Կայ իրականութիւնը տեսնելու, հաշուարկելու, ազգային շահով առաջնորդուելու անհրաժեշտութիւն

Կայ իրականութիւնը տեսնելու, հաշուարկելու, ազգային շահով առաջնորդուելու անհրաժեշտութիւն

Զրոյց Քանադայի ՀՅԴ Կենտրոնական Կոմիտէի ներկայացուցիչ՝ Մհեր Գարագաշեանի հետ

«Ամէն գիտակից հայ սփիւռքում հասկանում է, որ Լաչինի միջանցքի փակումը ֆեյք է. բնապահպանների եւ հանքի խնդիրն արդբեջանցիների համար իրենց լկտիութիւնը ցուցաբերելու հերթական պատրուակն է: Սրա արմատը գնում է մինչեւ կապիտուլեացիան»,- 168.am-ի հետ զրոյցում Արցախի շրջափակմանն արձագանքելով՝ նշեց ՀՅԴ Կանադայի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Մհեր Գարագաշեանը:

Նա ադրբեջանցիների կողմից Լաչինի շրջափակումը համարեց ՀՀ իշխանութիւնների պարտուողական քաղաքականութեան տրամաբանական հետեւանք՝ արձանագրելով, որ՝ «Արցախը տանք, Հայաստանը փրկէնք» կոչերն են սկիզբն այս գահավիժումի:

«Ամէն անգամ զիջումներ անելու հետեւանքով է, որ միջանցքը փակելու համար դիկտատորական Ադրբեջանն այսօր անգամ իր զինուորներին ուղարկելու կարիք չունի. ուղարկում է մի քանի պառաւ կին, որոնք խեղդուած աղաւնիներով, այսպէս կոչուած, բնապահպանական շարժում են անում»,- յաւելեց նա:

Կանադայի Հայ դատի շրջանային յանձնախմբի նախագահը ցաւով արձանագրեց, որ այսօր Արցախի շրջափակման հարցի առնչութեամբ չկայ համապատասխան արձագանք, քանի որ աշխարհաքաղաքական առկայ իրավիճակով պայմանաւորուած՝ ՌԴ-Արեւմուտք պայքարի համատեքստում խոշորացոյցի տակ է յայտնուել բացառապէս Ուկրաինան:

Մհեր Գարագաշեանին չի գոհացրել նաեւ կանադական լրատուամիջոցների արձագանքը, սակայն շեշտեց, որ շրջափակման առաջին իսկ օրից Կանադայի Հայ դատի յանձնախմբի անդամները նամակարշաւ եւ բողոքի միջոցառումներ են իրականացնում:

«Անցնող շաբաթ ուղղակի դէմ առ դէմ նստեցինք Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ, եւ յստակ ասացինք, որ Լաչինի միջանցքը պէտք է բացուի,- տեղեկացրեց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ Կանադան քչերից էր, որ կոչ է յղել միջանցքն ապաշրջափակելու վերաբերեալ,- Իսկ մենք աւելին պահանջեցինք՝ սպասելով, որ Կանադան գործնական քայլերի դիմի: Իրենց ներկայացրել ենք 7 կէտանոց առաջարկներ՝ մարադասիրական օժանդակութիւնից՝ մինչեւ ճնշում Ադրբեջանի վրայ, եթէ պէտք լինի, նոյնիսկ սանկցիաներ»:

Վերադառնալով Արցախի շրջափակման հարցով ՀՀ իշխանութիւնների գնահատականներին եւ, մասնաւորապէս, ռուսական կողմին ուղղուած պահանջներին, միջազգային խաղաղապահներ տեղակայելու մասին Նիկոլ Փաշինեանի կոչերին՝ Մհեր Գարագաշեանն առաջարկեց դրանք դիտարկել առկայ իրողութիւնների, մասնաւորապէս՝ ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի հետախուզական օղակների պետէրի Հայաստան այցերի եւ ՀՀ ԱԽՔ Արմէն Գրիգորեանի՝ ՄԲ այցի համատեքստում:

Ըստ նրա՝ սա վկայում է, որ Հայաստանն աշխարհաքաղաքական հաշիւները մաքրելու կիզակէտէրից մէկն է:

ՀՅԴ Կանադայի Կենտրոնական Կոմիտէի ներկայացուցիչը յաւելեց. «Կայ իրականութիւնը տեսնելու, հաշուարկելու, ազգային շահով առաջնորդուելու անհրաժեշտութիւն, եւ հասարակական գործչից մինչեւ պետական գործիչ՝ պէտք է հաշուի նստի դրա հետ:

Այս պահի դրութեամբ ո՛չ Մակրօնը, ո՛չ Եւրոպան, ո՛չ ԱՄՆ-ը պատրաստ չէն զինուորական կօշիկներ դնել, ներկայութիւն ունենալ: Մեր պատմութիւն էլ եթէ ուսումնասիրենք՝ «Անգլիական նաւերը չէն կարող բարձրանալ Տաւրոսի լեռները»:

Եւ այս ամէնը հաշուի առնելով՝ նստել եւ դատափետել ռուս խաղաղապահներին եւ կամ՝ առանց փաստարկների ԱԽՔ բերանով ասել, թէ ՌԴ-ն ուզում է անպայմանօրէն պարտադրել Զանգեզուրի միջանցք, առաւել եւս՝ միութենական երկիր դառնալու ինչ-որ պարտադրանք, այդ մարդկանց ձեռագիրն է՝ օդի մէջ խօսել»:

Հարցադրմանը՝ արդյօք ՌԴ-ն այս պահին չի՞ կարող աւելին անել, Մհեր Գարագաշեանն արձագանքեց, որ մինչ այդ հարցը հնչեցնելը պէտք է հարց տալ՝ իսկ ի՞նչ է անում օրուայ իշխանութիւնը՝ բացի օդում խօսելուց:

«Իրենք Նոր տարուայ իրենց միջոցառումներով են զբաղուած: Վերջիվերջոյ, պետութեան ամենատարրական պարտականութիւնն է ուժեղ բանակ ունենալը, ինչի համար շատ ժամանակ ունէին:

Դիւանագիտական ի՞նչ միջոցներ են նախաձեռնել, որտե՞ղ եք տեսնում դիւանագիտական եռուզեռ՝ Արեւմուտքից մինչեւ ՌԴ, որ մեր դեսպանները վազվզում են, որպէսզի Լաչինի միջանցքը բացուի,- նկատեց նա, ապա արձագանքելով դիտարկմանը, թէ՝ դիմել են ՄԱԿ ԱԽ, ՄԻԵԴ՝ յաւելեց,- Այդքանով չպէտք է բաւարարուել, եթէ մինչեւ հիմա միջանցքը փակ է: Այդ ճգնաժամին համազօր քայլերը չպէտք է մի քանի դասական քայլերով աւարտուէն»:

Սփիւռքահայ գործիչը համոզուած է՝ ՌԴ-ն, թերեւս, կարող է այս պահին աւելին անել, սակայն ճնշուած է ուկրաինական ճակատով եւ այն աշխարհագրական հաշուարկներով, որոնք միտում ունեն իրեն դուրս թողնել տարածաշրջանից, եթէ Արցախում միջնորդից վերածուի կողմի:

Իսկ եթէ, ըստ նրա, «արեւմտեան ազդեցութեան գօտին մտաւ ՀՀ, առաջին ոտքը, որ կմտնի ՀՀ, ՆԱՏՕ-ական Թուրքիան է լինելու»:

Share