Գանգատ է ներկայացուել ՄԻԵԴ՝ Ադրբեջանում անազատութեան մէջ պահուող 15 հայերի իրաւունքների խախտումների վերաբերեալ

Գանգատ է ներկայացուել ՄԻԵԴ՝ Ադրբեջանում անազատութեան մէջ պահուող 15 հայերի իրաւունքների խախտումների վերաբերեալ

2026 թ. օգոստոսի 21-ին իրաւապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակեանը Մարդու իրաւունքների եւրոպական դատարան է ներկայացրել խմբային գանգատ՝ Ադրբեջանում անազատութեան մէջ պահուող հայ գերիների իրաւունքների խախտումների վերաբերեալ։

Այս մասին յայտնում են Միջազգային եւ համեմատական իրաւունքի կենտրոնից։

Գանգատը ներկայացուել է Արցախի Հանրապետութեան նախկին նախագահներ Բակօ Սահակեանի, Արկադի Ղուկասեանի, Արայիկ Յարութիւնեանի, Ազգային ժողովի նախկին նախագահ Դաւիթ Իշխանեանի, Արտաքին գործերի նախկին նախարար Դաւիթ Բաբայեանի, գեներալ-մայոր եւ նախկին աւագ զինուորական հրամանատար Դաւիթ Մանուկեանի, գեներալ-լէյտենանտ, Պաշտպանութեան բանակի նախկին նախարար Լեւոն Մնացականեանի, ինչպէս նաեւ Մադաթ Բաբայեանի, Գարիկ Մարտիրոսեանի, Լեւոն Բալայեանի, Դաւիթ Ալլահվերդեանի, Վասիլի Բեգլարեանի, Էրիկ Ղազարեանի, Գուրգէն Ստեփանեանի եւ Մելիքսեթ Փաշայեանի վերաբերեալ։

Գանգատում բարձրաձայնւում է Ադրբեջանի կողմից 15 հայերի նկատմամբ իրականացուած «դատավարութիւնների» անհամապատասխանութիւնը Կոնուենցիայի 6-րդ յօդուածով երաշխաւորուած արդար դատաքննութեան իրաւունքին։ Բաքուի ռազմական դատարանում իրականացուած «դատավարութիւնները» կրել են շինծու եւ կանխորոշուած բնոյթ՝ զուրկ լինելով անկախ եւ անաչառ քննութեան հիմնարար երաշխիքից։ Միաժամանակ, ռազմական դատարանը չի ունեցել քաղաքացիական անձանց վերաբերեալ գործեր քննելու եւ դատական ակտեր կայացնելու համապատասխան իրաւասութիւն։

Միաժամանակ, դատավարութիւնից առաջ եւ դրա ընթացքում Ադրբեջանի բարձրաստիճան պաշտօնեաները, այդ թւում՝ նախագահ Իլհամ Ալիեւը, ամբաստանեալներին հրապարակայնօրէն ներկայացրել են որպէս «ահաբեկիչներ», «ռազմական յանցագործներ» եւ «անջատողականներ»՝ նախքան նրանց մեղաւորութեան վերաբերեալ դատական ակտի կայացումը։ Նոյն մօտեցումն արտացոլուել է նաեւ Ադրբեջանի պետական եւ իշխանամէտ լրատուամիջոցների հրապարակումներում, որտեղ առաջադրուած մեղադրանքները ներկայացուել են որպէս հաստատուած փաստեր։ Այսպիսով, մեղաւորութեան վերաբերեալ հանրային եւ պաշտօնական դիրքորոշումը ձեւաւորուել է դատական գործընթացի աւարտից առաջ՝ խաթարելով անմեղութեան կանխավարկածը։

Գանգատում բարձրացւում են նաեւ պաշտպանութեան իրաւունքի խախտման հարցեր։ Մասնաւորապէս, 422 հատորից եւ շուրջ 105 հազար էջից բաղկացած գործի նիւթերի մեծ մասը հասանելի չի եղել պատշաճ թարգմանութեամբ։ Պաշտպանական կողմի՝ գործի նիւթերին ծանօթանալու, թարգմանութիւններ ստանալու, բաւարար ժամանակ եւ հնարաւորութիւններ ունենալու եւ պաշտպանեալների հետ արդիւնաւէտ հաղորդակցուելու պահանջները մերժուել կամ անհարկի ձգձգուել են։

