Գոբլի տրամաբանութեամբ Վենսի երեւանեան այցն աւելի շատ աջակցութիւն է Փաշինեանի թիմին

Գոբլի տրամաբանութեամբ Վենսի երեւանեան այցն աւելի շատ աջակցութիւն է Փաշինեանի թիմին

Գոբլը բացայայտում է Վենսի այցի ռազմավարական ենթատեքստը։ Այս մասին գրել է քաղաքագէտ Սուերն Սուրենեանցը:

«ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այսօր ժամանում է Երեւան՝ մեկնարկելով իր տարածաշրջանային շրջագայութիւնը, որի յաջորդ հանգրուանը լինելու է Բաքուն:

Ու մինչ մեր պսեւդո արեւմտամէտները «վարդագոյն» լեգենդներ են հիւսում այս այցի եւ Հայաստանի սպասուելիք «փրկութեան» մասին, Վաշինգտօնից լսում ենք այնպիսի բացայայտումներ, որոնք միայն խորացնում են մեր տագնապները:

2026 թ. փետրուարի 4-ին Osmanqizi English ալիքում հաղորդավարուհի Ժոան Լիսոսքիի եւ ամերիկացի վերլուծաբան, Միացեալ Նահանգների Պետդէպարտամենտի նախկին աշխատակից, «Պատուհան դէպի Եւրասիայ» վերլուծական բլոգի հեղինակ Փոլ Գոբլի հարցազրոյցը կարեւոր մեկնաբանութիւն է Ջեյ Դի Վենսի՝ Ադրբեջան եւ Հայաստան նախատեսուած այցի քաղաքական ու ռազմավարական նշանակութեան վերաբերեալ։

Պոլ Գոբլի գնահատմամբ՝ Ադրբեջանը Միացեալ Նահանգների համար առանցքային գործընկեր է։ Այն դիտարկւում է որպէս տարածաշրջանային ինքնուրոյն ուժ, որը փաստացի դուրս է եկել ռուսական վերահսկողութեան շրջանակից։ Բաքուի հետ քննարկումների առանցքում միաժամանակ մի քանի ռազմավարական ուղղութիւն է՝ Իրանի գործոնը, որտեղ Ադրբեջանը կարող է հանդէս գալ որպէս զսպող եւ տեղեկատուական գործընկեր,

Զանգեզուրի միջանցքը՝ որպէս տարածաշրջանային հաղորդակցութիւնների բացման առանցքային նախագիծ,

Չինաստանի ազդեցութեան սահմանափակումը՝ յատկապէս տրանսկասպեան ենթակառուցուածքների միջոցով։

Գոբլի տրամաբանութեան համատեքստում Ադրբեջանը Վաշինգտօնի համար ոչ թէ ճնշման ենթակայ պետութիւն է, այլ գործընկեր, որի հետ կառուցւում են գործարքային եւ երկարաժամկէտ յարաբերութիւններ։

Գոբլի գնահատմամբ՝ Հայաստանի դերը այցի շրջանակում երկրորդական է։ Ջեյ Դի Վենսի այցը Երեւանին ուղղուած քաղաքական ազդակ է, որ Միացեալ Նահանգները չի հեռանում Հայաստանի օրակարգից։ Սա յատկապէս կարեւոր է առաջիկայ խորհրդարանական ընտրութիւնների ֆոնին։

Այցը Հայաստանի համար նաեւ քաղաքական ապահովագրող գործոն է՝ ուղղուած ներքին կայունութեան պահպանմանը եւ ռուսական ազդեցութեան յետագայ նահանջին։

Կարճ ասած, Վենսի երեւանեան այցն, ըստ Գոբլի տրամաբանութեան, աւելի շատ աջակցութիւն է Փաշինեանի թիմին՝ ԱԺ ընտրութիւններին ընդառաջ:

Հարցազրոյցի ամենակտրուկ եզրակացութիւններից մէկն այն է, որ Ուկրաինայի պատերազմը Ռուսաստանին գրեթէ զրկել է Հարաւային Կովկասում ազդեցութեան իրական լծակներից։ Մոսկուան կարող է փորձել միջամտել տեղեկատուական կամ ներքաղաքական եղանակներով, սակայն չունի բաւարար ռեսուրս՝ տարածաշրջանային գործընթացների ընթացքը վերահսկելու համար։

