Երեւանի առաջին ատեանի ընդհանուր իրաւասութեան քրէական դատարանում շարունակուեց «Սրբազան պայքարի» գործով դատական նիստը։ Դատարանն այսօր՝ նոյեմբերի 20-ին, քննեց մի շարք մեղադրեալների խափանման միջոցի հարցը։
Այս գործով 18 մեղադրեալ կայ։ Դատարանը, դատաւոր Կարէն Ֆարխոյեանի նախագահութեամբ, որոշեց մեղադրեալներ Լիդեայ Մանթաշեանի եւ Մովսես Շարբաթեանի կալանքը երկարաձգել եւս 3 ամսով։ Հանրային մեղադրողների կարծիքով՝ այլընտրանքային խափանման միջոցներն ի զօրու չէն ապահովելու մեղադրեալների պատշաճ վարքագիծը։
Ըստ մեղադրանքի՝ նախնական համաձայնութեամբ խմբի կազմում նրանք ձեռք են բերել ահաբեկչութիւն կատարելու եւ իշխանութիւնը զաւթելու համար անհրաժեշտ միջոցներ եւ գործիքներ, ինչպէս նաեւ դիտաւորութեամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանութիւնը իւրացնելու նախապատրաստութիւն։
Լիդեայ Մանթաշեանը դատարանում յայտարարեց՝ այնպիսի տպաւորութիւն է, որ ամբողջ քրէական գործի մէջ ամենավտանգաւոր անձն ինքն է։
«Ուզում եմ ֆիքսենք, որ սա պատժի ձեւ է, ես գիտեմ՝ ինձ ինչի համար են պատժում։ Որոշ պաշտօնեաների վերաբերեալ իմ միջոցով ինֆորմացիաներ են յայտնի դարձել, եւ իրենք նեղուել են դրանից։ Իրենք կարող էին գործ յարուցել որպէս զրպարտութիւն, բայց քանի որ դա զրպարտութիւն չի եղել, էս գործի մէջ են խցկել, մտածում են՝ եթէ մեղադրական եզրակացութեան մէջ գրեցին Լիդեան Բագրատ Սրբազանի օգնականն ա, Լիդեան դարձաւ Բագրատ Սրբազանի օգնականը, չէ, չնայած իմ համար մեծ պատիւ է, որ ես լինեմ Բագրատ Սրբազանի օգնականը։
Ես էս ամբողջ պայքարի ընթացքում լրատուութեամբ եմ զբաղուել, դա յայտնի փաստ է։ Ինձ համար ամենացաւալին այն է, որ ինչ-որ մարդիկ մօտենում են, ասում՝ դատարանը թոյլտուութիւն չի ստացել քեզ ազատ արձակելու։ Ցաւում եմ էն վիճակի համար, որի մէջ գտնւում է հիմա իմ պետութիւնը։ Ցաւում եմ, որ որոշում կայացնելու մէջ մարդիկ անկախ չէն»,- ասաց նա։
Մեղադրեալ Արայ Ռոստոմեանի նկատմամբ դատարանը կիրառեց բացակայելու արգելք ու վարչական հսկողութիւն՝ վերացնելով տնային կալանքը: Դատարանն արգելեց մեղադրեալին ժամը 21:00-08:00-ն լքել բնակութեան վայրը, ինչպէս նաեւ՝ այցելել մարդաշատ վայրեր:
Չնայած հանրային մեղադրողը միջնորդեց մեղադրեալ Արմէն Ալեքսանեանի կալանքը երկարացնել եւս 3 ամիս ժամկէտով, այնուամենայնիւ, դատարանը որոշեց Ալեքսանեանի նկատմամբ կիրառել նոր խափանման միջոց՝ տնային կալանք՝ համակցուած բացակայելու արգելքով։ Տնային կալանքի ժամկէտը սահմանուեց 3 ամիս։ Մեղադրեալին այդ ընթացքում արգելւում է իր բնակութեան վայրում հիւրընկալել այլ անձանց, ունենալ հեռախօսազրոյցներ եւ նամակագրութիւն։
Արսէն Ղազարեանի խափանման միջոց կալանքը փոխարինուեց վարչական հսկողութեամբ եւ բացակայելու արգելքով, մեղադրեալը չպէտք է փոխի բնակութեան վայրը, չշփուի վարոյթի այլ մեղադրեալների հետ։
Արման Իսրայելեանի նկատմամբ կիրառուեց 2 ամիս ժամկէտով տնային կալանք՝ համակցուած բացակայելու արգելքով եւ 2 մլն դրամի չափով գրաւ։
Միհրան Մախսուդեանի տնային կալանքը փոխարինուեց վարչական հսկողութեամբ։ 5 մլն դրամի չափով գրաւն ու բացակայելու արգելքը մնացին անփոփոխ։
Դաւիթ Գալստեանի խափանման միջոցը եւս փոխուեց։ Դատաւոր Կարէն Ֆարխոյեանը վերացրեց տնային կալանքը եւ նշանակեց վարչական վերահսկողութիւն, 5 մլն դրամ գրաւը եւ բացակայելու արգելը մնացին անփոփոխ։
Կարոյ Օկումուշեանի խափանման միջոց կալանքը վերացուեց։ Հաշուի առնելով երկու անչափահաս երեխաների առկայութիւնը՝ դատարանը որոշեց այն փոխարինել տնային կալանքով, բացակայելու արգելքով եւ 1 մլն 500 հազար դրամ գրաւով։
Յաջորդ դատական նիստը նշանակուել է նոյեմբերի 27-ին։
hetq.am
