Հայաստան ժամանած ադրբեջանցի փորձագէտների խմբում է նաեւ Արցախի շրջափակմանը մասնակցած «էկոակտիւիստ»ը

Հայաստան ժամանած ադրբեջանցի փորձագէտների խմբում է նաեւ Արցախի շրջափակմանը մասնակցած «էկոակտիւիստ»ը

Հայաստան ժամանած ադրբեջանցի փորձագէտների խմբում է նաեւ Արցախի շրջափակմանը մասնակցած «էկոակտիւիստ» ոմն Դիլարայ Էֆենդիեւան։

Fip.am-ը գրում է, որ Էֆենդիեւան «Փաստէրի ստուգման հարթակի» ուշադրութեան կենտրոնում էր յայտնուել դեռ 2022-ի դեկտեմբերին, երբ ադրբեջանցի այսպէս կոչուած «էկոակտիւիսները» արգելափակել էին այն ժամանակ ՌԴ խաղաղապահ զօրքերի վերահսկողութեան տակ գտնուող Լաչինի միջանցքը։

Էֆենդիեւան անձամբ է որպէս «էկոակտիւիստ» մասնակցել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի արգելափակմանը։

Այդ օրերին ԼՂՀ առողջապահութեան նախարարութիւնը յայտնել էր, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետեւանքով առողջական ծանր խնդիրներ ունեցող Արցախի քաղաքացիների տեղափոխումը Երեւան շարունակում է անհնար մնալ:

Մինչդեռ, Էֆենդիեւան 2022 թուականի դեկտեմբերին հրաապարակուած տեսանիւթում պնդում էր, թէ իբր իրենք պատրաստ են միջանցք տալ՝ արցախցիների պատշաճ բուժօգնութեան համար։

«Ես՝ որպէս այս ակցիայի կազմակերպիչներից մէկը, ուզում եմ հաստատել, որ մենք պատրաստ ենք միջանցք տրամադրել շտապօգնութեան մեքենայի եւ բժշկական օգնութեան համար»,- ասել էր Էֆենդիեւան։

Երեւանում հոկտեմբերի 21-22-ին Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակական կազմակերպութիւնների, փորձագիտական համայնքների ներկայացուցիչների նախաձեռնութեամբ եւ երկու երկրների պաշտօնական կառոյցների աջակցութեամբ տեղի է ունեցել երկկողմ կլոր սեղան-քննարկում։

Նրանց երէկ ընդունել է Անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանը։

2022-ի դեկտեմբերի 12-ին Արցախի դէմ սկսած Ադրբեջանի շրջափակումը յանգեցրեց հումանիտար աղէտի, իսկ 2023-ի սեպտեմբերի 19-20-ի ադրբեջանական յարձակումից յետոյ Արցախի ամբողջ հայ բնակչութիւնը վտարուեց իրենց պապերի հայրենիքից։

Share