Ջաւախահայ հասարակական գործիչները խոր վրդովմունքով են ընդունել Փաշինեանի յայտարարութիւնը

Ջաւախահայ հասարակական գործիչները խոր վրդովմունքով են ընդունել Փաշինեանի յայտարարութիւնը

Ջաւախահայ գործիչները բաց նամակ են հրապարակել Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնների վերաբերեալ, որը ներկայացնում ենք ստորեւ․

Մենք՝ ջաւախահայ հասարակական գործիչներս, խոր վրդովմունքով ենք ընդունել ՀՀ իշխանութեան այն յայտարարութիւնը, թէ որքան ուժեղ է հայկական Սփիւռքը, այնքան աւելի թոյլ է Հայաստանը, ինչպէս նաեւ Նիկոլ Փաշինեանի այն պնդումը, թէ իբր Սփիւռքը Հայաստանին հիմնականում օգնութիւն է ցուցաբերել «պատառոտուած եւ հին հագուստի» տեսքով։

Մենք նման արտայայտութիւնները համարում ենք վիրաւորական, նուաստացուցիչ եւ անարդար վերաբերմունք հայկական Սփիւռքի, այդ թւում՝ ջաւախահայերի նկատմամբ, քանի որ Ջաւախքում ապրող հայութիւնը միշտ ապրել է եւ շարունակում է ապրել Հայաստանում տեղի ունեցող բոլոր գործընթացներով։ Եւ Հայաստանի Հանրապետութիւնը մեզ համար երբեք օտար երկիր կամ վերացական հասկացութիւն չի եղել․ այն միշտ եղել է եւ շարունակում է մնալ բովանդակ հայութեան Հայրենիքը։

Տասնամեակների ընթացքում ջաւախահայերը Հայաստանի Հանրապետութեանն ու Արցախին ցուցաբերել են էական նիւթական եւ բարոյական աջակցութիւն։ Դա ցայտուն է արտայայտուել յատկապէս մեր ընդհանուր պատմութեան ամենածանր եւ ողբերգական ժամանակաշրջաններում՝ Սպիտակի աւերիչ երկրաշարժի օրերին եւ Արցախեան գոյապայքարի բոլոր փուլերում։ Փաստենք, որ ջաւախահայ հարիւրաւոր երիտասարդներ կամաւոր մեկնել են ռազմաճակատ, իսկ շուրջ 230 մեր հայրենակիցներ չեն վերադարձել մարտի դաշտից՝ իրենց կեանքը տալով Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի համար։

Պարո՛ն Փաշինեան,

մենք պատրաստ ենք ներկայացնել ցուցաբերուած օժանդակութիւնը փաստող փաստաթղթեր եւ ցուցակներ։ Սակայն նոյնիսկ դրանցում արտացոլուած է ընդհանուր աջակցութեան միայն փոքր մասը, քանի որ օժանդակութեան ծաւալներն անկախութեան շրջանում հաշււում են միլիոններով։ Եւ այդ փաստաթղթերի մէջ Դուք չէք գտնի որեւէ հաստատում Ձեր այն պնդման, թէ ջաւախահայերը Հայաստանին «պատառոտուած» կամ «հին» հագուստ են ուղարկել՝ որպէս օգնութեան հիմնական ձեւ։ Այսքանից յետոյ ինչպէ՞ս կարելի է Սփիւռքի մասին խօսել որպէս մի կողմի, որը Հայաստանին միայն հին կամ անպէտք հագուստ է փոխանցել։

Մենք չենք պնդում, որ ամբողջ Սփիւռքը միշտ եւ ամէն հարցում գործել է միատեսակ։ Սակայն միլիոնաւոր սփիւռքահայերի բազմամեայ ներդրումն այսկերպ ընդհանրացնելը նշանակում է անհարգալից վերաբերմունք ցուցաբերել այն մարդկանց նկատմամբ, ովքեր ամենածանր պահերին ոչ միայն նիւթական օգնութիւն են ցուցաբերել, այլեւ տուել են ամենաթանկը՝ իրենց կեանքը։ Առաւել ցաւալի է նման խօսքեր լսել այսօր, երբ հայկական Սփիւռքը ողջ պատմութեան ընթացքում եղել է աշխարհի հայերի եւ պատմական Հայրենիքի միջեւ ամենակարեւոր կապող օղակներից մէկը։

