Յայտնաբերւել է պայմանագրային զինծառայողի դի հրազէնային վնասւածքով

Յայտնաբերւել է պայմանագրային զինծառայողի դի հրազէնային վնասւածքով

Փետրւարի 7-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զօրամասի պահպանութեան տեղամասում յայտնաբերւել է պայմանագրային զինծառայող Արմէն Գուրգէնի Գասպարեանի դին՝ հրազէնային վնասւածքով:

Դէպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննութիւն: Տեղեկութիւնը յայտնում են ՀՀ ՊՆ-ից։  


Իւրաքանչիւր զինծառայողի կորուստը նախ և առաջ ցաւալի կորուստ է մեր երկրի և ժողովրդի համար: Այս կապակցութեամբ քաղաքական մեկնաբան Յակոբ Բադալեանը գրառումը է կատարել:

«Նախօրէին տեղեկութիւն տարածւեց, որ յայտնաբերւել է պայմանագրային զինծառայողի դի: Կատարւում է քննութիւն, ինչպէս սովորաբար ասւում է այդ դէպքերի մասին հաղորդագրութիւններում:

Իսկ նկատե՞լ էք, որ այդպիսի հաղորդագրութիւնները Հայաստանում գրեթէ յայտնւել են հանրային ուշադրութիւնից դուրս: Յիշո՞ւմ էք, թէ շատ տարիներ առաջ ինչ աղմուկ էր բարձրանում ոչ միայն այսպէս ասած խաղաղ պայմաններում որեւէ զոհի կապակցութեամբ, ոչ կանոնադրական յարաբերութիւնների հետեւանքով որեւէ մահւան դէպքի կապակցութեամբ, այլ նոյնիսկ բռնութեան որեւէ միջադէպի:

Քանի-քանի այսպէս ասած քաղաքացիական կառոյցներ ու իրաւապաշտպաններ կային, որոնց հիմնական զբաղմունքը հէնց այդպիսի դէպքերն էին, որոնք Հայաստանի զինւած ուժերի մի հրէշաւոր նկարագիր էին կառուցում ամէն այդպիսի դէպքից յետոյ:

Հիմա ո՞ւր են նրանք: Հիմա հազւադէպ մարդիկ են մնացել, որոնք շարունակում են այդ մակարդակում զբաղւել բանակում բռնութիւնների եւ մահւան դէպքերով, անկախ ամէն ինչից:

Իսկ ո՞ւր են միւսները, ո՞ւր է այն «կոհորտան», որ անասելի աղմուկ էր անում ամէն մի դէպքից յետոյ: Այսօր դրա բացակայութիւնը վկայում է, որ այդ աղմուկը ունէր մէկ խորքային նպատակ, այսպէս ասած՝ պատճառահետեւանքային սնուցում՝ քաղաքական շարժառիթներ ու խնդիրներ: Իսկ աւելի ճիշտ՝ աշխարհաքաղաքական, որովհետեւ աղմկարարների գործունէութեան հիմնական ֆինանսաւորման աղբիւրը որպէս կանոն արտաքին էր:

Ստատուս-քւոյի փոփոխութիւնից, հայկական բանակը պարտութեան մատնելուց, Հայաստանի զինւած ուժերը իբրեւ ռազմա-քաղաքական սուբիեկտ ըստ էութեան կազմալուծելուց յետոյ, այլեւս այնտեղ ներքին յարաբերութիւնների որակն ու մակարդակը այսպէս ասած քաղաքացիական «բոմոնդի» ճնշող մեծամասնութեանը հետաքրքիր չէ»։

Share