Մեր միջոցները շատ համեստ են, բայց պարտաւոր ենք օգնել մեր հայրենակիցներին։ Այս մասին Alpha News-ի տաղաւարում նշել է «Լորիկ» մարդասիրական հիմնադրամի ղեկավար Շանթ Չարչաֆեանը՝ անդրադառնալով արցախահայութեան բնակարանային ապահովմանն ուղղուած իրենց ծրագրերին։
Խօսելով Սփիւռքի եւ մարդասիրական օգնութիւնների վերաբերեալ ՀՀ իշխանութիւնների յայտարարութիւնների մասին, որոնց համաձայն՝ Հայաստանը «սեքընդ հենդ» ապրանքների կարիք չունի, հիմնադրամի ղեկավարը շեշտել է, որ դրանք լուրջ հարուած են հասցրել Հայրենիք-Սփիւռք կապերին եւ բացասաբար անդրադարձել նուիրատուութիւնների ծաւալի վրայ։
«Ցաւալի է, որ նսեմացւում են սփիւռքահայութեան տարիների աշխատանքն ու նուիրուածութիւնը։ Այդ յայտարարութիւններից անմիջապէս յետոյ մարդիկ փոխեցին իրենց վերաբերմունքը։ Շատերն ասում են՝ «եթէ Հայաստանի իշխանութիւնը չի ուզում մեզ հետ գործ ունենալ, մենք էլ ոչ մի լումայ չենք ուղարկի»։
Իմ ամենամեծ ջանքն այժմ մարդկանց համոզելն է, որ նահատակուած հերոսի ընտանիքը կամ կարիքաւոր արցախցին մեղք չունեն այս ղեկավարութեան յայտարարութիւնների համար։ Ղեկավարները գալիս ու գնում են, իսկ մենք պէտք է կանգնենք այդ ընտանիքների եւ նրանց երեխաների կողքին»,– նշել է Չարչաֆեանը։
Հիմնադրամի ղեկավարը մտահոգութիւն է յայտնել նաեւ բռնի տեղահանուած արցախցիների նկատմամբ դրսեւորուող խտրականութեան եւ ճնշումների վերաբերեալ։
«Այսօր արցախցիների հանդէպ ցաւալի խտրականութիւն կայ։ Անգամ երեխաներին արգելում են խօսել Արցախի բարբառով, անհեթեթ պիտակաւորումներ են անում։ Արցախցիների նկատմամբ շինծու դատական գործեր են յարուցւում՝ ընդհուպ համացանցում գրուած մէկ մեկնաբանութեան կամ քաղաքական դիրքորոշման համար»,– ընդգծել է Չարչաֆեանը։
Տեսանիւթ՝