Լեւոն Տէր-Պետրոսեանի, Ռոբերտ Քոչարեանի եւ Սերժ Սարգսեանի նախագահութեան տարիներին հայկական Սփիւռքը Հայաստանի Հանրապետութեան ղեկավարութեանը ընկալում էր որպէս ՀՀ-ում եւ նրա սահմաններից դուրս ապրող հայութեան՝ ողջ հայ ազգի ղեկավարութիւն՝ անկախ քաղաքական տարաձայնութիւններից։ Եթէ այսօր Դուք Ձեզ հեղինակութիւն չէք համարում հայկական Սփիւռքի նշանակալի հատուածի շրջանում, դա հարց է, որը Դուք իրաւունք ունէք ինքնուրոյն լուծելու։ Սակայն դա Ձեզ իրաւունք չի վերապահում Հայաստանը հակադրել Սփիւռքին եւ արհեստական ճեղք ստեղծել Հայաստանի հայերի եւ Հայաստանից դուրս ապրող հայերի միջեւ։

Հայաստանն ու Սփիւռքը միմեանց հակադրուող կողմեր չեն։ Մենք մէկ ժողովրդի մասերն ենք։ Մեզ կապում են ընդհանուր պատմութիւնը, մշակոյթը, յիշողութիւնը, լեզուն, ազգային արժանապատուութիւնը եւ ապագայ սերունդների հանդէպ պատասխանատուութիւնը։

Յատկապէս մտահոգիչ է Ձեր վերջին յայտարարութիւններից Սփիւռքի բազմաթիւ ներկայացուցիչների մօտ ստեղծուած այն տպաւորութիւնը, թէ Հայաստանի ղեկավարութեան եւ Սփիւռքի յարաբերութիւնները դիտարկւում են ոչ թէ որպէս բնական ազգային միասնութիւն, այլ որպէս զուտ պաշտօնական քաղաքական կապեր։

Մենք ցանկանում ենք յստակ յայտարարել. Հայաստանը եղել է, կայ եւ միշտ կը մնայ ամբողջ հայութեան պատմական Հայրենիքը։ Արցախը եղել է, մնում է եւ յաւերժ կը մնայ հայոց համազգային պայքարի առանցքն ու արժանապատուութեան անբաժանելի մասը։ Ոչ մի քաղաքական յայտարարութիւն չի կարող ջնջել այն մարդկանց յիշատակը, ովքեր իրենց կեանքն են տուել Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի համար։ Ոչ մի քաղաքական իրավիճակ եւ ժամանակաւոր քաղաքական շահ չպէտք է դառնայ հայ ժողովրդի պառակտման պատճառ։ ՀՀ աշխարհիկ ղեկավարութիւնը՝ անկախ քաղաքական ուժից եւ զբաղեցրած պաշտօնից, պէտք է ոչ թէ պառակտի հայերին, այլ միաւորի նրանց։

Վերոնշեալի կապակցութեամբ մենք խնդրում եւ պահանջում ենք Ձեզանից հրապարակայնօրէն պարզաբանել Ձեր խօսքերը, ընդունել հայկական Սփիւռքի նկատմամբ նման ընդհանրացումների ոչ կոռեկտ եւ վիրաւորական բնոյթը եւ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի բարձր ամբիոնից ներողութիւն խնդրել հայկական Սփիւռքից՝ Սփիւռքի՝ Հայաստանին երկար տարիների ցուցաբերած օգնութիւնը նուաստացուցիչ եւ վիրաւորական կերպով հիմնականում որպէս «պատառոտուած եւ հին հագուստի» օգնութիւն ներկայացնելու համար։ Մենք նաեւ կոչ ենք անում Հայաստանի Հանրապետութեան ղեկավարութեանը հրաժարուել այնպիսի հռետորաբանութիւնից, որը Հայաստանը հակադրում է Սփիւռքին։

Սփիւռքը Հայաստանի թշնամին չէ, ջաւախահայերը Հայաստանի Հանրապետութեան համար օտար չեն, նրանք հայ ժողովրդի անբաժանելի մասն են։ Եւ նրանք, ովքեր ամենածանր տարիներին օգնել են Հայաստանին, ովքեր ուղարկել են գումար, սնունդ, դեղորայք եւ այլ անհրաժեշտ օգնութիւն, եւ յատկապէս նրանք, ովքեր Հայրենիքի պաշտպանութեան համար ուղարկել են իրենց որդիներին ու եղբայրներին, արժանի չեն նրան, որ իրենց ներդրումը նման յայտարարութիւններով նուաստացուի։

Մենք ցանկանում ենք ոչ թէ հակամարտութիւն, այլ յարգանք։ Ոչ թէ պառակտում, այլ միասնութիւն։ Ոչ թէ քաղաքական թշնամանք, այլ Հայաստանի Հանրապետութեան եւ աշխարհի բոլոր հայերի միջեւ պատմական կապի պահպանում։ Եւ ոչ ոք իրաւունք չունի արհեստական անդունդ ստեղծելու Հայաստանի եւ հայկական Սփիւռքի միջեւ։

Ջաւախքը յիշում է։ Ջաւախքն օգնել է։ Ջաւախքը թոյլ չի տայ վիրաւորել իր զաւակների յիշատակը։

Share