Կալանաւորուած Հայաստան

Կալանաւորուած Հայաստան

Վահէ Հովհաննիսեան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Տոտալ գաղտնալսումները, դրանցով շանտաժը եւ դրանց հրապարակայնացումը, որպէս կանոն, բերում են անասնական մթնոլորտի եւ անձնական ողբերգութիւնների։ Պարտադրուող անասնականացմանը պէտք է հակադրուել մարդ եւ քաղաքացի լինելով։

Նախադէպեր

Ժուչոկը (գաղտնի ձայնագրիչ) մեր նոր խորհրդանիշն է, բայց այն ունեցել է յայտնի նախադէպեր։ Համատարած գաղտնալսելու, մարդկանց կեանքեր անթոյլատրելիօրէն մտնելու, թունաւորելու, աջ ու ձախ անօրինական ձերբակալութիւններ եղել են Սահակաշուիլու ժամանակ եւ Նազարբաեւի վերջին փուլում։

Սահակաշուիլուն հեռացնելուց յետոյ գաղտնալսման ֆայլերը ցուցադրաբար այրուեցին, կազմակերպիչները պատժուեցին, եւ երկրում դրուեց նոր խաղի կանոն։

Ղազախստանում եկել էր պահ, երբ ծնողները երեխաներին արգելում էին տանն ազատ խօսել, տնեցիներն իրար հետ շշուկով էին խօսում, եւ որեւէ աշխատասենեակում, որեւէ սրճարանում որեւէ մէկն ապահովագրուած չէր անօրինական գաղտնալսումից եւ դրա հրապարակումից։ Բոլորը բոլորի վրայ կասկածում էին, հարեւանը՝ հարեւանի, ընկերը՝ ընկերոջ, ամուսինները՝ իրար։
Երկու երկներում էլ ժողովուրդը որոշեց, որ հերիք է։

Երբ արդէն քանդել ես պետական զսպող ինստիտուտները, ունես բացարձակ իշխանութիւն, ունես քո ամէն ասածն անողներ եւ չունես անձնական «ստոպեր», շատ հեշտ է կորցնել իրականութեան եւ «չի կարելինէրի» սահմանը։ Համաշխարհային փորձը ցոյց է տալիս, որ դա միշտ բերում է մարդկային ողբերգութիւնների եւ այլանդակ դեգրադացիայի։

Վախից՝ պայքար

Երբ մէկ հոգին ձեւաւորում է մարդ «լսելու», կալանաւորելու անխափան մեքենայ, նշանակում է նա արդէն պարտուել է։ Բոլորին այս վիճակը մի պահից սկսում է յոգնեցնել. եւ´ բռնուողներին, եւ´ բռնողներին։ Սա բացառապէս նեղ խմբի խրախճանքն է։ Ուրիշ լուծում այս իրականութիւն չի թողնում. պէտք է վախից անցում կատարել պայքարի։

Պայքարի առաջին քայլը

Բոլոր առողջ ուժերը՝ քաղաքական, քաղաքացիական, հանրային եւ այլն, պէտք է հասարակութեանն ուղղուած մէկ միասնական ուղերձ ձեւակերպէն՝ չլսել, չդիտել, չտարածել, չքննարկել գաղտալսումները։ Սա մարդ մնալու նախապայմանն է։ Մերժենք սրանց պարտադրած այլասերումը։ Յաջորդ քայլում պէտք է արագ մշակել հակազդեցութեան այլ գործուն մեխանիզմներ։

Share