Գրիշա Բալասանեան
hetq.am
2025 թուականին Հայաստանի քրէակատարողական հիմնարկներում մահուան դէպքերը կրկնապատկուել են: Եթէ մէկ տարի առաջ անազատութեան մէջ մահացել էր 12 մարդ, ապա 2025-ին՝ 24։ Քրեակատարողական ծառայութեան տուեալներով՝ 24 դէպքից 16-ը եղել է կենսաբանական մահ, իսկ 8-ը՝ ինքնասպանութիւն: 2024թ. արձանագրուած 12 մահերը եղել են կենսաբանական, ինքնասպանութեան դէպք չի արձանագրուել:
Մահուան ամենաշատ դէպքերն արձանագրուել են «Արմաւիր» քրէակատարողական հիմնարկում՝ 9 (2024թ.՝ 5): Մահուան մէկ դէպք արձանագրուել է «Վարդաշէն» ՔԿՀ-ում, «Աբովեան», «Գորիս», «Երեւան-Կենտրոն», «Վանաձոր» ՔԿՀ-ներում մահուան դէպքեր չէն գրացուել:
Ինքնասպանութեան փորձերը եւս աւելացել են: Եթէ 2024թ. ինքնասպանութեան փորձ էր կատարել 14 մարդ (19 դէպք), ապա 2025 թ.-ին ծայրահեղ քայլի դիմել է 26 մարդ (46 դէպք): Այստեղ էլ պատկերը մտահոգիչ է, քանի որ անձանց եւ դէպքերի աճը ցոյց է տալիս, որ մէկից աւելի ինքնասպանութեան փորձ կատարողներ են եղել:
2025թ. անազատութեան մէջ պահուող 183 մարդ ինքնաւնասում է կատարել (2024թ.-ին՝ 205), իսկ ինքնաւնասման դէպքերի թիւը 617 է (2024թ.-ին՝ 626): Սա նշանակում է, որ երբեմն նոյն անձը մէկից աւելի ինքնաւնասում է արել:
Նախորդ տարի տարբեր բողոքներով հացադուլ է յայտարարել 202 դատապարտեալ եւ կալանաւորուած անձ (2024թ.-ին՝ 298):
Քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողութիւն իրականացնող դիտորդների խմբի անդամ Շուշան Խնկոյեանի գնահատմամբ, 2025թ.-ի վիճակը շատ մտահոգիչ է: Փորձագէտը յիշում է, որ նման բարձր ցուցանիշներ եղել են մօտ 10 տարի առաջ: Դրանից յետոյ նուազման միտում է նկատուել, սակայն վերջին տարիներին դարձեալ աճում է:
Շուշան Խնկոյեանը նշում է, որ դիտորդական խումբը 2025թ.-ին ստացել է ահազանգեր, կատարել է այցելութիւններ, ուղարկել գրութիւններ: Ահազանգերի մեծ մասը վերաբերել է բուժօգնութեանը:
«Մարդկանց բուժօգնութիւնը տրամադրւում է թերի, պատշաճ չի իրականացւում սպասարկումը: Լուրջ խնդիր է նաեւ պատժի հետ անհամատեղելի հիւանդութիւն ունեցողների պատիժ կրելը, նրանք շարունակում են գտնուել քրէակատարողական հիմնարկում»,-ասում է փորձագէտը:
Ըստ Շ. Խնկոյեանի՝ կան դէպքեր, երբ անազատութեան մէջ պահուող անձի առողջական վիճակը փաստացի ծանր է, սակայն հիւանդութիւնը ներառուած չէ պատժի հետ անհամատեղելի հիւանդութիւնների ցանկում: Մեկ այլ դէպքում՝ բիւրոկրատական քաշքշուկներն այնքան շատ են, որ անձը չի հասցնում դուրս գալ եւ մահանում է քրէակատարողական հիմնարկում:
Շուշան Խնկոյեանն ասում է, որ ինքնասպանութեան դիմած անձանց մեծ մասը հոգեկան առողջութեան խնդիր ունեցողներն են: Դիտորդական մարմնի անդամը կարծում է, որ անհրաժեշտ է խորքային վերլուծութիւն կատարել ամբողջ պատկերը հասկանալու համար:
«Ինչու՞ եմ շեշտում հոգեկան առողջութեան խնդիրներ ունեցողներին, որովհետեւ վերջիններս քրէակատարողական հիմնարկներում պատշաճ բուժօգնութիւն չէն ստանում: Նրանց տրամադրւում են հիմնականում հանգստացնող դեղամիջոցներ, որոնք մեծամասամբ չէն կարող համարուել բուժում»,-ասում է Շ. Խնկոյեանը:
2025թ. դեկտեմբերի 31-ից «Դատապարտեալների հիւանդանոց» ՔԿՀ-ի գործունէութիւնը դադարեցուել է: Շուշան Խնկոյեանը նշեց, որ այս ՔԿՀ-ի փակումով հոգեկան առողջութեան խնդիրներ ունեցողները բուժում կը ստանան մասնագիտացուած հիւանդանոցներում: Թեեւ այս քայլը ողջունում են, սակայն մտահոգութիւններ ունեն: Փորձագէտի ասելով՝ 6 կամ 7 դատապարտեալ, կալանաւորուած անձ է գտնւում հոգեկան առողջութեան կենտրոնում, միւսները դեռ պահւում են քրէակատարողական հիմնարկներում:
«Մինչ օրս էլ շարունակում ենք ստանալ ահազանգեր, որ քրէակատարողական հիմնարկում չէն ստանում պատշաճ բուժօգնութիւն: Այսինքն՝ եթէ անձն ակնյայտօրէն ունի մասնագիտական բուժման կարիք, այդ բուժումը չի ստանում, յանգեցնում է ինքնաւնասումների: 1-2 նման փորձից յետոյ արդէն կատարում է ինքնասպանութիւն»,-նշում է Շուշան Խնկոյեանը:
Դիտորդական մարմնի անդամի խօսքով՝ քրէակատարողական հիմնարկներում պատշաճ աշխատանք չի կատարւում ինքնաւնասում կատարած անձանց հետ՝ հասկանալու նրա մտադրութիւնները եւ կանխելու ինքնասպանութիւնը: Շատ կարեւոր է ռիսկի կառավարումը, ինչը փաստացի չի կատարւում:
