, 2, 3, 4), Ռուսաստան (1, 2, 3), Իտալիայ (1, 2), Ալբանիայ, Հունաստան, Հունգարիայ, Լիւքսեմբուրգ, Լիտուայ, Մոլդովայ, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մալայզիայ, Ինդոնեզիայ, Ալժիր (1, 2), Եթովպիայ (1, 2), Պակիստան (1, 2), Իսրայել, Յորդանան:

Այս անձանց գործունէութեան ուսումնասիրութիւնը ցոյց է տալիս, որ մի մասն ունեն յստակ ադրբեջանամէտ դիրքորոշում, եւ նոր չէ, որ զբաղւում են պաշտօնական Բաքուի քարոզչութեամբ եւ շինծու, հակահայկական նարատիւների տարածմամբ:

Ադրբեջանի նկրտումները ՀՀ-ի հանդէպ չէն դադարել
2024-ի դեկտեմբերին Բաքւում կազմակերպուել է նոյնատիպ երկրորդ միջազգային կոնֆերանսը, իսկ այս տարուայ դեկտեմբերին՝ երրորդը: Բոլոր միջոցառումների ժամանակ հնչել են Հայաստանի հասցէին շինծու մեղադրանքներ, «պատմական արդարութիւնը» վերականգնելու կեղծ կոչեր, Հայաստանի եւ Ադրբեջանի պատմութիւնը նենգափոխող յայտարարութիւններ:

2023-2025 թթ. կազմակերպուած կոնֆերանսների արտասահմանցի մասնակիցների աշխարհագրութիւնը յուշում է, որ Բաքուն փորձում է տարէցտարի մեծացնել իր համախոհների շրջանակն ու ապահովել միջազգային կոնսօլիդացիայ ՀՀ-ի հանդէպ նկրտումներն իրագործելու ճանապարհին (կոնֆերանսներին մասնակցում են քաղաքական գործիչներ, այդ թւում՝ պատգամաւորներ, ինչպէս նաեւ քաղաքագէտներ, փորձագէտներ, լրագրողներ, գրողներ, այսինքն՝ մարդիկ, որոնք իրենց երկրներում հանրային կարծիք ձեւաւորող են եւ ունեն լսարան):

Այս ամէնը տեղի է ունենում օգոստոսի 8-ին Վաշինգտօնում ձեռք բերուած համաձայնութիւնների ֆոնին, ինչից յետոյ յատկապէս ՀՀ իշխանութիւնները ոգեւորուած խօսում են այլեւս հաստատուած խաղաղութեան մասին:

Ընդգծենք՝ երկու երկրների արտգործնախարարների կողմից նախաստորագրուած խաղաղութեան համաձայնագրի տեքստում կան յստակ ձեւակերպումներ, որոնք ամբողջովին հակասում են պաշտօնական Բաքուի կողմից շարունակուող եւ նախագահականից ֆինանսաւորուող «Արեւմտեան Ադրբեջան» ծաւալապաշտական ծրագրին ու դրա քարոզչական նախապատրաստութեանը:

Ահա մի քանի պարբերութիւն, որոնց վերաբերեալ Հայաստանն ու Ադրբեջանը «թղթի վրայ» հասել են համաձայնութեան. «Կողմերը ճանաչում են եւ կը յարգէն միմեանց ինքնիշխանութիւնը, տարածքային ամբողջականութիւնը, միջազգային սահմանների անձեռնմխելիութիւնը եւ քաղաքական անկախութիւնը» (յօդուած 1), «Կողմերը հաստատում են, որ միմեանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ եւ յետագայում նման պահանջներ չէն առաջադրի: Կողմերը չէն ձեռնարկի որեւէ գործողութիւն, այդ թւում՝ այդպիսի գործողութիւնների պլանաւորումը, նախապատրաստումը, խրախուսումը եւ աջակցումը, որը նպատակ ունի ամբողջութեամբ կամ մասամբ տրոհել կամ խաթարել միւս Կողմի տարածքային ամբողջականութիւնը կամ քաղաքական միասնութիւնը» (յօդուած 2), «Կողմերը դատապարտում են եւ կպայքարէն անհանդուրժողականութեան, ռասսայական ատելութեան եւ խտրականութեան, անջատողականութեան, բռնի ծայրայեղականութեան եւ ահաբեկչութեան դէմ» (յօդուած 8)։ Իսկ ահա նախագահ Թրամփի ներկայութեամբ Փաշինեանի ու Ալիեւի ստորագրած հռչակագրում, մասնաւորապէս, ասւում է. «Մեր ժողովուրդների համար ստեղծուել են վերջապէս բարիդրացիական յարաբերութիւններ սկսելու պայմաններ՝ հիմնուած միջազգային սահմանների անքակտելիութեան եւ տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթոյլատրելիութեան սկզբունքների վրայ։ Այս իրողութիւնը, որը ենթակայ չէ եւ երբեք չպէտք է ենթակայ լինի վերանայման, ճանապարհ է հարթում մեր երկու ժողովուրդների միջեւ թշնամանքի էջը փակելու համար»:

ՀՀ-ի տարածքը որպէս «Արեւմտեան Ադրբեջան» ներկայացնելու եւ ադրբեջանցիների՝ իրենց «պատմական հողեր» վերադառնալու տարատեսակ միջոցառումներն ու ամենաբարձր մակարդակով արուող յայտարարութիւնները ի ցոյց են դնում մի պարզ իրողութիւն՝ Ալիեւի ղեկավարած Ադրբեջանում հայերի հանդէպ թշնամանքի էջը ոչ միայն չի փակւում/փակուելու, այլեւ այդ էջի վրայ նոր պատմութիւն է գրւում՝ կեղծ, շինծու, հակապատմական, հակագիտական ու հակահայկական:

Share