«Ազատութիւ՛ն բոլոր քաղբանտարկեալներին». համահաւաք գլխաւոր դատախազութեան առջեւ

«Ազատութիւ՛ն բոլոր քաղբանտարկեալներին». համահաւաք գլխաւոր դատախազութեան առջեւ

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, Գլխաւոր դատախազութեան առջեւ տեղի ունեցաւ բողոքի հաւաք՝ ի պաշտպանութիւն բոլոր քաղբանտարկեալների:

Ակցիան ընթանում էր՝ «Ազատութիւն քաղբանտարկեալներին», «Դեմ ենք բռնապետութեանը», «ՀՀ իշխանութիւնը ժողովրդաւարութեանն ու ազատ խօսքի թշնամիներն» պաստառներով եւ կարգախօսներով:

Բողոքի ակցիային ընդառաջ մեծ թուով ոստիկաններ էին բերուել դատախազութեան մօտ:

«Իրենց խիղճն ու հոգին Նիկոլին յանձնած դատախազների, քննիչների, դտաւորների վրայ յոյս չենք դնում, որովհետեւ իրենք ապացուցել են, որ դատաիրաւական համակարգը Նիկոլ Փաշինեանի ձեռքում դարձել է բութ գործիք՝ երկրում մէկ անձի իշխանութիւն հաստատելու, երկրում բռնաճնշումներ գործադրելու, կեղծ շինծու մեղադրանքներով մարդկանց կալանքի տանելու համար». ակցիայից առաջ, լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը։

Իշխան Սաղաթելեան խօսքով՝ իրենք այն կարծիքին են, որ եթէ Նիկոլ Փաշինեանը կարողանայ ամէն անգամ մարսել հերթական ձերբակալութիւնը, բռնաճնշումը, ինքը կանգ չի առնելու եւ շարունակելու է.«Հետեւաբար, այս իշխանութիւնների բռնութիւններին պէտք է հակազդել ժողովրդի կամքով։ Երկրում կան 5 տասնեակից աւելի քաղբանտարկեալներ, ովքեր այսօր գտնւում են անազատութեան մէջ բացառապէս նրա համար, որ ունեն սեփական տեսակէտ, պայքարում են հայկական ինքնութեան համար եւ հաշտ չէն այսօրուայ իշխանութեան վարած այս հակահայ քաղաքականութեան հետ»։

Ըստ ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիելեանի՝ «Իրաւական ամբողջ համակարգը ուշադրութեան տակ է, եւ շատ քիչ դատաւորներ կան, որոնք պատրաստ են անկախ որոշումներ կայացնել:Դա չի նշանակում, որ չպէտք է պայքարէնք եւ այս ակցիան էլ դրա առհաւատչեան է, որ մեր հասարակութեան տարբեր շերտերից պէտք է միաւորուեն այն մարդիկ, որոնք այս ընթացքում «ծառերի հետեւից» խօսում էին անարդարութեան մասին։ Սա լաւագոյն շանսն է։ Պետք է ժողովրդական ճնշում լինի, եւ այս իշխանութիւնը հասկանայ, որ ինքը չի որոշելու մեր ժողովրդի ապագան»:

ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծուիկ Մինասեանն իր ելոյթում ասաց` դատախազութեան դիմաց ենք, քանի որ այս մարմինն է խախտում մայր օրէնքը՝ Սահմանադրութիւնը։

«ՀՀ Սահմանադրութեամբ գլխաւոր դատախազութիւնն այն միակ ու բարձրագոյն մարմինն է, որը պետութեան անունից քրէական հետապնդման բացառիկ լիազօրութեամբ է օժտուած, որը պարտաւոր է հետեւել իրականացուող պատժի եւ հարկադրանքի միջոցների օրինականութեանը»,– ասաց նա։

Դիմելով դատախազներին` Արծուիկ Մինասեանը յորդորեց կատարել իրենց մասնագիտական պարտականութիւնը եւ ՀՀ Սահմանադրութիւնն անշեղօրէն կատարելու երդումը։

Նա տեղակացրեց, որ շրջանառութեան մէջ են դրել «ՀՀ–ում քաղբանտարկեալների եւ նրանց իրաւունքների պաշտպանութեան մասին» ԱԺ յայտարարութեան նախագիծ, որի շրջանակում նոյեմբերի 26–ին լինելու են լսումներ։ Լսումներին հրաւիրել են նաեւ միջազգային կառոյցների ներկայացուցիչների, որպէսզի նրանց տեղեկացնեն, թէ ինչ է կատարւում ՀՀ–ում։ Նամակ- հրաւէրը փոխանցուեց նաեւ գլխաւոր դատախազութիւն։

Բողոքի ակցիայից յետոյ երթը շարժուեց դէպի Շենգաւիթի ընդհանուր իրաւասութեան դատարան, որտեղ տեղի էր ունենում Բագրատ սրբազանի եւ 18 արդարների դատավարութիւնը։

Ակցիայի մասնակիցները երթի ընթացքում վանկարկում էին՝ ազատութիւն քաղբանտարկեալներին:

Ընդհանուր իրաւասութեան դատարանի առջեւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեանն անդամ Գեղամ Մանուկեանը յայտարարեց. «Այս տարիների պայքարում մեր քաղաքական բանտարկեալները եկան ողջ աշխարհին ցոյց տալու, որ հայ հասարակութիւնը չի համակերպուել ուրացման, զիջման, դաւաճանութեան, պարտութեան, այն քաղաքականութեան հետ, որ վարում է այս իշխանութիւնը։ Նրանք եկան, որպէսզի մեր բոլորի՝ մեր ժողովրդի, այս սերնդի ճակատից փորձեն մաքրել այն խարանը, որ տարիներ յետոյ դնելու էին ապագայ սերունդները, թէ մենք համակերպուեցինք այս ամէնին»:

«Թեեւ ակցիայի մասնակիցները կրկնում են «Ազատութիւն քաղբանտարկեալնեեւրին», բայց դա չի նշանակում լոկ բանտից դուրս գալու ազատութիւն, այլ արդարութիւն, իրաւունքների վերականգնում, քաղաքական հետապնդումերի վերացում»,- ասաց նա։

«Մեր հայրենակիցները եկել են այստեղ, որ այս իրաւապահների դէմքով բոլոր իրաւապահներին, դատախազներին, ԱԱԾ քննչական մարմինների ներկայացուցիչներին զգուշացնեն եւս մէկ անգամ, որ այն անօրինականութիւնները որ կատարուել են այսօր, երէկ, չի ներուելու ոչ մէկին։ Դիմում գրելով, ծառայութիւնից դուրս գալով, յաջորդ օրը չքմեղանալով, որեւէ մէկը չի արդարացուելու։ Դրա համար պահանջը մէկն է՝ դադարեցնել անօրինականութիւնների կատարումը»,-ասաց Գեղամ Մանուկեանը։

Ընդհանուր իրաւասութեան դատարանի առջեւ ելոյթ ունեցան նաեւ ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիելեանը, «Մեր ձեւով» շարժման անդամ Արթուր Միքայելեանը, ՀՀԿ փոխնախագահ Արմէն Աշոտեանը:

Share