«Սիւնիքի միջանցքը», «Գոբլի պլանը» եւ թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը

«Սիւնիքի միջանցքը», «Գոբլի պլանը» եւ թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը

2020 թ. արցախեան պատերազմից յետոյ թուրք-ադրբեջանական խօսոյթում լայն տարածում գտաւ, այսպէս կոչւած, «Սիւնիքի միջանցքի» գաղափարը, որը ենթադրում է Ադրբեջանի հարաւարեւմտեան շրջանների կապը Նախիջեւանի հետ։ Թէ՛ Ադրբեջանի եւ թէ՛ Թուրքիայի նախագահները յայտարարել են, որ այդ գաղափարը պէտք է կեանքի կոչւի հնարաւորինս արագ։ Այժմ թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է ստանալ «Սիւնիքի միջանցքը» ուժի կիրառմամբ կամ դրա սպառնալիքով, ինչի վառ վկայութիւնն են վերջին շրջանում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացւող պարբերական ագրեսիան եւ ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք։

«Գոբլի պլանի» նախապատմութիւնը

Սիւնիքի կամ Զանգեզուրի միջանցքի ստեղծման գաղափարը նոր չէ։ Այն շրջանառութեան մէջ է դրւել դեռ 1990-ականների սկզբներին, սակայն պատմական եւ աշխարհաքաղաքական այլ իրողութիւնների պայմաններում։ Պատմութեանն այն յայտնի է «Գոբլի պլան» անունով։ Այս պլանն առաջ էր քաշւել դիւանագէտ Փօլ Գոբլի կողմից 1992 թ. եւ ենթադրում էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքների փոխանակում:

Փօլ Գոբլը ԱՄՆ պետդեպարտամենտի ազգերի գծով փորձագէտ էր մինչեւ 1991 թ. վերջը, այնուհետեւ աշխատանքի էր անցել «Քարնեգի» հիմնադրամում որպէս փորձագէտ։ Ուշադրութեան է արժանի այն հանգամանքը, որ վերջին շրջանում Փօլ Գոբլը դասաւանդել է Ադրբեջանի դիւանագիտական ակադեմիայում, ինչը կասկածի տակ է դնում նրա՝ որպէս փորձագէտի անկողմնակալ վերաբերմունքը ղարաբաղեան հակամարտութեան հարցում, մանաւանդ, որ նա ադրբեջանցի դիւանագէտներին դասաւանդել է «Ղարաբաղեան ճգնաժամ» դասընթացը։

«Գոբլի պլանը» նա մշակել էր 1992 թ., երբ նոր էր հեռացել Պետդեպարտամենտից եւ աշխատանքի անցել «Քարնեգի» հիմնադրամում։ Այդ ժամանակ ԱՄՆ նախկին պետքարտուղար Սայրուս Վենսի օգնականը դիմել էր Գոբլին՝ խնդրելով պատրաստել ամփոփագիր իր՝ Հարաւային Կովկաս նախատեսւած այցին ընդառաջ։ Գոբլի խօսքերով՝ ամփոփագիրը կազմել էր 5-8 էջ՝ ներառելով Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը՝ սկսած ստալինեան սահմանագծումներից։ Ամփոփագրում ներկայացւած էր, թէ «ինչպէս է Ստալինը ինստիտուցիոնալիզացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարւածութիւնը` բաժանելով Ադրբեջանի ոչ սահմանակից հատւածը հայկական տարածքի միջոցով Զանգեզուրում եւ հայկական տարածքը, որը, այնուհանդերձ, Բաքւի վերահսկողութեան տակ էր Ղարաբաղում» ։ Ըստ Գոբլի՝ սա հետապնդում էր մէկ նպատակ՝ օգտագործել երկու երկրների միջեւ լարւածութիւնը ի շահ Մոսկւայի։

Գոբլը այն կարծիքին էր, որ պէտք է առաջարկել խնդրի երկարաժամկէտ լուծում, քանի որ ցանկացած կարճաժամկէտ լուծում չի յանգեցնի հակամարտութեան վերջնական կարգաւորման եւ աղէտալի հետեւանքներ կունենայ։ Իր առաջարկութեան մէջ, տարածքների ժողովրդագրութիւնից ելնելով, Գոբլը նշում էր, որ Լեռնային Ղարաբաղում բնակւող հայերի տեղահանումը կանխելու համար Արցախը պէտք է դառնայ «Հայաստանի մաս կամ ինչ-որ ձեւով Հայաստանի շարունակութիւն»։ Իսկ դրա համար անհրաժեշտ էր տարբերակներ գտնել Ադրբեջանին տալու այն, ինչ Բաքւին էր պէտք, քանզի «ոչ մի կառավարութիւն չի կարող տալ իր տարածքից մեծ հատւածներ եւ պահպանել իշխանութիւնը» :

Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման Գոբլի առաջարկը հրապարակւեց 1992 թ. ամռանը։ Ըստ Գոբլի՝ կողմերը պէտք է սկսէին դիտարկել տարածքների փոխանակման հնարաւորութիւնը, ներառեալ հետեւեալ զիջումները.