Փոլ Գոբլը յատուկ ընդգծում է, որ Ադրբեջանի վերջին քայլերը՝ Հայաստանի համար գազի եւ ցորենի մատակարարումները, գերիների ազատ արձակումը եւ այլ նախաձեռնութիւնները, պայմանաւորուած են սեփական շահերով, այլ ոչ թէ Միացեալ Նահանգների ուղղակի ճնշմամբ։ Նոյն տրամաբանութեան մէջ են տեղաւորւում նաեւ Նախիջեւանի նոր սահմանադրական մօտեցումները եւ ռուսական իրաւաքաղաքական յղումներից հետեւողական հրաժարումը։

Այս միտքն, ըստ էութեան, հաստատում է իմ եւ այլ գործընկերներիս այն պնդումները, որ Փաշինեանի իշխանութիւնը Հայաստանը ռուսական ուղեծրից դուրս է բերում՝ վերածելով Ադրբեջանի փաստացի ենթապետութեան:

Ջեյ Դի Վենսի այցը Ադրբեջան եւ Հայաստան Միացեալ Նահանգների նոր տարածաշրջանային ռազմաւարութեան յստակ արտայայտութիւնն է։ Վաշինգտօնը ձգտում է միաժամանակ կառավարել Իրանի շուրջ ռիսկերը, սահմանափակել Ռուսաստանի եւ Չինաստանի ազդեցութիւնը, առաջ մղել տրանզիտային միջանցքները եւ Ադրբեջանին ամրապնդել որպէս տարածաշրջանի հիմնական գործընկեր։

Հայաստանի համար այս այցը ռազմավարական շրջադարձ չի նշանակում, սակայն փաստացի խրախուսում է՝ երկրի ստրատէգիական կողմնորոշման փոփոխութեանն ուղղուած Նիկոլ Փաշինեանի քաղաքականութիւնը:

Ստեղծուած համատեքստը բացայայտում է ԱՄՆ–Հայաստան եւ ԱՄՆ–Ադրբեջան յարաբերութիւններում առկայ կառուցուածքային անհամաչափութիւնը։

Բովանդակային քաղաքական եւ անվտանգային փոխյարաբերութիւնները, ըստ էութեան, ձեւաւորւում են Վաշինգտօն–Բաքու առանցքում, մինչդեռ Երեւանը ներգրաււում է արդէն իսկ ձեւաւորուած քաղաքական տրամաբանութեան շրջանակում՝ սահմանափակ մանեւրային հնարաւորութիւններով»,-գրել է Սուրենեանցը։


Փոլ Ա. Գոբլը (ծնուած 1949թ.) ամերիկացի վերլուծաբան, գրող եւ պետական գործիչ է, ով մասնագիտացած է Ռուսաստանի հարցերում: Նա նախկին Խորհրդային Միութեան էթնիկական հարցերին նուիրուած չորս հատորների խմբագիր է եւ հրատարակել է աւելի քան 150 յօդուած էթնիկ եւ ազգային հարցերի վերաբերեալ: Գոբլը ծառայել է որպէս պէտքարտուղար Ջեյմս Բեյքերի խորհրդային ազգային հարցերի եւ Բալթեան երկրների գործերի յատուկ խորհրդական:

Ներկայումս նա դասաւանդում է «Իսլամը եւ աշխարհաքաղաքականութիւնը Եւրասիայում» դասընթացը՝ որպէս Համաշխարհային քաղաքականութեան ինստիտուտի դոցենտ:

Եղել է Ամերիկայի ձայնի տնօրենի աւագ խորհրդական, Ազատ Եւրոպայ/Ազատութիւն ռադիօկայանի հեռարձակման գծով օգնական տնօրէն եւ հաղորդակցութեան տնօրէն
Աւագ գործընկեր, Քարնեգիի միջազգային խաղաղութեան հիմնադրամի, Խորհրդային ազգութիւնների խնդիրների գծով յատուկ խորհրդական, ԱՄՆ Պետդէպարտամենտ
Յետազոտութիւնների բաժնի փոխտնօրէն, Ազատութիւն ռադիօկայանի Խորհրդային ազգութիւնների հարցերով վերլուծաբան:

Գոբլի կողմից 1992 թուականին առաջարկուած «Գոբլի ծրագիրը» առաջարկում էր «լուծել» Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը տարածքային փոխանակման միջոցով. Հայաստանը կը ստանար ինքնիշխանութիւն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ (ներառեալ Լաչինի միջանցքը), մինչդեռ Ադրբեջանը կը ստանար Մեղրիի շրջանը Հայաստանի հարաւում՝ ապահովելով ուղիղ ցամաքային կապ իր Նախիջեւանի էքսկլաւի հետ։

Share