«ԱԼԻՔ» – «Նիկոլ Փաշինեանն այսօր վերջնականապէս բացայայտեց վերջին շրջանում Հայ Առաքելական եկեղեցու, ազգային բարերարների, ՀՅԴ-ի եւ միւս ընդդիմադիր գործիչների դէմ բռնաճնշումների նոր փուլի իրական պատճառը։ Այս ճնշումները զուտ ներքաղաքական հաշւարկներ չեն, դրանք պայմանաւորւած են Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ձեռք բերւած նոր համաձայնութիւններով»։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնող անձի հարցազրոյցում հնչած մտքերին:
«Բռնապետական այս վարքագծի խորքում թաքնւած է հերթական զիջումը՝ այս անգամ Սիւնիքը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի տեսքով։
Այսօր Փաշինեանը փաստացի հաստատեց, որ համաձայն է Սիւնիքով միջանցք տրամադրել Ադրբեջանին (մինչեւ հիմա հերքում էին)։
Միջանցք, որտեղ Հայաստանի ինքնիշխանութիւնն ու իրաւազօրութիւնը լինելու են սահմանափակ։ Սա Էրդողանի նշած՝ «աւելի ճկուն մօտեցման» բովանդակութիւնն է։
Սա Մակրոնի եւ Արեւմուտքի կողմից խրախուսւած աւելի խիզախ քայլերի պտուղներն է։
Միջանցք՝ թուրք-ադրբեջանական տանդեմի համար, զիջում՝ դարձեալ ոչնչի դիմաց։
Սակայն, սա զուտ ներհայաստանեան հարց չէ, սա նաեւ աշխարհաքաղաքական խնդիր է։ Սա նոր փոթորկի սկիզբն է՝ ոչ միայն Հայաստանի, այլ ողջ տարածաշրջանի համար։
Յատուկ ուզում եմ շեշտել. այս ծրագիրը հակասում է ոչ միայն Հայաստանի պետական շահերին, այլեւ ՀՀ միջազգային գործընկերների՝ տարածաշրջանում կայունութեան եւ ինքնիշխանութեան պաշտպանման ուղենիշներին:
Նիկոլի ռեժիմը արտատարածաշրջանային ուժերին այս տարածաշրջան բերելով՝ ոչ թէ կայունութիւն ու խաղաղութիւն է ապահովելու, այլ սկիզբ է դնելու բռնութիւնների ու անկայանութեան նոր շղթայի՝ անկախատեսելի հետեւանքներով։
Շատ յստակ է, որ այս առաջարկի համատեքստում քննարկւող «ամերիկեան», «եւրոպական» ընկերութիւնների անուններն ընդամէնը խայծ են՝ տպաւորութիւն ստեղծելու, որ ծրագրի միակ ու գլխաւոր շահառուն Թուրքիան ու Ադրբեջանը չեն։
Հայաստանի իրական դաշնակիցները հիմա զգում են Արցախի նկատմամբ Ադրբեջանի վերհսկողութեան բոլոր բացասական հետեւանքներն ուղիղ իրենց վրայ։ Արտատարածաշրջանային ուժերի մուտքը Սիւնիք միայն վատթարացնելու է այս վիճակը։
Ուզում եմ նաեւ յստակ ասել. անկախ մեր նակատմամբ իրակնացւող բռնաճնշումներից, բանտարկութիւններից, հեղինակազրկմանն ուղղւած արշաւներից, մենք պայքարելու ենք Հայաստանի թուրքացման այս ծրագրի դէմ։ Մենք դա անելու ենք մեր ժողովրդի հետ, ովքեր գիտակցում են այս ծրագրի վտանգը։
Մենք անելու ենք մեզնից կախւած ամէնը՝ Հայաստանը թուրքական վիլայեթի վերածելու ծրագրի խափանման համար»,- գրել է նա։