Այսօր լրանում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» Ուսանողական Միութեան 36-ամեակը
Ստորեւ ներկայացնում ենք միութեան շնորհաւորանքը․
1990 թուականի հոկտեմբերի 19-ին հիմնադրուեց ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» Ուսանողական Միութիւնը՝ համախմբելով ազգային գաղափարներով առաջնորդուող երիտասարդներին եւ հիմք դնելով մի կառոյցի, որի գործունէութեան առանցքում հայրենիքին ծառայելու եւ ազգային նպատակներին նուիրուելու գաղափարներն են։
Անցած 36 տարիների ընթացքում միութիւնը դարձել է երիտասարդների ազգային եւ քաղաքական ձեւաւորման կարեւոր հարթակ՝ իրականացնելով կրթական, գաղափարական, հասարակական եւ երիտասարդական բազմաթիւ ծրագրեր։
Լինելով նորանկախ Հայաստանի առաջին երիտասարդական քաղաքական կազմակերպութիւնը՝ միութիւնն իր ուրոյն տեղն է զբաղեցրել անկախ պետականութեան վերականգնման շրջանի երիտասարդական կեանքում։ Սերունդներ են անցել միութեան շարքերով՝ իրենց ներդրումն ունենալով ազգային կեանքում եւ շարունակելով այն ճանապարհը, որի հիմքում ազատ, անկախ եւ միացեալ Հայաստանի գաղափարն է։
Միութեան պատմութեան անբաժանելի մասն են նաեւ Արցախեան ազատագրական պայքարին մասնակցած աղբալեանականները։
Խոնարհումով յիշում ենք հայրենիքի պաշտպանութեան համար իրենց կեանքը զոհաբերած մեր ընկերներին՝ արժեւորելով նրանց սխրանքն ու անմար յիշատակը։
36 տարիների պատմութիւնը մեզ պարտաւորեցնում է պահպանել մեր ազգային ինքնութիւնը, հաւատարիմ մնալ մեր գաղափարներին եւ շարունակել կրթուած, գիտակից ու պատասխանատու երիտասարդութիւն ձեւաւորելու գործը։
Շնորհաւորում ենք միութեան բոլոր ներկայ եւ նախկին անդամներին, ընկերներին ու համակիրներին՝ մաղթելով նոր ձեռքբերումներ, անսասան կամք եւ նուիրում մեր ազգային նպատակներին։
Աղբալեանական լինելը պատիւ է։
ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» Ուսանողական Միութիւն
