Ամերիկայում կայ մի քանի հարիւր հազար հայ, ԱՄՆ կառավարութիւնը վերջին ամիսներին խօսում է երկքաղաքացիութիւնն արգելելու մասին
«Հայաստանի իշխանութիւններն ամէն ինչ անում են, որ այն, ինչ հայկական է, հեռացնեն հայրենիքից, լինեն դա ազգային սիմւոլները, լինի Արցախը, լինեն Հայաստանի հողատարածքներն ու Հայաստանի քաղաքացիները, որոնք Հայաստանից դուրս են ապրում, լինեն սփիւռքահայերը։ Սա համատարած մի կեցուածք է, ամէն ինչ անում են, որ օտարեն մեր ժողովրդին իր հայրենիքից, անկախ նրանից՝ Սփիւռքից են նրանք, թէ Հայաստանից»,- ասում է The California Courier թերթի հիմնադիր խմբագիր Հարութ Սասունեանը՝ մեկնաբանելով ՀՀ կառավարութեան մտադրութիւնը՝ 5-10 անգամ բարձրացնելու ՀՀ քաղաքացիութիւն ստանալու եւ քաղաքացիութիւնը դադարեցնելու համար սահմանուած պետական տուրքերը։ Ինչպէս յայտնի է, այդ օրէնսդրական փոփոխութիւնների նախագիծն արդէն ներկայացուած է հանրային քննարկման։ Մենք Հարութ Սասունեանի հետ զրուցեցինք այս թեմայի շուրջ։
— Այս նոր կարգաւորումներով, երբ սփիւռքահայից պահանջում են Հայաստանում ապրելու ստաժ ու մեծ տուրքեր (քաղաքացիութիւն ստանալը 50 հազար դրամից դառնալու է 250 հազար, քաղաքացիութեան դադարեցումը՝ 150 հազարից՝ 1 մլն 500 հազար), տպաւորութիւն է, թէ իշխանութիւնը փակում է հայրենիքի դռները։ Սա Սփիւռքին պետութիւնից կտրելու միտումնաւոր քա՞յլ է, թէ՞ քաղաքական վախեր։ Ինչո՞ւ է կառավարութիւնն այսպիսի արգելքներ յօրինում Սփիւռքի հայերի համար։
- Դուք տեսաք յունիսի 7-ի ընտրութիւններից առաջ, որ Հայաստանի քաղաքացիներին, որոնք գալիս էին Հայաստան՝ ընտրութեանը մասնակցելու, որոնց մի մասը, եթէ ոչ մեծ մասը, ապրում է Մոսկուայում, չէին թողնում, որ գան ու քուէարկեն՝ ասելով, որ պէտք է նախ զինուորական վարժութեան գնան։ Բայց դա պատճառաբանութիւն էր, որպէսզի չթողնէին, որ ընտրեն, մինչդեռ քաղաքացու տարրական իրաւունքն է ժողովրդավար երկրում, որ իր քուէարկելու իրաւունքն օգտագործի։ Առանց ամաչելու՝ Փաշինեանն ամէն օր խօսում է ժողովրդավարութեան մասին, մինչդեռ նա ժողովրդավարութիւնից շատ հեռու մարդ է, աւելին՝ բռնապետ է։ Ամէն որոշումները պետութեան բոլոր նախարարութիւնների, ԱԺ-ի, նախագահի, դատարանների փոխարէն ինքն է ընդունում, միանձնեայ։ Այս մարդն ինչ ուզում է, անում է, որովհետեւ ունի իշխանութեան լծակներ, անսահման միջոցներ, որոնք պատկանում են ժողովրդին, ոչ թէ իրեն, ունի հազարաւոր ոստիկաններ, որոնց հաւատարմութիւնն իր հանդէպ պահպանելու համար բոնուսներ է տալիս։
