Միքայել Արքեպիսկոպոս Աջապահեանի արձագանքը ԱՄՆ արեւմտեան թեմի առաջնորդ Հովնան Արքեպիսկոպոսի յայտարարութեանը

Միքայել Արքեպիսկոպոս Աջապահեանի արձագանքը ԱՄՆ արեւմտեան թեմի առաջնորդ Հովնան Արքեպիսկոպոսի յայտարարութեանը

Շիրակի թեմի կալաւոուած առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահեանը, ով դեռ բուժում է ստանում Իզմիրլեան բժշկական կենտրոնում արձագանքել է ԱՄՆ արեւմտեան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոսի յայտարարութեանը, որով նա բացատրել է թէ ինչու է միացել և աջակցում Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգութեան» ծրագրին:

«Ի խորոց» թուղթ առ ումեմն ի տիրադաւ հերձուածողաց․․․

Այսօր իմ հիւանդասենեակ-մեկուսարանում ձեռքս անցաւ անստորագիր մի գրութիւն, որի «Տիրոջ տան հանդէպ նախանձախնդրութեամբ կլանուած» հեղինակը Եկեղեցուոյ բարեկարգութիւնը տեսնում է որպէս անյետաձգելի հրամայական: Կարող ենք հանգիստ շունչ քաշել․․․ վերջապէս․․․

Գրութեան ընթերցումից պարզ է դառնում, որ «կլանուած» հեղինակը տիրադաւ հերձուածողներից աւագագոյնն է, որն այսօր դեռ զբաղեցնում է ՀԱԵ ԱՄՆ Արեւմտեան թեմի առաջնորդի պաշտօնը՝ որ առանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օժանդակութեան եւ սատարումի:

Քանի որ իմ հնարաւորութիւնները սահմանափակուած են, չեմ կարող համակարգիչ օգտագործել, իսկ սովորութիւն ունեմ որեւէ բան գրել մէկ շնչով, ուստի անցնեմ բովադակութեանը:
Ասւում է, որ «կարգ մը ազնիւ եւ բարեպաշտ հաւատացողներ» մտահոգուած են Եկեղեցու ներքին կեանքը խաթարող աղմկահարոյց դէպքերով: Սա ընդունենք իբրեւ ինքնախոստովանական ցուցմունք, քանի որ հէնց իրենք եւ միայն իրենք են խաթարել Եկեղեցու ներքին կեանքը՝ իրենց դաւադիր եւ գաղտագողի խարդաւանքը հրապարակելով նոյեմբերի 28-ին, եւ յաջորդող հերձուածողական արարքներով՝ Հայաստանի տարբեր թեմերում՝ իրենց «մենտորի» զինուած բանդայի բացայայտ եւ լկտի հակասահմանադրական միջամտութեամբ, որոնցից ամենավերջինը տեղի ունեցաւ Մասիսում:
Իր «քանիցս» հնչեցրած կոչերին ծանօթ չենք, քանզի զրկուած ենք համացանցային հասանելիութիւնից, ուստի զանց կառնենք այդ կոչերին անդրադառնալը:

Ապա պարզւում է, որ բարեկարգութիւնը օրակարգ է Ե դարից սկսած, որի համար զանազան ժողովներ են գումարուած, սակայն ժողովների որոշումներին յղում անելու փոխարէն հեղինակը յղում է ԺԲ-Ի դարերի միջակայքում գործած 4 Հայրապետների յորդորական կոնդակներին եւ քարոզներին, ինչպէս եւ եռամեծ Ս․Գրիգոր Տաթեւացուն, որտեղ Հայրապետներն ու Վարդապետը ճշգրիտ ախտորոշումներ են արել, սակայն ոչ մի ակնարկ՝ բարեկարգութեան:

Եւ յանկարծ հսկայական ցատկ՝ Ե դարից միանգամից դէպի «նախորդ տարի՝ ի լրումն ժամանակի» բարեկարգութեան անհրաժեշտութեան՝ արտայայտուած յայտնի ամօթալի դէպքերով: Բարեկարգութեան մասին խօսողները երեւի ծանօթ էլ չէն Բաբկէն Կիւլեսէրեան կաթողիկոսի դեղամիջոցին՝ «Եկեղեցու բարեկարգութիւնը եկեղեցականի բարեկարգութիւն է»: Գոնէ բարեկարգուէիք բարեկարգելուց առաջ․․․
Անցնենք տիրադաւ հերձուածողութեան 11 «գլխաւոր» պատճառներին, ինչից հասկացւում է, որ դեռ կան երկրորդական պատճառներ եւս, որոնք մէզ խնայուել են․

ա/ Իբրեւ Վեհափառ Հայրապետը «պարտակել է» Արշակ սրբազանին վերագրուող «անպարկեշտ» արարքը: Աւելորդ է այս ծիծաղելի մեղադրանքին անդրադառնալը, որովհետեւ գոնէ իրար հետ համաձայնեցրեք ձեր յայտարարութիւնները: Մի տիրադաւ յայտարարում է, թէ Վեհափառը պատուիրել է այդ տեսանիւթը, իսկ սա ասում է, թէ՝ «պարտակել է»: Առաջին հերթին կողմնորոշուէք, իսկ յետոյ սկսեք կամաց-կամաց «առիթը» զանազանել «պատճառից»: Թեեւ երեւի դժուար կը լինի, ինչպէս երեւում է ձեր «գործունէութիւնից»:

բ/ Ցաւալիօրէն կրկնւում է գլխաւոր մոլագրի կողմից շրջանառութեան մէջ դրուած այն թեզը, թէ Վեհափառը «պարտադրած է» Աղան աբեղային: Սա նոյնպէս պատճառ չի կարող լինել, այլ սոսկ առիթ, իսկ իրականութիւնն է, որ նախկին աբեղայի կողմից իշխանութիւնների հասցէին արուած դժգոհութեանն ի պատասխան Վեհափառը պարզապէս հարցրել է․ «Իսկ այդ դէպքում ինչու՞ դու եւ մայրդ ցուցարարների շարքում չեք»: Սա է հէնց նախկին աբեղայից ինձ պատմուածը ժամանակին: Այ քեզ բարեկարգութեան պատճառ․․․

գ/ Կուսակրօնութեան ուխտի խախտման հնարաւոր լինելու մասին․․․ Եւս մէկ ցնցող պատճառ: Աշխարհում չկայ մի կուսակրօն, որին նման մեղադրանք ներկայացուած չլինի, ինչպէս անցեալում, այնպէս էլ այսօր: Այդ նոյն «պնդումը» բազմիցս նետուել է ասպարէզ՝ յատուկ շրջանակների կողմից յատուկ նպատակներով: 1999-ի ընտրութիւններից առաջ էլ էր նետուած, սակայն այն ժամանակ հեղինակը նման պահանջ չուներ: Փաստօրէն 27 տարի էր պէտք պահանջ ձեւաւորելու համար․․․

դ/ Փաստօրէն հեղինակը անուէրապահ հնազանդութիւն Վեհափառին յայտնելու փոխարէն նոյնը սկսել է յայտնել երկրի գլխաւոր յանցագործին, որի կիսատ֊պռատ ինչ որ «թղթի» կտորը դառնում է «փաստէր»: Նողկալի է այդքան իջնելը․․․

ե/ Հեղինակը ծառայել է ինչպէս Գարեգին Բ, այնպէս էլ երջանկայիշատակ Վազգէն Ա եւ Գարեգին Ա Հայրապետների օրօք: Թող իր խղճի առաջ պատասխան տա, թէ երեք Հայրապետներից ո՞րն է աւելի թափանցիկ եւ հաշուետուողական գործել՝ դրա պարտաւորութիւնը ունենալով սոսկ նուիրատուների առաջ, այլ ոչ թէ ձեր: Իսկ Մայր Տաճարի նորոգութեան մասին խօսելը անբարոյականութիւն է, քանզի գործող 57 եպիսկոպոսների մէջ չկայ որեւէ մէկը, որ կը կարողանար այդ գործը ի գլուխ բերել: Տաճարի օծմանը չմասնակցէիք, եթէ դժգոհ էիք հաշուետուողականութիւնից:

զ/ Ամենաանամօթ պատճառաբանութիւնն է․․․ Ինքը որպէս յանձնախմբի ատենապետ նախագիծ է պատրաստել, սակայն դա թղթի վրայ է մնացել, քանի որ Ազգային Եկեղեցական ժողով չի հրաւիրուել: Գերագոյն Հոգեւոր Խորհրդի վերջին երկու նիստէրին (իմ ապօրինի կալանաւորումից առաջ) միայն ես եմ ոչ միայն խնդրել, այլեւ պահանջել, որպէսզի ԱԵԺ հրաւիրուի, սակայն ներկայ հինգ տիրադաւները (Հովնան,Նաւասարդ, Աբրահամ, Վազգէն, Վրթանես)ոչ միայն ինձ չէն սատարել, այլ դէմ են արտայայտուել, քանի որ քննարկման ենթակայ փաստաթղթերը պատրաստ չէն: Չի կարելի այդքան անպատկառ լինել․․․

է/ 27 տարի շարունակ Վեհափառին քծնող եւ շողոքորթող խմբակը գոհ չէ Վեհափառի գործելաոճից: «Իեայ, իրո՞ք»,- կասէր դասականը, ում հանդէպ այսօրուայ տիրադաւերից ոմանք նոյն հնազանդ կեցուածքն ունէին, ինչն ունեն այսօր գլխաւոր մոլագարի նկատմամբ: Այո, ես էլ եմ դժգոհ եղել քահանայ ձեռնադրելու արգելքից, սակայն դրա մասին բարձրաձայնել եմ նախքան իմ եպիսկոպոսացումը եւ առաւել եւս դրանից յետոյ, սակայն դա առիթ չէ (էլ ուր մնաց պատճառ)տիրադաւութեան, այլ պէտք է մղի համբերութեան, որն ամօթով չի թողնում:

ը/ Սա պարզապէս զրպարտութիւն է: Վեհափառը խօսքով եւ գործով միշտ (բացառապէս՝ միշտ) եղել է«քաղաքականացման» դէմ․ սա ասում եմ ես՝ իբրեւ թէ «ամենաքաղաքականացուած» հոգեւորականը, ով միշտ (կրկնում եմ՝ միշտ) յանդիմանուել է «քաղաքական» խօսոյթի համար: «Հակադրուել է խաղաղութեան օրակարգին»․․․ Չեղած բանին հնարաւո՞ր է հակադրուել, այ իմաստուններ․․․

թ/ Մեկ այլ անհիմն եւ անհեթեթ մեղադրանք՝ «շատերը կը պնդէն»: Էդ ո՞ր «հեղինակութիւնն» է «վարքաբեկուել»: Գոնէ մի գրագէտի ցոյց տայիր, որ «վարկաբեկել» բառը սխալ չգրէիր, ով բարեկարգիչ․․․

ժ/ Թէ ինչով էին զբաղուած տիրադաւ հերձուածողները 27 տարի շարունակ, արդէն ասել եմ: Իսկ եթէ «եկեղեցին հեռացած է ժողովրդէն՝մատնելով զանօնք աղանդներու ճիրաններուն», «ի բերանէ քումմէ դատեցայց ծառայ չար եւ անիրաւ», քանզի ամենահեռացածը ձեր թեմերի ժողովուրդներն են՝ առաջին հերթին Լոս Անջելես եւ Երեւան, որտեղ ամէն քայլափոխին կարող ես աղանդաւորական «եկեղեցու» հանդիպել: Հեղինակազրկումից խօսում են երբեւէ հեղինակութիւն չունեցածները եւ մեղադրում են Վեհափառին: Այո, Վեհափառը թերեւս մեղաւոր է, սակայն ձեզ պատասխանատու պաշտօններ վստահելու մէջ միայն ու միայն:

ժա/ Քամին մրսեց․․․ Իրենց համար անընդունելի է մի բան, որն ընդ որում չկայ․․․ Բժշկի դիմեք, թող լուծողական տա, որպէսզի ընդունեք անընդունելին․․․

«Գլխաւոր պատճառների» մէջ պատճառ տեսա՞ք․․․ Չկայ, չի էլ կարող լինել: Տիրադաւ հերձուած հանուն եկեղեցու բարեկարգութեա՞ն: Չէ, չէինք տեսել, այդ էլ տեսանք: 1924-ին Աշոտ եպս․ Շախեանն ու Բենիկ վարդապետն էլ ձեռք զարկեցին «բարեկարգութեան» նոյն ձեռագրով՝ նմանատիպ աստուածուրաց եւ եկեղեցաքանդ իշխանութիւնների դրդմամբ: Բարեկարգեցի՞ն, ծանո՞ք եք իրենց վախճանին․․․ Նոյնը ձեզ է սպասում եւ ձեր «բարեկարգութեանը»: Գնացել 10 եպիսկոպոսներով հնազանդութիւն եք յայտնել «ազգակործան պատուհասին», ասում են՝ «քաղաքական զանազան կեդրոններ» «քաղաքական աստառ կու տան» իրենց շարժումին: Աստառը ոչ ոք չի տալիս, աստառը պարզ ու յստակ երեւում է․․․
Այժմ խօսքիս աւարտն անեմ․․․

Այո, Եկեղեցին կենդանի օրգանիզմ է, բարեկարգութեան կարիք ունի միշտ: Սակայն ովկիանոսը դրսից մաքրել անհնար է, մանաւանդ որ այն ինքն իրեն մաքրելու անբացատրելի յատկութիւն ունի: Նոյնը վերաբերում է մանաւանդ Հայ Եկեղեցուն: Ասում են՝ «մենք Տիրոջը չենք դաւել, քանզի Տերը Քրիստոսն է»: Բողոքականութիւն բուրող այս հաստատումը ձեր դէմ է աշխատում: Ուրեմն Տերն անկարո՞ղ է Իր Եկեղեցին բարեկարգել եւ օգնութեան է կանչել ձեզ եւ ինչ որ «մոլագարի», որ իրեն Լիւթերի տեղ է դրե՞լ․․․Վեհափառի հետ կարելի է եւ պէտք է լինել գուցէ յաճախ անհամաձայն, սակայն անհնազանդ՝ երբեք: Այս տարրական ճշմարտութիւնն էլ չգիտեք, սակայն բարեկարգութեան մասին եք խօսում:
16․01․26
204-րդ օր ապօրինի բանտարկութեան

Share