Հայաստանի պաշտօնեաների այցը Լոս Անջելես և լարուածութիւնները

Հայաստանի պաշտօնեաների այցը Լոս Անջելես և լարուածութիւնները

Ձեր ուշադրութեանն ենք ներկայացնում Los Angeles Magazine պարբերականում հրապարակուած Armenian Officials Press Diplomatic Agenda in Los Angeles Amid Regional Tensions յօդուածի հայերէն թարգմանութիւնը, որը հրապարակուել է mediamax.am կայքում: Նշելի է որ ՀՀ պաշտոնեաների այցը Լոս Անջելըս, կատարուել է առանց հայ համայնքի հետ բաց հանդիպումներ ունենալով:


Անցեալ շաբաթ ՀՀ բարձրաստիճան պաշտօնեաները Հարաւային Կալիֆոռնիայում էին՝ ամրապնդելու ԱՄՆ-Հայաստան կապերը, հակազդելու ապատեղեկատուութեանը եւ ամերիկահայ համայնքի առաջնորդներին բացատրելու իրենց կառավարութեան արտաքին քաղաքականութեան առաջնահերթութիւնները։

Պատուիրակութիւնը գլխաւորում էր վարչապետ Նիկոլ Փաշինեանի գլխաւոր խորհրդական Լիլիթ Մակունցը, դրա կազմում ընդգրկուած էր նաեւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Յարութիւնեանը։ Պաշտօնեաները նշեցին, որ այցի նպատակն է խորացնել Արեւմուտքի հետ գործընկերութիւնը քաղաքականութեան եւ անվտանգութեան առումով անորոշ ժամանակաշրջանում։

Միջոցառման ընթացքում պաշտօնեաները շեշտեցին, որ Հայաստանը ձգտում է աւելի մեծ միջազգային աջակցութեան ստանալ, քանի որ երկիրը պատրաստւում է յունիսին կայանալիք խորհրդարանական ընտրութիւններին։ Նրանք անդրադարձան նաեւ չլուծուած տարածաշրջանային վէճերին, տնտեսական ճնշումներին եւ ազգային անվտանգութեան վերաբերեալ մտահոգութիւններին։

Յարութ Սասունեանը՝ The California Courier-ի հրատարակիչն ու խմբագիրը, 10 տարի հանդէս է եկել Ժնեւում որպէս ՄԱԿ-ի գրասենեակի մարդու իրաւունքների հարցերով ոչ կառավարական պատուիրակ եւ ղեկավարել է Հայաստանին եւ Արցախին աջակցող խոշոր մարդասիրական նախաձեռնութիւնները։

«Հայաստանը պէտք է լաւ յարաբերութիւններ ունենայ տարբեր օտարերկրեայ պետութիւնների հետ՝ լինէն դրանք Արեւելքում, Արեւմուտքում, Հիւսիսում, թէ Հարաւում, — ասաց Սասունեանը։ — Հայաստանը չի կարող յոյսը դնել միայն մէկի վրայ»։

Հիմքում ԱՄՆ պատմական ներգրաւուածութիւնն է

Հայ պաշտօնեաները նկարագրեցին այցը որպէս պատմական տեղաշարժ ԱՄՆ եւ Հայաստանի յարաբերութիւններում։ Նրանք մատնանշեցին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի վերջերս կայացած այցը Երեւան, որը երբեւէ Հայաստան այցելած ամենաբարձրաստիճան ամերիկացի պաշտօնեան էր։

Մակունցն այցը շրջադարձային կէտ անուանեց եւ ասաց, որ այն ցոյց է տալիս Վաշինգտօնի յանձնառութիւնը Հայաստանի կայունութեանը, անվտանգութեանը եւ երկարաժամկէտ զարգացմանը։

Մակունցն ասում է, որ քաղաքացիական էներգիայի եւ տեխնոլոգիաների ոլորտում ընդլայնուած համագործակցութիւնը կօգնի Հայաստանին դիւերսիֆիկացնել իր էներգէտիկ անվտանգութիւնը։ Որպէս ապացոյց նա նշեց վարչապետ Փաշինեանի եւ փոխնախագահ Վենսի կողմից ստորագրուած խաղաղ միջուկային համագործակցութեան վերաբերեալ համատեղ յայտարարութիւնը։

Սասունեանը, սակայն, կասկածի տակ է դնում այն, որ արդյօք այս համաձայնագրերն արտացոլում են երկարաժամկէտ պլանաւորումը։

«Ցաւօք, վարչապետը արտաքին յարաբերութիւններում զրոյական փորձ ունի, — ասաց Սասունեանը։ — Նա ի վիճակի չէ պահպանել պատշաճ յարաբերութիւնները, որոնք բխում են Հայաստանի Հանրապետութեան շահերից»։

Սասունեանը մտահոգութիւն յայտնեց նաեւ առաջարկուող միջուկային նախագծերի ֆինանսական բաղկացուցիչի վերաբերեալ։

