Տէր Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանեան

Տէր Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանեան

Ծնուել է 1971 թուականի մայիսի 20-ին Գիւմրիում։ Աւազանի անունը Վազգէն է: Ծնողները պարսկահայեր են՝ Իրանի Սանգիբարան գիւղից։ Ամբողջ ընտանիքով 1971 թուականին ներգաղթում եւ հաստատւում են Գիւմրիում, ապա՝ 1977 թուականին տեղափոխւում Երեւան։

Կրթութիւնը, հոգեւոր կոչումը եւ ծառայութիւնը

1978 — 1988 թթ. սովորել է Երեւանի թիւ 156 դպրոցում։

1988 — 1994 թթ. ուսանել է Գեւորգեան Հոգեւոր Ճեմարանում։

1994 թ. Անանիայ եպիսկոպոս Արաբաջեանի կողմից ձեռնադրուել է սարկաւագ։

1995 թ. գերազանց առաջադիմութեամբ աւարտում է ճեմարանը, պաշտպանում «Խոսրով Եպիսկոպոս Անձեւացու Ժամակարգութեան մեկնութիւնն ու աստուածաբանութիւնը (նորագիւտ ձեռագրերով եւ մատենագիտական ուսումնասիրութեամբ)» վերտառութեամբ աւարտաճառ։

Գեւորգեան հոգեւոր ճեմարանն աւարտելուց յետոյ նոյն թուականի յուլիսի 23-ին, այդ տարի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան տօնին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա-ի կողմից ձեռնադրուել է կուսակրօն քահանայ։

Ձեռնադրուելուց յետոյ մինչեւ 1998 թ. եղել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա-ի գաւազանակիրը։

1996 թ. նշանակուել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էջմիածին» պաշտօնական ամսագրի գլխաւոր խմբագիր։ Միաժամանակ նշանակուել է նաեւ Քրիստօնեական դաստիարակութեան եւ քարոզչութեան կենտրոնի փոխտնօրէն՝ ուսուցիչների վերապատրաստութեան ծրագրեր վարելով Արմաւիր, Մասիս, Արտաշատ, Ապարան քաղաքներում եւ Հայաստանի Ամերիկեան համալսարանում։ Հայաստանում քրիստոնեական առաջին՝ «Կանթեղ» հեռուստանախագծի հիմնադիր անդամ է։

1996-1998 թթ. նաեւ Սուրբ Պատարագի մեկնութիւն, Շարականագիտութիւն եւ Ընդհանուր Եկեղեցու պատմութիւն է դասաւանդել Գեւորգեան Հոգեւոր Ճեմարանում եւ Վազգենեան դպրանոցում։

1998-2000 թթ. սովորել է Անգլիայի Լիդսի համալսարանում, Մըրֆիլդի Սուրբ Յարութեան Աստուածաբանական քոլեջում։ Ուսանելու տարիներին եղել է նաեւ Մանչեստրի հայկական Սուրբ Երրորդութիւն եկեղեցու այցելու հովիւը։

1996-2000 թթ. եղել է Հայաստանում Քրիստօնեութեան պետական կրօն հռչակման 1700-ամեակի կազմակերպման կենտրոնական մարմնի անդամ։ 2000 թ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինութեամբ նշանակուել է Սեւանի Վազգենեան դպրանոցի տեսուչ։ Տեսչի պաշտօնում դասաւանդել է Ընդհանուր Եկեղեցու պատմութիւն, Հովհաննու Աւէտարանի մեկնութիւն, Եկեղեցական երաժշտութիւն առարկաները։ Հիմնադրել է Վազգենեան դպրանոցի «Լուսաւորիչ» երգչախումբը։

2002 թ. պաշտպանում է վարդապետական «Հիւանդաց Օծման խորհուրդի խնդիրը Հայ Եկեղեցում» թեզը եւ ստանում մասնաւոր վարդապետութեան 4 աստիճանները։

2002 թ. տեսչի պաշտօնին զուգահեռ նշանակուել է նաեւ Մայր Աթոռի նորահաստատ Մամուլի, լրատուութեան եւ Հասարակական կապերի գրասենեակի տնօրէն, եղել է «Շողակաթ» հեռուստաընկերութեան տնօրէնների խորհրդի նախագահ։ Հիմնադրել եւ վարել է «Ճանաչենք Աւէտարանը» հաղորդաշարը։

2002 թ.-ին զուգահեռաբար նշանակուել է նաեւ Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ։ Փոխառաջնորդութեան կարճ շրջանում Օշականում հիմնադրել է մանկական պարի խումբ եւ երգչախումբ, ընդարձակել եւ վերակազմաւորել է թեմի Քրիստօնեական Դաստիարակչութեան կենտրոնը, Թալինում Երիտասարդական կենտրոն ստեղծել։

2003 թ. մայիսի 31-ին Կանադահայոց թեմի 20-րդ պատգամաւորական ժողւում ընտրուել է Կանադայի հայոց թեմի առաջնորդ։ Նոյն թուականի յունիսի 22-ին՝ Սուրբ Էջմիածնի տօնին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից ձեռնադրուել է եպիսկոպոս։ Առաջնորդութեան տարիներին բարեգործութեան նպատակով հիմնում է «Հայ տուն» կազմակերպութիւնը՝ անօգնական տարէցներին եւ հիւանդներին օգնելու, ինչպէս նաեւ Իրաքից պատերազմի պատճառով Կանադայ գաղթած իրաքահայերին աջակցելու համար, կազմաւորում երիտասարդական խմբեր, մանկական երգչախումբ եւ այլն։

2012 թ. Մոնրեալի Կոնկորդիայի համալսարանում պաշտպանել է աստուածաբանութեան եւ կենսաբանական բարոյագիտութեան դոկտորական թեզ (M.A) «Հայաստանի Առողջապահական Համակարգը. պատմական, սոցիալական եւ աստուածաբանական եզրաշերտը, անցեալը ներկան եւ ապագայի զարգացման հեռանկարը» վերնագրով։

2013 թ. վերադարձել է Հայաստան։ Նոյն տարուանից հանդիսանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենեակի տնօրէնը։

2013 թ. արժանացել է Անգլիայի Թագուհի Եղիսաբեթ II-ի ադամանդեայ յոբելեանի մեդալին։

2014 թուականից «ՖՐԵՍԿՈ» արդի արուեստի հոգեւոր միջազգային փառատօնի հոգեւոր պատասխանատուն է։

Հրատարակել է բազմաթիւ աստուածաբանական, հասարակական, քարոզախօսական, մշակութային յօդուածներ, «Խոհեր» հոգեւոր-խորհրդածական գրքոյկը։

2023 թ. ստացել է արքեպիսկոպոսի կոչում։

Տաւուշի թեմի առաջնորդ

2015 թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինութեամբ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանեանը նշանակուել է Տաւուշի թեմի առաջնորդ։

2015 թ. սեպտեմբերի 21-ին Բագրատ արքեպիսկոպոսի նախաձեռնութեամբ Հաղարծնում տեղի է ունեցել թեմի Երիտասարդաց միութեան անդրանիկ հաւաքը, կազմաւորուել է Երիտասարդաց միութեան Կենտրոնական խորհուրդ։

«Իջեւան» հեռուստաընկերութեան եթերում հեռարձակւում է նրա հեղինակային «Աստուածաշունչը մեր կեանքում» հաղորդաշարը։

Տաւուշում իրականացուել է «Մեկ համայնք, մէկ դպրոց» ծրագիրը, որի շրջանակներում կիրակնօրեայ դպրոցներ են բացուել Աչաջուր, Պառաւաքար, Դիլիջան, Նաւուր, Վերին Կարմիրաղբիւր, Չորաթան եւ այլ համայնքներում։

2017 թ. յուլիսի 25-ին Վեհափառ Հայրապետի տնօրինութեամբ Բագրատ սրբազանը նշանակուել է Գերագոյն հոգեւոր խորհրդի անդամ։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանը պարբերաբար այցելում է սահմանապահ զօրամասէր, համայնքներ, իրականացնում բազմաթիւ այլ ծրագրեր։

Share