Ներկայացնում ենք ԵՄ արտաքին գործերի ու անվտանգութեան քաղաքականութեան հարցերով նախկին բարձր ներկայացուցիչ, ՆԱՏՕ-ի նախկին գլխաւոր քարտուղար Խաւիէր Սոլանայի եւ EsadeGeo Գլոբալ էկոնոմիկայի եւ աշխարհաքաղաքականութեան կենտրոնի տնօրէն Անխել Սազ-Կարանսայի յօդուածը մէդիամաքս կայքից:
Խաւիէր Սոլանա, Անխել Սազ-Կարանսա
Քառորդ դար առաջ աշխարհն ակնթարթօրէն փոխեց իր ընթացքը։ Նոր հազարամեակը համընկաւ ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում՝ աշխարհի այն ժամանակուայ երկու խոշորագոյն ռազմական տէրութիւններում, նոր նախագահների իշխանութեան գալու հետ։ Սակայն 2001 թուականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչութիւնները ԱՄՆ-ում արմատապէս փոխեցին երկու երկրների, ինչպէս նաեւ արագ թափ հաւաքող Չինաստանի զարգացման հետագիծը՝ սկիզբ դնելով գործընթացների, որոնք ի վերջոյ յանգեցրին այն մասնատուած աշխարհաքաղաքական կարգին, որում ապրում ենք այսօր։
2001 թուականի սեպտեմբերի 11-ի առաւօտեան հեռուստախցիկները ֆիքսեցին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ կրտսերին Ֆլորիդա նահանգի Սարասոտա քաղաքի տարրական դպրոցում երեխաների համար գիրք կարդալիս, երբ օգնականը նրա ականջին շշնջաց, որ երկիրը յարձակման է ենթարկուել։ Նրա դէմքի շփոթուած արտայայտութիւնը կանխորոշեց այն գիծը, որը հետագայում որոշիչ դարձաւ ԱՄՆ արտաքին քաղաքականութեան համար։

Լուսանկարը՝ REUTERS
Շուտով Միացեալ Նահանգները բոլոր միւս նպատակները ստորադասեց ազգային անվտանգութեան շահերին՝ հրաժարուելով բազմակողմ առաջնորդութիւնից, որի վրայ յենւում էր 1945 թուականից ի վեր։ 2001 թուականի վերջից սկսած՝ ԱՄՆ պաշտպանութեան նախարար Դոնալդ Ռամսֆելդը պնդում էր Ամերիկայի դուրս գալը Հակահրթիռային պաշտպանութեան (ՀՀՊ) պայմանագրից՝ հակահրթիռային վահանի ստեղծման աշխատանքները սկսելու համար։ Դա յանգեցրեց Ռազմավարական ՀՀՊ ցամաքային էշելոնի (GMD) ծրագրի ի յայտ գալուն՝ հրթիռների տեղակայմամբ Ալեասկայում ու Կալիֆորնիայում եւ Լեհաստանում դրանք տեղակայելու ծրագրերով, ինչն անակնկալի բերեց թուլացած Ռուսաստանը։ Վլադիմիր Պուտինի արձագանգը, որը պատասխանեց СНВ-2 պայմանագրից հրաժարուելով, չպէտք է որեւէ մէկին զարմացնէր։
ԱՄՆ-ը ներքաշուեց երկու խոշոր պատերազմների մէջ՝ Աֆղանստանում, որտեղ նրանց միջամտութիւնն օրինական էր եւ ստացաւ աշխարհի զգալի մասի աջակցութիւնը, եւ Իրաքում, ուր նրանք ներխուժեցին առանց ՄԱԿ-ի արտօնման։ Իրաքեան պատերազմը ներքին պառակտում առաջացրեց Եւրամիութիւնում. Ֆրանսիան եւ Գերմանիան դէմ էին, իսկ նոր անդամները, օրինակ՝ Լեհաստանը, աջակցեցին ԱՄՆ-ի գործողութիւններին։
Երկու պատերազմներն էլ աւարտուեցին ձախողմամբ, եւ Բուշի նախագահութիւնը թունաւորուած նուէր թողեց՝ 2008 թուականի ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթնաժողովում արուած Վրաստանի եւ Ուկրաինայի՝ դաշինքին ապագայ անդամակցութեան մասին վեհաշուք, բայց անիրագործելի առաջարկը։ Չունենալով ո՛չ յստակ ժամկէտներ, ո՛չ էլ իրական երաշխիքներ՝ այս խոստումը տագնապեցրեց Կրեմլին եւ որեւէ կերպ չպաշտպանեց ո՛չ Վրաստանին, ո՛չ էլ Ուկրաինային։

Լուսանկարը՝ REUTERS
2000 թուականին Ռուսաստանում Պուտինի իշխանութեան գալը սկզբում, կարծես, կայունութիւն եւ տնտեսական զարգացում էր խոստանում 1990-ականների քաոսից յետոյ։ Սեպտեմբերի 11-ին նա առաջիններից մէկն էր զանգահարել Բուշին՝ համերաշխութիւն յայտնելու համար։ Սակայն դա երկար չտեւեց։ 2003 թուականին Կրեմլը բռնագրաւեց «ՅՈՒԿՈՍ» ընկերութիւնը եւ բանտարկեց նրա տիրոջը՝ քաղաքական յաւակնութիւններ ունեցող օլիգարխ Միխայիլ Խոդորկովսկուն։ 2006 թուականին Լոնդոնում թունաւորուեց ռուսական հետախուզութեան նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտուինենկոն։ Իսկ 2007 թուականին Միւնխենի անվտանգութեան համաժողովում Պուտինը կոշտ ելոյթ ունեցաւ՝ մեղադրելով Արեւմուտքին երկակի ստանդարտների մէջ եւ փաստացի հրաժարուելով անվտանգութեան այն ճարտարապետութիւնից, որը Ռուսաստանն ու Արեւմուտքը ժառանգել էին Սառը պատերազմի դարաշրջանից։
Ամերիկեան ունիլատերալիզմի եւ Ռուսաստանի մարգինալացման համադրութիւնը Պուտինին մղեց դէպի ռեւիզիոնիստական ազգայնականութիւն, աւելի բացայայտ աւտորիտարիզմ եւ, աստիճանաբար, թափ հաւաքող չինական հսկայի գիրկը։ 2008 թուականի օգոստոսին Ռուսաստանը ներխուժեց Վրաստան՝ նախադէպ ստեղծելով Ուկրաինա հետագայ ներխուժման համար։

Սակայն, թերեւս, ապագայի համար ամենահետաքրքիր եւ նշանակալից գործընթացները տեղի էին ունենում Ասիայում։ 2001 թուականի դեկտեմբերին Չինաստանն անդամակցեց Առեւտրի համաշխարհային կազմակերպութեանը՝ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի լիակատար աջակցութեամբ։ Արեւմուտքը ելնում էր նրանից, որ առեւտրային ինտեգրումը չինական տնտեսական մոդելը կը մղի դէպի մերձեցում լիբերալ կապիտալիզմի հետ։ Դրա փոխարէն Չինաստանը գնաց այլ՝ արդիւնաւէտ, խիստ կառավարուող պետական կապիտալիզմի ճանապարհով։ Չինական մոդելը ոչ միայն չանհետացաւ, այլեւ վերածուեց հզօր աշխարհաքաղաքական լծակի, որին արեւմտեան մոդելն այդպէս էլ չկարողացաւ պատասխան գտնել։
2012 թուականին Չինաստանում իշխանութեան եկաւ Սի Ծինփինը, որը սկսեց իր ձեռքում կենտրոնացնել իշխանութիւնն ու հասարակութեան նկատմամբ վերահսկողութիւնը այնպիսի ծաւալներով, որոնք աննախադէպ էին Մաո Ցզեդունի ժամանակներից ի վեր։ Նրա քաղաքական դոկտրինը կուսակցութեան կանոնադրութեան մէջ ներառուեց (Մաոյի եւ Դեն Սեաոպինի դոկտրիններին հաւասար) 2017 թուականին, իսկ մէկ տարի անց Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովը վերացրեց նախագահական ժամկէտների քանակի սահմանափակումը։

Լուսանկարը՝ REUTERS
Այդ ժամանակուանից ի վեր Սին շարունակում էր աւելի կենտրոնացնել իշխանութիւնը եւ Չինաստանի քաղաքացիական ու ակադեմիական կեանքը տարանջատել մնացեալ աշխարհից։ 2017 թուականին Չինաստանում արգելափակուեցին WhatsApp-ը եւ Skype-ը, ինչը դժուարացրեց քաղաքացիական հասարակութեան եւ բիզնեսի առաջնորդների շփումն իրենց արեւմտեան գործընկերների հետ։ Իսկ վերջին հինգ տարիների ընթացքում հարիւրաւոր բարձրաստիճան պաշտօնեաներ եւ հրամանատարներ հեռացուեցին պաշտօններից կամ ենթարկուեցին բռնաճնշումների։
Սեպտեմբերի 11-ից յետոյ աշխարհն այլ ճանապարհով ընթանալու հնարաւորութիւն ունէր։ Դրա փոխարէն խոշոր տէրութիւններն անվտանգութեան եւ ուժի չափազանց նեղ ընկալման պատանդ մնացին։ ԱՄՆ-ը պարփակուեց իր ներսում եւ որդեգրեց «ուժն է ծնում իրաւունք» սկզբունքը։ Ռուսաստանը՝ մարգինալացուած ու թուլացած, վերածուեց դիմակայութեան պատրաստ ռեւիզիոնիստական տէրութեան, իսկ Չինաստանն իր տնտեսական մոդելն ազդեցութեան գործիք դարձրեց, որի պատասխանն Արեւմուտքն առայժմ չի գտել։
Եւրոպայի համար այս գործընթացներն ամենայն յստակութեամբ ցոյց տուեցին, որ այն այլեւս չի կարող յոյսը դնել ամերիկեան պաշտպանութեան վրայ։ Եւրոպային անհրաժեշտ է ստեղծել սեփական զինուած ուժերը, որոնք ունակ կը լինեն դիմակայել Ռուսաստանին, ինչպէս նաեւ մշակել չինական ճնշումից սեփական տնտեսութիւնը պաշտպանելու մեխանիզմներ։ Կ՚գնա՞յ արդեօք Եւրոպան այս ճանապարհով՝ ցոյց կը տայ ժամանակը։
Թարգմանութիւնը՝ Մարթա Սեմեոնովայի
Այս յօդուածը թարգմանուել եւ հրապարակուել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցութեամբ Մեդիամաքսի կայքում։ Յօդուածում արտայայտուած մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի կամ Օրակարգի տեսակէտները։