«9 միլիարդ դոլարը հսկայական գումար է Հայաստանի համար։ Հայաստանի տարեկան բիւջեն կազմում է մօտ 9,5 միլիարդ։ Հայաստանը չի կարող իրեն նման բաներ թոյլ տալ»։

Նա յաւելեց, որ առաջարկուող տեխնոլոգիան դեռեւս ապացուցուած չէ։

«Սա բոլորովին նոր տեխնոլոգիայ է։ Այն չի փորձարկուել։ Մենք չգիտենք՝ ինչ ռիսկեր կան այս նոր համակարգի հետ կապուած»։

TRIPP-ի տեսլականը. Ճանապարհային կապ, թե՞ անվտանգութեան ռիսկ

Այցի միւս կարեւոր թեման էր «Թրամփի միջազգային խաղաղութեան եւ բարգաւաճման երթուղին» (TRIPP): Տարանցիկ միջանցքը, որի մասին համաձայնութիւն է ձեռք բերուել 2025 թուականին, պէտք է Հարաւային Կովկասը կապի Եւրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հետ: Հայ պաշտօնեաները բնութագրում են նախագիծը որպէս երկրի տնտեսական եւ ռազմավարական ապագայի հիմնական գործոն՝ պնդելով, որ այն կընդլայնի առեւտրային ուղիները, երկարաժամկէտ ներդրումներ կը ներգրաւի եւ կը բարելաւի տարածաշրջանային ինտեգրացիան։

Մակունցը եւ միւս հայ պաշտօնեաներն ասում են, որ տարածաշրջանային կայունութիւնը տնտեսական աճի նախապայման է՝ ընդգծելով, որ երկարաժամկէտ զարգացումը կախուած է Հարաւային Կովկասում կայուն խաղաղութիւնից: Կառաւարութեան յայտարարութիւններն ու քաղաքականութեան փաստաթղթերը TRIPP-ը ներկայացնում են որպէս առեւտրային ուղիների ընդլայնման եւ տարածաշրջանային կապի բարելաւման նախագիծ: Կողմնակիցները նշում են, որ միջանցքը կարող է նուազեցնել Հայաստանի կախուածութիւնը Ռուսաստանի կողմից վերահսկուող ենթակառուցուածքներից՝ ստեղծելով այլընտրանքային տարանցիկ կապեր, որոնց աջակցում են արեւմտեան գործընկերները: Վերլուծաբաններն ու պաշտօնեաները պնդում են, որ աւելի լայն ճանապարհային կապը կամրապնդի Հայաստանի բանակցային դիրքը եւ կնուազեցնի տնտեսական խոցելիութիւնը՝ դիւերսիֆիկացնելով մուտքը տարածաշրջանային եւ միջազգային շուկաներ:

Քննադատները, սակայն, զգուշաւոր են:

Սասունեանը զգուշացնում է, որ համաձայնագրի ձեւակերպումները կարող են ազդել Հայաստանի ինքնիշխանութեան վրայ:

«Միջանցքը հետեւանքներ ունի ինքնիշխանութեան առումով, — ասաց նա։ — Այդ ճանապարհը պատկանում է Ադրբեջանին, թեեւ գտնւում է Հայաստանի տարածքում»։

Ռուս պաշտօնեաները նոյնպէս քննադատել են ԱՄՆ-ի ներգրաւուածութիւնը Հայաստանի էներգէտիկ ոլորտում՝ պնդելով, որ Մոսկուան կարող է աւելի արդիւնաւետ ենթակառուցուածքներ ապահովել։ Իրանը զգուշացրել է, որ Արեւմուտքի կողմից աջակցուող տարանցիկ միջանցքներն իր հիւսիսային սահմանի մօտ կարող են փոխել տարածաշրջանային անվտանգութեան դինամիկան։

Ընտրութիւններ, ապատեղեկատուութիւն եւ ներքին ճնշումներ

Յունիսի 7-ին նախատեսուած Հայաստանի խորհրդարանական ընտրութիւնները կառավարութեան պաշտօնեաների հիմնական մտահոգութեան առարկան են մնում: Ֆորումի ընթացքում նրանք զգուշացրին, որ աճել է ընտրողներին եւ սփիւռքի համայնքներին ուղղուած ապատեղեկատուական արշաւների թիւը: Մակունցը պնդում է, որ առցանց եւ արտասահմանում աճում են մոլորեցնող պատումները, ինչը կարող է խաթարել վստահութիւնը ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ:

Մակունցը կոչ արեց ամերիկահայերին ապաւինել ստուգուած եւ պաշտօնական տեղեկատուութեանը՝ զգուշացնելով, որ ապատեղեկատուութիւնը կարող է խաթարել հանրային վստահութիւնը: Չնայած սփիւռքի համայնքները չէն կարող քուէարկել Հայաստանի ընտրութիւններում՝ պաշտօնեաները շեշտեցին, որ նրանք ազդում են հանրային կարծիքի, լրատուամիջոցների լուսաբանման եւ միջազգային ընկալումների վրայ: Ուստի պաշտօնեաներն ամերիկահայերին անուանեցին կեղծ պատումների եւ մոլորեցնող տեղեկատուութեան դէմ պայքարի հիմնական գործընկերներ:

Այցն անդրադարձաւ նաեւ 2020 թուականի Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնից բխող մարդասիրական խնդիրներին: Դրանց թւում են կալանաւորուածներն ու ռազմագերիները, ինչպէս նաեւ չլուծուած սահմանային եւ անվտանգութեան հարցերը: Չնայած հրադադարին՝ բանակցութիւնները մնում են խոցելի: Մակունցը նշեց, որ դրանք շարունակւում են փակ դռների հետեւում, եւ հրաժարուեց մանրամասներ հաղորդել՝ յղում անելով դիւանագիտական ջանքերի նրբութեանը:

Սփիւռք. ոչ միայն խորհրդանիշ, այլեւ ռազմավարական շահագրգիռ կողմ

Լոս Անջելեսը, որտեղ ապրում է արտասահմանի ամենամեծ հայկական համայնքներից մէկը, վաղուց ի վեր մեծ դեր է խաղացել Հայաստանի քաղաքական եւ քաղաքացիական կեանքում: Երեւանի պաշտօնեաներն այն դիտարկում են որպէս շահերի պաշտպանութեան, դրամահաւաքի եւ մշակութային առաջնորդութեան կենտրոն, որտեղ համայնքային ցանցերը նպաստում են միջազգային իրազեկուածութեանն ու քաղաքական քննարկումների ձեւաւորմանը:

Լուսանկարը` Արայիկ Յարութիւնեանի ֆեյսբուքեան էջից

Մակունցը նշեց սփիւռքի տասնամեակների ներգրաւուածութիւնը՝ ներառեալ բարեգործական նուիրատուութիւնները, համայնքային նախաձեռնութիւնները եւ կրթական ներդրումները, որոնք անկախութիւնից ի վեր աջակցել են Հայաստանի զարգացմանը: Նա սփիւռքի ներգրաւուածութիւնը նկարագրեց ոչ թէ որպէս խորհրդանշական աջակցութիւն, այլ դիւանագիտութեան ռազմավարական բաղադրիչ, որն ամրապնդում է Հայաստանի համաշխարհային ազդեցութիւնը եւ քաղաքական դիրքը:

«Բոլորս խորապէս մտահոգուած ենք նրանով, ինչ կատարւում է Հայաստանում, — ասաց Սասունեանը: — Երբ առաջնորդները սխալ ընտրութիւն են կատարում, մենք առանց վարանելու բարձրաձայնում ենք»:

Աշխարհաքաղաքական խաչմերուկում

Մինչ երկիրը վերանայում է իր արտաքին քաղաքականութիւնը՝ Հայաստանի վրայ ճնշում են գործադրում տարբեր ուղղութիւններից: Կառավարութիւնը ձգտում է աւելի սերտ կապեր հաստատել Միացեալ Նահանգների հետ՝ միաժամանակ պահպանելով երկարամեայ յարաբերութիւնները Ռուսաստանի եւ Իրանի հետ: Տարածաշրջանային անկայունութիւնը, չլուծուած հակամարտութիւնները եւ փոփոխուող դաշինքները շարունակում են մնալ քաղաքական որոշումները ձեւաւորող հիմնական գործոնները:

Պաշտօնեաների խօսքով՝ իրենց կառավարութիւնը ձգտում է տնտեսական դիւերսիֆիկացիայի՝ դիւանագիտական ներգրաւուածութեան եւ երկարաժամկէտ անվտանգութեան պլանաւորման միջոցով: Լոս Անջելեսի այցը արտացոլում էր այդ ռազմավարութիւնը՝ նպատակ ունենալով վստահութիւն ներշնչել սփիւռքի առաջնորդներին եւ քաղաքական աջակցութիւն ստեղծել արտէրկրում: Սակայն դեռեւս անորոշ է՝ արդեօ՞ք TRIPP-ը տնտեսական օգուտներ կը բերի, իսկ խաղաղութեան բանակցութիւնները կպսակուեն յաջողութեամբ։

Յունիսի 7-ի խորհրդարանական ընտրութիւններին նախորդող ամիսներին Հայաստանը լուրջ փորձութիւնների կբախուի: Կառավարութիւնը 2020 թուականի Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնից յետոյ խաղաղութեան բանակցութիւններ է վարում Ադրբեջանի հետ՝ ներառեալ սահմանի սահմանազատման եւ կալանաւորների հարցերի շուրջ: Հայաստանը նաեւ շարունակում է ճշգրտել իր արտաքին քաղաքականութիւնը՝ ընդլայնելով համագործակցութիւնը ԱՄՆ-ի հետ, շարունակելով Ռուսաստանի հետ վաղեմի կապերը եւ պահպանելով յարաբերութիւնները հարեւան Իրանի հետ:

Թարգմանութիւնը՝ Մարիա Սադոյեանի


Այս յօդուածը թարգմանուել եւ հրապարակուել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցութեամբ: Յոդուածում արտայայտուած մտքերը պարտադիր չէ, որ արտացոլէն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի կամ Օրակարգի տեսակէտները:

Share