«Գիւմրիի ռուսական ռազմաբազայի հարցը պէտք է լուծի հայկական կողմը, սակայն եթէ Հայաստանը գտնում է, որ իրեն այդ ենթակառուցուածքը պէտք չէ, «մենք թեկուզ վաղը կը հեռանանք»»,- յայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք ոչ մէկին ոչինչ չենք պարտադրի։ Եթէ հայ ժողովուրդը ցանկանում է այնտեղ ռուսական ռազմական ներկայութիւն, մենք կը մնանք, կ՚աշխատենք եւ կը համագործակցենք»,- Բիշքեկում կայացած մամուլի ասուլիսում ասել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահն առաջարկել է «Հայաստանի ժողովրդին ընտրելու հնարաւորութիւն տալ Եւրամիութեանն անդամակցելու հարցով, մարդկանց հարցնել՝ ի՞նչ են ուզում»
Հայ-ռուսական լարուած յարաբերութիւնների ֆոնին, վերընտրուելուց յետոյ առաջին անգամ վարչապետ Նիկոլ Փաշինեանն այսօր Բիշքեկում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Հայաստանի ձգտումը դէպի Եւրամիութիւն երկրի օրինական իրաւունքն է, սակայն դա բարդութիւններ է ստեղծում՝ պայմանաւորուած, այդ թւում՝ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ում մնալով»,- յայտարարեց Պուտինը՝ յաւելելով. «Որքան շուտ Հայաստանը կողմնորոշուի Եւրամիութեանն անդամակցելու հարցում, այնքան լաւ։ Մոսկուայում պէտք է հասկանանք՝ ինչպէս զարգացնել հետագայ յարաբերութիւնները»։
«Հայաստանի՝ այլ կազմակերպութեանն անդամակցելու գործընթացը սկսելու մասին օրէնքի ընդունումը նշանակում է գործող կազմակերպութիւնից դուրս գալու մասին յայտարարութիւն»,- ասել է Պուտինը Փաշինեանին՝ անդրադառնալով մէկուկէս տարի առաջ Հայաստանի Ազգային ժողովի ընդունած օրէնքին, որն ազդարարում է Երեւանի՝ Եւրամիութեանն անդամակցութեան գործընթացի մեկնարկը։
Ռուսաստանի նախագահն առաջարկել է «Հայաստանի ժողովրդին ընտրելու հնարաւորութիւն տալ Եւրամիութեանն անդամակցելու հարցով, մարդկանց հարցնել՝ ի՞նչ են ուզում»։
Վլադիմիր Պուտինն ընդգծեց՝ Ռուսաստանը Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերն է, տարեսկզբից երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառութիւնը կազմել է 2.5 միլիարդ դոլար։
«Ռուսաստանը միշտ հանդէս է գալիս Հայաստանի հետ բարեկամական եւ փոխշահաւէտ յարաբերութիւնների զարգացման օգտին, ինչը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների հիմնարար շահերին»,- ասաց նա։
