Հայաստանի կառավարութիւնը ընդլայնում է վերահսկողութիւնը լրատամիջոցների նկատմամբ

Հայաստանի կառավարութիւնը ընդլայնում է վերահսկողութիւնը լրատամիջոցների նկատմամբ

301 լրատուական ցանցը անդրադարձել է Հայաստանի լրատուամիջոների նկատմամբ վերհսկողութեան կառավարական փորձերին:


«Կանոնակարգման» անուան տակ՝ աշխարհի մի շարք երկրներ սկսում են խստացնել վերահսկողութիւնը մեդիայի նկատմամբ՝ նշելով ազգային անվտանգութիւնը, էթիկան կամ ինքնիշխանութիւնը: Հայաստանը այժմ պատրաստուում է միանալ այս աճող «թուային բռնապետութիւնների» ակումբին՝ տեսալսողական մեդիային վերաբերող նոր օրէնսդրական նախաձեռնութեամբ։

«Տեսալսողական մեդիայի մասին» օրէնքում առաջարկուող փոփոխութիւնները (ներկայումս՝ հանրային քննարկման փուլում) առաջին հայեացքից կարող են թուալ մեդիայի կառավարման պատասխանատու մաս: Այն արգելում է ատելութեան խօսքը, բռնութեան հրահրումը և պոռնոգրաֆիան։ Սակայն այս փոփոխութիւնները ընդլայնում են պետութեան վերահսկողութիւնը և օրէնքում միտումնաւոր անորոշութիւններ են ներառում, ինչը վտանգում է խօսքի ազատութիւնը, խմբագրական անկախութիւնն ու Հայաստանի՝ արդէն իսկ խոցելի մեդիա բազմակարծութիւնը։

Անորոշութիւնն իբրև ճնշման գործիք

Նախագծի ամենախնդրային մասերից մէկը դրա լեզուական անորոշութիւնն է։ Օրէնքը նախատեսում է արգելել բովանդակային այնպիսի կոնտենտ, որը «ուղղուած է սահմանադրական կարգը բռնի կերպով տապալելուն» կամ «քարոզում է պատերազմ»։ Բայց ո՞վ է որոշելու, թէ ինչն է համարուում «պատերազմ քարոզել»։ Արդեօք իշխանութեանը քննադատող լուսաբանումները, ընթացիկ կոնֆլիկտների մասին անդրադարձները, կամ քաղաքականութեան վերաբերեալ հակասական կամ ընդդիմադիր տեսակէտները կհամարուե՞ն անընդունելի։

Իհարկէ, նման անորոշ ձևակերպումները պատահական չեն՝ դրանք դիտաւորեալ են։ Օրէնքի նման լեզուական անորոշութիւնն իշխանութիւններին հնարաւորութիւն է տալիս օրէնքը ընտրողաբար կիրառել և պատժել իրենց գաղափարներին հակասող կոնտենտը արտադրողին, որը օրէնքի ձևակերպման անհաստատուն ու անստոյգ լինելու հետևանք է: Այս նոյն ռազմավարութիւնն օգտագործուում է բռնապետ ռեժիմներում, որտեղ կառավարութիւնն «ազգային անվտանգութեան» պատրվակով  ճնշում է ընդդիմութեանը։

«Կարգաւորողի» Քաղաքականացումը

Օրէնքի առանցքային նպատակներից մեկն է՝ ընդլայնել Հեռուստատեսութեան և Ռադիոյի Յանձնաժողովի (ՀՌՀ) լիազօրութիւնները՝ վերահսկողութեան նոր մեխանիզմների միջոցով։ Թէև կարգաւորող մարմինները կարևոր են ժողովրդավարական մեդիա համակարգերում, խնդիր է առաջանում, երբ այդ մարմինը հանրային շահերը ներկայացնելու փոխարէն սկսում է սպասարկել կառավարութեանը։ Սա տանում է թուային բռնապետութեան:

