ՀՀ լեզուի կոմիտէի նախագահն ամփոփեց իր պաշտօնավարման 100 օրը

ՀՀ լեզուի կոմիտէի նախագահն ամփոփեց իր պաշտօնավարման 100 օրը

ՀՀ ԿԳՄՍՆ լեզուի կոմիտէի նախագահ Սիրանուշ Դուոյեանն այսօր հրաւիրուած մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփել է պաշտօնավարման մօտ երեքուկէս ամսուայ գործունէութիւնը` ներկայացնելով կառոյցի առջեւ ծառացած խնդիրները, զարգացման տեսլականը եւ առաջիկայ անելիքները։

Լեզուի կոմիտէի նախագահը հակիրճ ներկայացրել է կոմիտէի ստեղծման պատմութիւնը եւ գործունէութեան առանցքային ուղղութիւնները՝ շեշտելով, որ Կոմիտէն լեզուական պետական քաղաքականութիւններ իրականացնող լիազօր մարմինն է Հայաստանի Հանրապետութիւնում եւ կատարում է Լեզուի օրէնքը ՀՀ-ում լիարժէք իրացնելու գործառոյթը։

Անդրադառնալով առաջիկայ աշխատանքներին՝ նա նշել է, որ հիմնական ծրագրերը բխում են Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան 2021-2026 թուականների գործունէութեան միջոցառումների ծրագրից ու պայմանաւորուած են վերջին տարիներին մեր երկրում տեղի ունեցած սոցիալական փոփոխութիւններով եւ դրանցից ծագող խնդիրներով։

Նոր նախաձեռնութիւն. «Հայերէնը ոչ հայախօսների համար. հայերենի ուսուցման, ստուգման եւ գնահատման համակարգ»

Սիրանուշ Դուոյեանի տեղեկացմամբ՝ ԿԳՄՍՆ լեզուի կոմիտէն ազդարարում է «Հայերէնը ոչ հայախօսների համար. հայերենի ուսուցման, ստուգման եւ գնահատման համակարգ» նոր ծրագրի մեկնարկը: Հիմք ընդունելով Եւրոպական խորհրդի լեզուների իմացութեան ու գնահատման ընդհանուր շրջանակը (Common European Framework of Reference for Langusges) եւ նոյն շրջանակի «Լեզուների իմացութեան/իրազեկութեան համաեւրոպական համակարգ. ուսումնառութիւն, դասաւանդում, գնահատում» հայերէն տարբերակը՝ նախատեսւում է մշակել հայերենի առանձնայատկութիւններից բխող՝ հայերենի իմացութիւնը ստուգող եւ գնահատող վեցաստիճան (համապատասխանաբար` A1, A2, B1, B2, C1, C2) էլեկտրոնային համակարգ:

«Համակարգը հնարաւորութիւն կը տայ ոչ հայախօսներին սովորել հայերէն, ստուգել լեզուական իմացութիւնը եւ ստանալ իմացութեան մակարդակը նշող վկայական: Համակարգը կը գործի ինչպէս Հայաստանում, այնպէս էլ Հայաստանից դուրս»,- նշել է Սիրանուշ Դուոյեանը:

Թուային որոնողական համակարգերում հայերենի գործառնութիւնն ապահովող ծրագրեր

Քննարկումների փուլում է թուային որոնողական համակարգերում հայերենի` որպէս կենսունակ լեզուի գործառնութիւնն ապահովող ծրագրի ստեղծումը: Թեեւ առանձին-առանձին մշակուել ու գործում են տարբեր բազաներ, ինչպէս օրինակ` Հայ մատենագրութեան թուանշային գրադարանըԱրեւելահայերենի ազգային կորպուսը եւ այլն, բայց հայերէնն այսօր համաքայլ չէ լեզուների տեխնոլոգիացման արդի միտումներին։

«Հայերէնը, հայերէնով ստեղծուած մշակութային ժառանգութիւնը, հայալեզու իրողութիւններն արդի տեխնոլոգիական մարտահրաւէրներին համահունչ դարձնելու նպատակով կարիք կայ եղած նախաձեռնութիւնների հետ համատեղ քննարկմամբ մշակել առաւել ընդլայնուած նախագիծ»,- տեղեկացրել է բանախօսը:

Հայերենի կանոնարկման սկզբունքների մշակում

Օրենքով Լեզուի կոմիտեին վերապահուած գործառոյթների շրջանակում կառոյցը պէտք է նպաստի նաեւ հայերենի կանոնարկման սկզբունքների մշակմանը: Այս ուղղութեամբ պաշտօնական միակ փաստաթուղթը 2006 թ. հրատարակուած Տերմինաբանական տեղեկատուն է, որտեղ տրուած են հայերենի բառակերտման, տէրմինակազմութեան, տառադարձման, կէտադրման գրական հայերէնում գիտականօրէն փաստուած սկզբունքները:

Ըստ Լեզուի կոմիտէի նախագահի՝ վերջին տասնամեակներին յատկապէս ուղիղ, ոչ միջնորդաւորուած թարգմանութեան ճանապարհով հայերէնը հարստացել է նոր բառերով ու հասկացութիւններով:

«Լրատուամիջոցներն ու հանրային դաշտն իրենց հերթին տարբեր աղբիւրներից փոխառել ու շրջանառում են յատուկ անուններ ու բառեր: Յատկապէս յատուկ անունների դէպքում կարիք կայ տարբերակուած մօտեցմամբ մշակելու տարբեր լեզուներից փոխառուող յատուկ անունների գրութեան եւ արտասանութեան սկզբունքները: Կարիք կայ նաեւ ի մի բերելու թարգմանուած կամ նորաստեղծ հասկացութիւնները` համապատասխան բացատրութիւններով: Երկու ուղղութեամբ էլ աշխատանքներ են տարւում Հայաստանի գիտական եւ բարձրագոյն կրթական հաստատութիւնների հետ: Ոլորտային գիտնականների հետ համատեղ աշխատանքի միջոցով հնարաւոր կը լինի մշակել լեզուական տարբեր հարցերին վերաբերող կանոնարկման սկզբունքներ` նկատի առնելով գրական հայերենի՝ արդէն իսկ գոյութիւն ունեցող կանոնարկման աւանդոյթը»,- ասել է նա:

Կոմիտէի նախագահը, անդրադառնալով լեզուն գործառելու հարցին, ընդգծել է, որ լեզուն սերտօրէն կապուած է պատմական այն ժամանակաշրջանի հետ, որում կիրառւում է՝ ենթարկուելով փոփոխութիւնների ու թարմացումների եւ կանոնարկման հարցերն էլ առաջ են գալիս այս համատեքստում։

Դուոյեանն անդրադարձել է նաեւ պետական լեզուին առնչուող իրաւական կարգաւորումներին:

«Դրանք նոյնպէս ժամանակի ընթացքում վերանայումների կարիք են ունենում»,- համոզմունք է յայտնել բանախօսը՝ որպէս օրինակ բերելով «Գովազդի մասին» ՀՀ օրէնքում լրացումներ եւ փոփոխութիւններ անելու նոր նախագիծը, որը մշակման փուլում է։

Կոմիտէի նախագահի կարծիքով՝ նոր ծրագրերի համատեքստում կարիք կը լինի վերանայել նաեւ Լեզուի կոմիտէի կառուցուածքը` ստեղծելով նոր ստորաբաժանումներ:

Share