ՀՄԸՄ-ի միջդիւանական 12-րդ խորհրդաժողովի նախօրէին՝ նոյեմբերի 2-4-ը, ՀՄԸՄ-ի Կենտրոնական վարչութիւնը Երեւանում գումարեց 2023-2027 քառամեակի իր չորրորդ լիագումար նիստերը։
Եռօրեայ նիստերի ընթացքում Կենտրոնական վարչութիւնը գնահատեց անցնող մէկ տարուայ իր բեղուն գործունէութիւնը, որի գլխաւոր ձեռքբերումներն էին՝ ՀՄԸՄ-ի առաջին նաւապտոյտը, քարոզչական առաջին համագումարը, սկաուտական «Արարատեան» կարգի կազմակերպումը, համաՀՄԸՄ-ական 13-րդ բանակումը, Հայաստանում «Հայ մարզիկի օրուայ» նշումը, «ՀՄԸՄ-ի Արցախ» հիմնադրամի աշխատանքները, «Մարզիկ» պաշտօնաթերթի հրատարակութիւնը, 46 տարուայ համարների թուայնացումը եւ մատենագիտութեան պատրաստումը, քարոզչական ոլորտում իրականացուած լայնածաւալ աշխատանքները (գրասենեակի եւ գործավարութեան ստեղծում, եռալեզու կայքէջ, էլեկտրոնային լրատու, Ազգային գրադարանի եւ արխիւի հետ կապերի հաստատում), ինչպէս նաեւ Շրջանային եւ Մեկուսի վարչութիւնների ատենապետների, սկաուտ խմբապետների եւ քարոզչական պատասխանատուների առցանց հանդիպումները։
Կենտրոնական վարչութիւնը գնահատանքով արձանագրեց ՀՄԸՄ-ի Բուլղարիայի սկաուտների համար հայերէնի անվճար դասընթացների կազմակերպումը, Աւստրալիայում սկաուտական «Վկայեալ» կարգի իրականացումը եւ Ֆրանսիայում սկաուտական գործունէութեան աշխուժացման նպատակով իրականացուող գործուղումները։
Անդրադարձ կատարուեց նաեւ առաջիկայ տարուայ համար նախատեսուած երեք միջշրջանային մարզախաղերին, որոնք տեղի կ՚ունենան Բուէնոս Այրէսում (Ամերիկաների եւ Աւստրալիայի համար), Փարիզում (Եւրոպայի շրջանների համար) եւ Հալէպում (Միջին Արեւելքի շրջանների համար)։
Կենտրոնական վարչութիւնը վերահաստատեց իր մշտական աջակցութիւնը ՀՄԸՄ-ի Արցախի մասնաճիւղին եւ ողջունեց միջազգային սկաուտութեան եւրոպական տարածաշրջանի կարեւոր համաժողովներից մէկի կազմակերպումը ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ին վստահելու որոշումը։ Համաժողովը տեղի կ՚ունենայ առաջիկայ գարնանը՝ Երեւանում։
Վերջապէս, Կենտրոնական վարչութեան նիստերում քննարկուեցին միութեան կազմակերպական, տնտեսական, երիտասարդական եւ տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտներին առնչուող օրակարգային հարցեր, որոնց վերաբերեալ ընդունուեցին համապատասխան որոշումներ։
Նշենք, որ ՀՄԸՄ-ի Կենտրոնական վարչութեան նիստերին յաջորդեցին ՀՄԸՄ-ի միջդիւանական 12-րդ խորհրդաժողովի նիստերը, որոնք անցկացւում են նոյեմբերի 5-ին եւ 6-ին՝ Երեւանում, երկու օրուայ տեւողութեամբ եւ միութեան 24 շրջաններից աւելի քան 40 պատասխանատուների մասնակցութեամբ։
ՀՄԸՄ-ի Կենտրոնական վարչութիւն
