Դիւանագէտն արձագանքել է ՀՀ պաշտպանութեան նախարարի նախկին մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսեանի սկանդալային յայտարարութիւններին, այդ թւում՝ Ստալինգրադի ճակատամարտի նշանակութեան մասին:
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը բաց նամակով դիմել է ՀՀ պաշտպանութեան նախարար Սուրէն Պապիկեանին` անդրադառնալով ՀՀ ՊՆ ռազմական ակադեմիայի հրամանատարաշտաբային ինստիտուտի ղեկավար Արծրուն Հովհաննիսեանի վերջին յայտարարութիւններին:
Աւելի վաղ Արծրուն Հովհաննիսեանը Հանրային հեռուստաընկերութեան եթերում միֆ էր որակել այն պնդումը, թէ Ստալինգրադի ճակատամարտում ԽՍՀՄ-ի յաղթանակը Հայաստանին փրկել է թուրքական ներխուժումից: Դրա հետ մէկտեղ նա յայտարարել էր, որ Գերմանիան ֆաշիստական չէր, ընդամէնը նացիստական էր, իսկ Երկրորդ համաշխարհայինում յաղթանակը հնարաւոր դարձաւ ԱՄՆ-ի լենդ-լիզի եւ երկրորդ ճակատի բացման շնորհիւ։
Ռուսաստանի դեսպանը յիշեցրել է հիտլերեան Գերմանիայի նկատմամբ յաղթանակի գործում հայերի աւանդի մասին, նոյն Գերմանիայի, որի գործողութիւնները փաստացի արդարացրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչը Հանրային հեռուստաընկերութեան եթերում։
«Յաղթանակի տօնի նկատմամբ հայ ժողովրդի խոր յարգանքի ֆոնին լայն վրդովմունք են առաջացրել Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութեան նախկին պաշտօնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսեանի` պատմականօրէն կեղծ եւ սրբապիղծ յայտարարութիւնները՝ հիտլերեան Գերմանիայի ագրեսիայի փաստացի արդարացումով, որոնք նա հնչեցրել է այդ սրբազան օրը երկրի գլխաւոր հեռուստաալիքով: Յատկապէս ցաւալի էր նման արտայայտութիւններ լսել մի մարդու շուրթերից, որը հիմա ղեկավարում է Հրամանատարաշտաբային ինստիտուտը (Ռազմական ակադեմիայի), որը կրում է Հայրենական մեծ պատերազմի փառապանծ զօրավար, Խորհրդային Միութեան կրկնակի հերոս մարշալ Բաղրամեանի անունը»,-ասուած է նամակում:
Կոպիրկինը ՊՆ ներկայացուցչի գործողութիւնները որակել է որպէս հերոս նախնիների յիշատակը պղծելու փորձ, մինչդեռ այդ նախնիները թոյլ չէն տուել իրականացնել ԽՍՀՄ ժողովուրդների ստրկացման եւ ոչնչացման հիտլերեան ծրագրերը, ինչպէս նաեւ փրկել են մարդկութեանը «գորշ ժանտախտից»:
Դիւանագէտը նշել է նաեւ, որ մայիսի 9-ին Հայաստանում տեղի ունեցած յոբելեանական միջոցառումները ժողովրդական լայն աջակցութիւն են ունեցել։ Թէ՛ աւագ, թէ՛ երիտասարդ սերնդի ներկայացուցիչներն իրենց սրտի կանչով այցելել են զինուորական յուշակոթողներ՝ յարգելու հայրենիքը պաշտպանելու մեկնած 600 հազար հայերի յիշատակը, որոնցից 300 հազարը տուն չէն վերադարձել:
Նշէնք, որ Հանրային հեռուստաընկերութեան եթերում փորձ է արւում կեղծել Հայրենական մեծ պատերազմի պատմութիւնը եւ նսեմացնել խորհրդային բանակի դերը, որտեղ կռուել են նաեւ հայերը: