Հայաստանի դէմ պատերազմ կարող է լինել միայն մէկ դէպքում։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահէ Հովհաննիսեանը։
«Սեպտեմբերին պատերազմ է լինելու, սպառնում են իշխանութիւնները։ Որոշել են ընտրութիւնների գնալ այդ սպառնալիքով։
«Ընդդիմութեան յաղթանակի դէպքում պատերազմ» գուժողներն իրականում շատ լաւ գիտէն, որ իրենց արածը միայն տգեղ սպեկուլեացիայ է՝ թափուած արեան եւ վախերի վրայ։ Մեր խնդիրն է սա պարզ բացատրել մեր հասարակութեանը։
Նիկոլ Փաշինեանի խաղաղութեան կառուցուածքը
Իրականում ո՞րն է նիկոլական խաղաղութեան կառուցուածքը։ Փորձենք սահմանազատել դատարկ խօսքը եւ իրականութիւնը։
Խաղաղութիւնը, որի մասին իշխանութիւնները խօսում են, կողմերի ստանձնած երկկողմանի որոշ գրաւոր պարտաւորութիւններ են։
Ֆորմալ առումով՝ այս պարտաւորութիւնների խախտումը կողմերից մէկի համար միւսի դէմ ռազմական գործողութիւններ սկսելու առիթ կարող է դառնալ։
44-օրեայ պատերազմի աւարտից յետոյ Փաշինեանի խաղաղութիւնն ունի հետեւեալ կառուցուածքը.
- Փաստացի իրավիճակը. Արցախն Ադրբեջանի կազմում (սիստեմատիկօրէն ոչնչացուող հայկական ժառանգութեամբ), Հայաստանի օկուպացուած տարածքներ, հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացուած հատուածներ, Թուրքիայի հետ փակ սահման, Ադրբեջանի հետ առեւտրի սկիզբ, հայ ռազմագերիներ Բաքւում։
- Հանրութեանը յայտնի ստորագրուած փաստաթղթերը՝ հռչակագրեր Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որոնցից գոնէ ձեւականօրէն կողմերը չէն հրաժարուել, Վաշինգտօնի եռակողմ հռչակագիրը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան մասին նախաստորագրուած համաձայնագիրը, սահմանների դելիմիտացիայի եւ դէմարկացիայի արձանագրութիւնները։ Գուցէ կան այլ փաստաթղթեր եւս, բայց դրանց մասին հանրութիւնը տեղեկացուած չէ։
- Ալիեւի հրապարակային պահանջները՝ Հայաստանի սահմանադրութեան փոփոխութեան անհրաժեշտութիւնը, «Արեւմտեան Ադրբեջանի» մասին նարատիւը եւ երեք հարիւր հազար ադրբեջանցիների՝ «պատմական հայրենիք» վերադարձը, Զանգեզուրի միջանցքը։
- Թիւրքական աշխարհին դուր գալու փաշինեանական հրապարակային քաղաքականութիւնը՝ ընդդիմութեան «ռեւանշիզմի» մասին նարատիւները, Անկախութեան հռչակագրից հրաժարումը, Արցախի յիշատակումից հրաժարումը, Ալիեւի հասցէին մշտական շնորհակալութիւնները, Արարատ լեռան պատկերից հրաժարումը, հայոց ցեղասպանութեան թեմայի մոռացութեան մատնումը, հակառուսական քայլերը, եկեղեցու վրայ յարձակումները։
Նիկոլական «խաղաղութեան» թղթապանակում այսքանն է։
Սրանք պետութեան անունից ստորագրուած փաստաթղթեր են, եւ Հայաստանում այսօր կամ մօտ ապագայում ոչ մի խելամիտ քաղաքական ուժ չի գնայ դրանց չեղարկմանը: Դա պէտք է յստակօրէն ասել մեր հասարակութեանը։
Ինչ վերաբերում է Ալիեւի հրապարակային պահանջներին, ապա դրանց հանդէպ հայկական կողմը, իշխանութիւնների հաւաստմամբ, չունի ֆորմալ պարտաւորութիւններ: Կամ ունի, բայց դրանք հանրութիւնից գաղտնի են պահւում:
Ընդդիմութեան քայլերը
«Մենք չլինենք՝ պատերազմ կը լինի» իշխանական կեղծ եւ անպարկեշտ թեզի դէմ կայ մէկ պարզ եւ հետաքրքիր լուծում.
- հիմնական ընդդիմադիր քաղաքական միաւորները հանդէս են գալիս համատեղ յայտարարութեամբ առ այն, որ յանձնառու են կատարելու Հայաստանի ստանձնած բոլոր գրաւոր, հրապարակային պարտաւորութիւնները։ Համատեղ յայտարարութիւնն ուժեղ ազդակ կը լինի միջազգային հանրութեան, հարեւանների եւ մեր հասարակութեան համար, եւ էապէս կբարձրացնի ընդդիմադիր համակարգերի հաւաքական կշիռը։
- Եթէ այնուհանդերձ ինչ-ինչ հանգամանքներ խանգարէն միասնաբար հանդէս գալուն, ապա հիմնական ընդդիմադիր ուժերը դա կարող են անել առանձին-առանձին։
Ընդդիմադիր համակարգերում չկայ որեւէ արկածախնդիր լիդեր կամ ուժ։ Յաջորդ իշխանութիւնների խնդիրը ոչ թէ բանակցային բազան «ռեւիզիայ» անելն է, այլ՝ խաղաղ բանակցութիւններով բազմաթիւ չլուծուած հարցերին լուծումներ գտնելը։ Մտածուած եւ արդիւնաւետ գաղափարներով, հաղորդակցութիւնների ապաշրջափակման նոր տարբերակներով տարածաշրջանում մեծացնել Հայաստանի դերն ու նշանակութիւնը, եւ երկարատեւ, իրատեսական խաղաղութիւն ապահովել՝ առանց ստորացուցիչ ստուերային պայմանների, որոնք միայն թուլացնում են խաղաղութիւնը։
Մենք այսօր ունենք ոչ թէ խաղաղութիւն, այլ «չպատերազմ», եւ իշխանութիւնների սպառնալիքները միայն հաստատում են իրենց «հաստատած» խաղաղութեան անկայունութիւնը։ Առաջիկայ տարիներին Հայաստանի նոր իշխանութիւնները պէտք է կարողանան հմտօրէն կառավարել այս «չպատերազմ» վիճակը եւ այն վերածել իրական, երաշխաւորուած խաղաղութեան։
Արցախի յանձնումից յետոյ պատերազմ հնարաւոր է միայն մէկ դէպքում. եթէ Նիկոլն ինքը հրահրի այդ պատերազմը՝ իշխանութիւն պահելու համար»,-գրել է նա։
