Վեհափառը ԵԽ պատգամաւորին է ներկայացրել ռազմագերիների և բռնահանուած արցախցիների խնդիրները

Վեհափառը ԵԽ պատգամաւորին է ներկայացրել ռազմագերիների և բռնահանուած արցախցիների խնդիրները

Դեկտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եւրախորհրդարանի պատգամաւոր Ժոֆրուայ Դիդիեին՝ ուղեկցութեամբ ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Օլիւյէ Դըկոտինյիի։

Հանդիպմանը Նորին Սրբութիւնն իր գնահատանքը յայտնեց պատգամաւոր Ժոֆրուայ Դիդիեին հայանպաստ դիրքորոշումների, ինչպէս նաեւ Եւրախորհրդարանին՝ ի պաշտպանութիւն արցախահայութեան արդար իրաւունքների կատարուած յայտարարութիւնների եւ որդեգրուած բանաձեւերի առնչութեամբ։

Իր խօսքում Նորին Սրբութիւնն անդրադարձաւ Ադրբեջանի ցեղասպանական գործողութիւններին, որոնց հետեւանքով հայաթափուեց Արցախը, ինչպէս նաեւ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքների բռնազաւթմանը եւ որդեգրած ագրեսիւ քաղաքականութեանը։

Զրոյցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց մինչ օրս Ադրբեջանում պահուող հայ ռազմագերիների վերադարձման եւ Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգութեան պահպանութեան խնդիրներին՝ այդ ուղղութեամբ կարեւորելով միջազգային ատեանների գործուն քայլերի ձեռնարկումը։

Եւրախորհրդարանի պատգամաւոր Ժոֆրուայ Դիդիէն Նորին Սրբութեանը տեղեկացրեց, որ Հայաստան իր այցի ընթացքում ի մոտոյ ծանօթացել է հայրենազրկուած արցախահայութեան ծանր կացութեանը։ Այս առիթով Եւրախորհրդարանի պատգամաւորը հաւաստիացրեց, որ այսուհետ եւս պիտի շարունակի ջանքեր ներդնել ի նպաստ արցախահայերի իրաւունքների պաշտպանութեան եւ Հայաստանի անվտանգային խնդիրների յաղթայարման։

Զրոյցի ընթացքում անդրադարձ կատարուեց նաեւ Երուսաղեմի Հայոց պատրիարքութեան «Կովերի պարտէզ» կալուածքի վարձակալութեան շուրջ ստեղծուած իրադարձութիւններին։ Նորին Սրբութիւնն իր գնահատանքը յայտնեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին խնդրի առնչութեամբ կատարած կոչի համար։

Share