Պաշտպանութեան իրաւունքի խախտումները շարունակուել են նաեւ «դատավճռի» տրամադրման եւ դրա բողոքարկման փուլում։ Գերիներին հնարաւորութիւն է տրուել միայն ընթերցելու «դատավճիռը», որի վրայ առկայ չեն եղել պաշտօնական կնիք կամ դրա իսկութիւնը հաւաստող այլ վաւերապայմաններ։ Այս պայմաններում հնարաւոր չի եղել ստուգել՝ արդեօք ընթերցման համար ներկայացուած տեքստը «դատավճռի» ամբողջական եւ վերջնական տարբերակն է, ինչպէս նաեւ երաշխաւորուած չի եղել դրա անփոփոխելիութիւնը։ Միաժամանակ, «դատավճռի» օրինակները չեն տրամադրուել ո՛չ գերիների ընտանիքներին, ո՛չ անվճար իրաւաբանական օգնութեան շրջանակում Ադրբեջանի կողմից նշանակուած փաստաբաններին․ վերջիններիս հասանելի են դարձուել միայն առանձին քաղուածքներ։ Չնայած պաշտպանութեան իրաւունքի այս ակնառու սահմանափակումներին՝ 2026 թ. օգոստոսի 6-ին վերաքննիչ դատարանը «դատավճիռն» ու դրանով նշանակուած պատիժները թողել է անփոփոխ՝ միջազգային հանրութեան առջեւ բացայայտելով Ադրբեջանի ներպետական իրաւական մեխանիզմների համակարգային անարդիւնաւէտութիւնը՝ էթնիկ հայերի իրաւունքների պաշտպանութեան ապահովման հարցում։

Գանգատում բարձրացւում է նաեւ Կոնուենցիայի 7-րդ յօդուածով երաշխաւորուած՝ առանց օրէնքի յանցագործութիւն եւ պատիժ չլինելու սկզբունքի խախտման հարցը։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների եւ միւս գերիների մասնակցութիւնը ռազմական գործողութիւններին կամ զէնք կրելն ինքնին չեն կարող նոյնացուել ահաբեկչական կամ այլ յանցաւոր գործունէութեան հետ եւ հիմք ծառայել քրէական պատասխանատուութեան համար՝ առանց իւրաքանչիւր անձի վերագրուող կոնկրետ յանցաւոր արարքի եւ անհատական մեղքի հաստատման։

ՄԻԵԴ-ի հնարաւոր վճիռը կարող է ունենալ ինչպէս իրաւական, այնպէս էլ քաղաքական հետեւանքներ։ Այն միջազգային դատական մակարդակով կասկածի տակ է դնելու իրականացուած դատավարութեան եւ դրա արդիւնքում կայացուած «դատավճռի» օրինականութիւնն ու իրաւական արժէքը՝ առաջ բերելով իրաւունքի խախտումների հետեւանքների վերացման անմիջական պարտականութիւն։

Քաղաքական նպատակներով հետապնդումների միջազգային դատական արձանագրումն էապէս չէզոքացնում է Ադրբեջանի փորձը՝ ներպետական շինծու դատական գործընթացների միջոցով իրաւական հաւաստիութիւն հաղորդելու հակամարտութեան վերաբերեալ սեփական պաշտօնական պատմոյթին։ Այդ պարագայում «դատավճիռը» կը կորցնի իր նշանակութիւնը՝ որպէս հակամարտութեան վերաբերեալ Ադրբեջանի միակողմանի պատմական եւ քաղաքական մեկնաբանութիւնն արտացոլող փաստաթուղթ՝ սահմանափակելով այդ «դատավճռի» օգտագործումը միջազգային քաղաքական եւ դիւանագիտական հարթակներում։

Գանգատը ներկայացուել է հասարակական գործունէութեան շրջանակում՝ «Միջազգային եւ համեմատական իրաւունքի կենտրոնի» եւ «Արդարադատութեան եւ մարդու իրաւունքների հայկական իրաւական կենտրոնի» հետ համագործակցութեամբ։

Share