Իրականում ՀՌՀ-ի անկախութիւնն արդէն երկար ժամանակ է, ինչ կասկածի տակ է։ Նոր օրէնքով յանձնաժողովը կստանայ իրաւասութիւն՝ ներքին և արտասահմանեն հաղորդումների արտօնագրերը հաստատելու կամ մերժելու՝ հիմնուելով չափազանց անորոշ չափանիշների, օրինակ՝ «քաղաքացու հոգեբանական վիճակի վրայ ազդեցութեան» կամ «հասարակական վարքի մանիպուլացիայի» վրայ։

Օտար մեդիան՝ ստուգման տակ

Առանձին դրոյթով սահմանուում է, որ բոլոր արտասահմանեան տեսալսողական ծրագրերը պէտք է նախապէս հաստատում ստանան ՀՌՀ-ից՝ հայկական օրէնքներին համապատասխանելու համար։ Թէև որոշ երկրներ նման մօտեցում են կիրառում՝ օտար քարոզչութիւնը կանխելու համար, Հայաստանում այս օրէնքը յանձնաժողովին տալիս է գրեթէ անսահմանափակ լիազօրութիւն։ Ծրագրերը կարող են արգելուել անգամ սեփականատիրոջ փոփոխութեան կամ քաղաքական բովանդակութեան փոփոխման հիմքով։ Սա վերածում է մեդիա դաշտը սահմանափակ համակարգի ու զրկում է քաղաքացիներին բազմակողմանի տեղեկացուածութիւնից:

Տեղեկատուական հոսքի վերահսկում

Օրէնքով նաև խիստ վերահսկողութիւն է սահմանուում կոնտենտի տարածման վրայ: Ըստ դրա, ոչ միայն իւրաքանչիւր նոր պայմանագիր պէտք է հաստատուի յանձնաժողովի կողմից, այլև ցանկացած տեխնիկական կամ ընթացակարգային խախտման դէպքում օպերատորների աշխատանքը կարող է դադարեցուել մինչև 30 օրով։

Սա թուային բռնապետութեան դասական մոդել է, որովհետև երբ վերահսկուում է ենթակառուցուածքը, վերահսկուում նաև ինֆորմացիայի հոսքը։ Ինչպէս Ադրբեջանն է խիստ վերահսկողութիւն պահպանում իր համացանցային ենթակառուցուածքների վրայ՝ լռեցնելով ընդդիմադիր ձայները, այնպէս էլ շուտով Հայաստանի կառավարութիւնը կը որդեգրի նման մարտավարութիւն՝ մոնիտորինգի և պատժի միջոցով վերահսկելու մեդիայի ամբողջական դաշտը:

«Ազգային անվտանգութիւն» բռնապետական հետևանքներով

Կառավարութիւնը այս փոփոխութիւնները արդարացնում է անուանելով դրանք Հայաստանի «տեղեկատուական ինքնիշխանութեան» մի մաս: Այս արտայայտութիւնն աշխարհով մէկ օգտագործուում է իշխանական հսկողութիւնը և վերլուծական լրագրութիւնը սահմանափակելու, ու դրա հետ մէկտեղ այդ ամէնն արդարացնելու համար։

Փաստացի, Հայաստանում անկախ մեդիան ճնշման տակ է, որոշ լրատուամիջոցներ դուրս են մղուել իրենց գրասենեակներից, դատարանները շարունակում են մնալ քաղաքականացուած, իսկ քաղաքացիների վստահութիւնը պետական մարմինների նկատմամբ խիստ նուազում է։ Այս պայմաններում, թոյլ և քաղաքական ազդեցութիւնների ենթարկուած մի յանձնաժողովին տալ լայն իրաւասութիւն՝ որոշելու և պատժելու «վնասակար» կոնտենտ արտադրողներին, սպառնում է լռեցնել թէ՛ լրագրողներին, թէ՛ հասարակութեանը։ Այսպիսով, կառավարութիւնը թուային վերահսկողութիւնը օգտագործում է՝ հզօրացնելու իր իշխանութիւնը և ճնշելու ընդդիմութեանը:

301.am

Share