— Սփիւռքին ուղղուած՝ առաւելութիւններ տուող ոչ մի քայլ չե՞ք տեսնում ՀՀ կառավարիչների գործունէութեան մէջ։
- Նա չի թողնում նոյնիսկ, որ քաղաքացին գայ ու ընտրի ընտրութեան օրը, ուր մնաց, որ Սփիւռքին աւելի ընդառաջեն՝ որոշ առաւելութիւններ տալով։ Դա բացառուած է, այս իշխանութիւնների մօտ նման բան երբեք չի լինելու։ Արսէն Թորոսեանը մայիսին Ազգային ժողովում ելոյթ ունեցաւ, որում ասաց, որ մենք պէտք է դուրս գանք մեր մոնոէթնիկ իրավիճակից եւ ներգաղթ կազմակերպենք, որ հարիւր հազարաւոր օտարներ գան Հայաստան։ Ունենք 7 մլն սփիւռքահայեր, եւ ոչ միայն չեն փորձում, որ սփիւռքահայերը Հայաստան փոխադրուեն, այլեւ ամէն ինչ անում են, որ աւելի խոչընդոտեն այն սփիւռքահայերին, որոնք ուզում են Հայաստան գալ՝ ի տարբերութիւն Իսրայէլի, որը, մէկ հրեայ անգամ եթէ Իսրայէլ է գալիս, անմիջապէս մուտքին արդէն անձնագիրը տալիս են։ Այդպէս պէտք է լինի։ Եթէ մտահոգ են, որ Հայաստանի բնակչութեան աճը բաւարար չէ, թող մտածեն, թէ ինչ կարող են անել, որ մեր սփիւռքահայ հայրենակիցների առնուազն մի մասը տեղափոխուի Հայաստան։
— Զարեհ Սինանեանը Սփիւռքի գործերով յանձնակատարն է։ Երեւի թէ նա պէտք է զբաղուի Ձեր ասած խնդրով, ոչ թէ՝ Արսէն Թորոսեանը։ Ի՞նչ է անում նա, նրա աշխատանքը Դուք զգո՞ւմ էք։
- Զարեհ Սինանեանը մի քանի տարի առաջ, երբ մեկնեց Լիբանան, մի լրագրողի հարցազրոյց տուեց ու ասաց, որ ուզում են, որ արաբները ներգաղթեն Հայաստան։ Այստեղ երկու խնդիր կայ։ Մէկն այն է, որ Զարեհ Սինանեանը Սփիւռքի գլխաւոր յանձնակատարն է եւ ոչ մի կապ չունի օտարազգիների՝ Հայաստան ներգաղթելու հետ։ Դա՝ ներգաղթը, այլ պաշտօնի աշխատանք է, իր գործը չէ։ Իր գործը միայն հայերի հետ է, պէտք է Հայաստանի ու Սփիւռքի միջեւ կամուրջ լինի ինքը, բայց նա չի հասկանում դա։ Օրինակ՝ նա պէտք է խօսէր ոչ թէ արաբներին Հայաստան բերելու մասին, այլ՝ թէ ինչ անենք, որ սփիւռքահայերին քաջալերենք, որ Հայաստան փոխադրուեն։ Դա է իր գործը։ Տասնեակ օրինակներ կան, որ մեր իշխանութիւններն ամէն ինչ անում են՝ խոչընդոտելու սփիւռքահայերի ներգրաւումը Հայաստանի կեանքի մէջ, եւ հեռացնում են մեզ, խանգարում են։
— Տեսէք, նոր կարգաւորումներով՝ ՀՀ քաղաքացիութիւն կարող է ստանալ ազգութեամբ հայ անձը՝ ՀՀ-ում բնակութիւն հաստատելու պահից, իսկ այդ պահը համարւում է առնուազն 366 օր փաստացի գտնուելը։ Այսինքն՝ ազգութեամբ հայն այսքան պէտք է բնակուի Հայաստանում, որ նոր ստանայ քաղաքացիութիւն։ Սա ինչպէ՞ս կը գնահատէք։
- Սա անիմաստ մի բան է։ Եթէ որեւէ մէկն ուզում է ՀՀ քաղաքացի լինել, Հայաստանի կառավարութիւնը պէտք է քաջալերի՝ անկախ նրանից՝ այդ մարդն ապրո՞ւմ է Հայաստանում, թէ՞ ոչ, որովհետեւ այդ փաստաթուղթը՝ ՀՀ անձնագիրը, որ ես ունեմ, մեծ սիմւոլիկ արժէք ունի։ Այդ թուղթը քեզ կապում է քո հայրենիքի հետ, զգում ես, որ քո հայրենիքի մասն ես՝ անկախ, թէ ուր ես ապրում։
— Նոր կարգաւորումների ֆինանսական մասի վերաբերեալ ի՞նչ կ՚ասէք։ Այդքան բարձր տուրքեր դնելու նպատակը ո՞րն է․ 250 հազար՝ քաղաքացիութիւն ստանալու, 1,5 մլն՝ հրաժարուելու։
- Յայտնի է, որ պետութիւնը փորձում է նոր եկամուտների աղբիւրներ գտնել, դա է նրանց դարդը, որեւէ առիթ, որ գտնում են այդ փողերը հաւաքելու համար՝ անկախ, թէ ումից են հաւաքում՝ սփիւռքահայից, թէ հայաստանցուց։ Այստեղ մի հսկայական նիւթ էլ կայ, որ շատերը չեն թափանցել։ Երբ ասում են, որ քաղաքացիութիւնից հրաժարուելը 1,5 մլն դրամ է, նախ՝ այն քաղաքացիները, որոնք մեկնել են Հայաստանից, ի՞նչ պատճառ ունեն, որ 1,5 մլն դրամ տան, որ հրաժարուեն։ Եթէ մարդն արդէն տեղափոխուել է ու ապրում է, ասենք, Լոս Անջելեսում, ինչո՞ւ նա պէտք է 1,5 մլն դրամ տայ ու հրաժարուի քաղաքացիութիւնից։ Պետութիւնը կարող է այդ անձնագիրն ուղղակի չնշել, անտեսել, դա պետութեան գործն է։ Բայց կայ մի խոր հարց. ԱՄՆ կառավարութիւնը վերջին ամիսներին խօսում է երկքաղաքացիութիւնն արգելելու մասին։ ԱՄՆ-ում կայ մօտ 300 հազար ՀՀ քաղաքացի։ Եթէ վաղը Թրամփը, որը հազար ու մի անիմաստ բաներ է անում, որոշի, որ որեւէ մէկը չպէտք է երկքաղաքացի լինի, ապա մենք ունենք ԱՄՆ-ում մի քանի հարիւր հազար երկքաղաքացիներ։ Եւ եթէ այդ նոր օրէնքն ընդունուի ԱՄՆ-ի կողմից, ամերիկեան կառավարութիւնը կը դիմի օտար երկրներին, ներառեալ՝ Հայաստանին, ու կը խնդրի, որ իրեն ուղարկի բոլոր երկքաղաքացիների ցուցակը։ Այդ դէպքում կը պահանջուի, որ մարդը փաստաթղթաւորի քաղաքացիութիւնից հրաժարուելը։ Այդ ժամանակ մի քանի հարիւր հազար հայաստանցի պարտաւոր կը լինի՝ իւրաքանչիւրը 1,5 մլն դրամ վճարել՝ մօտ 4 հազար դոլար, ու մի քանի մլրդ դոլար կը ստանայ Հայաստանի պետութիւնը։ Սա հսկայական եկամուտ է Հայաստանի կառավարութեան համար, որը ջրի պէս փող է ծախսում, բոնուսներ է տալիս՝ պարգեւավճարներ, ու հիմա էլ գտել է եկամտի նոր աղբիւր՝ քաղաքացիութիւնից հրաժարուողների հաշուին։ ԱՄՆ-ից զատ, ՀՀ քաղաքացիների աւելի մեծ համայնքը Ռուսաստանում է։ Ու եթէ վաղը Ռուսաստան-Հայաստան յարաբերութիւններն աւելի վատանան, Պուտինը կարող է ինքն էլ մի օրէնք հանել, որով կ՚արգելի ՌԴ-ում երկքաղաքացի լինելը։ Այդ դէպքում ՌԴ-ի հայերը՝ մօտ 2 մլն քաղաքացի, պարտաւոր կը լինեն Հայաստանի քաղաքացիութիւնից հրաժարուելու։ 2 մլն ՀՀ քաղաքացի, ամէն մէկը՝ 4 հազար դոլար, 8 մլրդ դոլար է ստացւում, ու սա մեծ պրոբլեմ կը լինի հայութեան համար։ 21-րդ դարում ենք ապրում, մարդիկ մի տուն ունեն Ֆրանսիայում, մի տուն՝ Լիբանանում, Կանադայում, մի քանի ամիս մնում են Հայաստանում, մի քանի ամիս՝ այստեղ, եւ այս դարաշրջանում ոչ մի իմաստ չկայ՝ պարտադրել մարդուն, որ նա մնայուն կերպով նոյն տեղում ապրի։
— Դուք հեռուից մանրամասն հետեւում էք Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, այդ թւում՝ ապօրինի ունեցուածքի բռնագանձման պատրուակով իրականացուող քայլերին։ Որպէս ԱՄՆ քաղաքացի՝ ինչպէ՞ս էք գնահատում իրաւական այս պատկերը եւ յետընտրական շրջանի ձերբակալութիւնները։
- Ես մանրամասն հետեւում եմ, թէ ինչ է տեղի ունենում։ Յունիսի 7-ի ընտրութիւններից դեռ ամիսներ առաջ իշխանութիւնները սկսեցին ձերբակալել հարիւրաւոր քաղաքացիների՝ ասելով, որ իրենք կաշառք են տուել, որպէսզի մարդիկ իշխանութեան դէմ քուէարկեն։ Այս հարիւրաւոր մարդկանցից գոնէ մէկ հոգու վերաբերեալ չկայ դատավճիռ։ Դատ չի եղել։ Նշանակում է՝ նրանք բոլորը, մինչեւ չդատուեն, անմեղ մարդիկ են։ Ապա, ինչն աւելի մեծ յանցանք է իշխանութեան կողմից, ձերբակալւում են մեծահարուստ մարդիկ՝ պարոն Ծառուկեանը, Ռոբերտ Քոչարեանը, Սամուէլ Կարապետեանը՝ ասելով, որ ապօրինի ունեցուածք ունեն։ Սա ընդամէնը ամբաստանութիւն է, դատը դեռ չի եղել, բայց այդ մարդկանց ձերբակալում են ու իրենց ունեցուածքը վերցնում են նրանց ձեռքից։ Ինչի՞ հիման վրայ, եթէ դատ չի եղել։ Ո՞նց կարելի է անմեղ մարդուն ձերբակալել ու գրաւել ունեցուածքը՝ ասելով, որ ապօրինի է, երբ չկայ դատավճիռ։ Ապօրինի է այն, ինչ պետութիւնն է անում։
— Դէ, ունեցուածքը խլելու համար էլ անում են…
- Այո, դա էլ եկամտի աղբիւր է։ Երբ Փաշինեանն ԱԺ պատգամաւոր էր, անընդհատ ոտքի էր կանգնում, ասում էր՝ էս ի՞նչ է անում էս իշխանութիւնը, միլիոնաւոր պարտքեր է վերցնում միջազգային կազմակերպութիւններից, ո՞նց պէտք է վճարենք, դա մնալու է մեր ապագայ սերունդների վզին եւ այլն։ Բայց այն ժամանակ պարտքը 7,7 մլրդ էր։ Մօտ 30 տարում նախկին իշխանութիւնները մօտաւորապէս 7 մլրդ էին պարտք արել։ Հիմա Փաշինեանը, որն անընդհատ խօսում էր պարտք անելու դէմ, 8 տարում կրկնապատկեց այդ 7 մլրդ-ն, դարձրեց 14 մլրդ, եւ սա էլ անիմաստ ու անպատասխանատու, սխալ գործելակերպ է։