«ԼՂԻՄ-ի մի մասը պէտք է յանձնւէր Հայաստանին՝ բացառութեամբ ադրբեջանաբնակ տարածքների եւ այն տարածքի, որտեղ դէպի Բաքու հոսող գետի ակունքներն են, որոնք պէտք է մնային Ադրբեջանի վերահսկողութեան տակ։

Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ ցամաքային կամուրջը, որը գտնւում էր Հայաստանի տարածքում, պէտք է յանձնւէր Ադրբեջանի վերահսկողութեանը» :

Այսպիսով՝ «Գոբլի պլանը» ենթադրում էր Արցախի միացում Հայաստանին եւ, այսպէս կոչւած, «Սիւնիքի միջանցքի» տրամադրում Ադրբեջանին, որով վերջինս կը կապւէր Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ։

Յօդւածում առանձնակի շեշտադրւած էր այն գաղափարը, որ հակամարտութեան բոլոր շահագրգիռ կողմերը պէտք է գիտակցեն, որ Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարող ինքնուրոյն կարգաւորել իրավիճակը։ Իսկ Միացեալ Նահանգների՝ հակամարտութեան կարգաւորման գործընթացում ներգրաւման հիմքում պէտք է լինէր այն իրողութեան գիտակցումը, որ ԱՄՆ-ն չի կարող պարտադրել կողմերին որեւէ լուծում չպէտք է առաջնորդւի այն թիւր ենթադրութեամբ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կայուն լուծման հնարաւոր չէ հասնել:

Թուրքիայի նախագահի առաջարկը եւ թուրքական շահերը

Ղարաբաղեան հակամարտութեան շահագրգիռ կողմերից մէկն էր եւ այժմ էլ շարունակում է մնալ Թուրքիան։ Նա, ինչպէս ներկայումս է պնդում, որ, այսպէս կոչւած, «Սիւնիքի միջանցքի» նախագիծը անյապաղ պէտք է կեանքի կոչւի, նոյն կերպ էլ 1990-ական թւականներին առաջ էր մղում տարածքների փոխանակման գաղափարը, ըստ որի՝ ի վերջոյ այդ միջանցքը պէտք է յանձնւէր երկու թուրքական պետութիւնների վերահսկողութեանը։

Տարածքների փոխանակման գաղափարը Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը քննարկման առարկայ էր դարձրել դեռեւս 1992 թ. ապրիլի 28-ին՝ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Ջորջ Հ. Ու. Բուշի հետ հանդիպման ժամանակ։ Նա նախագահ Բուշին առաջարկում էր փոխանակել Լեռնային Ղարաբաղը «Հայաստանի այն հատւածի հետ, որը բաժանում է Ադրբեջանի երկու մասերը», քանի որ, ըստ Օզալի, Լեռնային Ղարաբաղի բնակչութեան 80%-ը հայեր էին, եւ 20 %-ը՝ ադրբեջանցի, իսկ Ադրբեջանին (եւ Թուրքիային) անհրաժեշտ էր ուղիղ կապ Նախիջեւանի հետ։ Ի պատասխան պետքարտուղար Բէյքերի հարցին, թէ այդ պարագայում ինչ կը լինի այդ տարածքում բնակւող հայերի հետ, Օզալը նշել էր, որ ընդհանուր առմամբ առաւելագոյնը 50.000 մարդ ստիպւած կը լինի տեղափոխւել։ «Հակառակ պարագայում այս պատերազմը յաւերժ կը շարունակւի։ Թուրքիան լաւ յարաբերութիւնների կարիք ունի Հայաստանի հետ, եւ Հայաստանն ունի Թուրքիայի հետ լաւ յարաբերութիւնների կարիքը։ Այդպէս վարւելու մէկ այլ պատճառ էլ կայ. Կենտրոնական Ասիայի հանրապետութիւնները Եւրոպայի հետ կապի կարիք ունեն։ Նոր ռուսները ցանկանում են լինել ցարական շրջանի ռուսների պէս, որ բոլոր ճանապարհները տանեն Մոսկւա։ Ռուսաստանը կարող է սպառնալիք դառնալ միջինասիական նորանկախ երկրների համար։ Ռուսաստանը կարող է ցանկանալ դրանք վերադարձնել իր կազմ։ Յոյս ունեմ՝ ամէն ինչ Ռուսաստանի ձեռքում չէք թողնի» ,- պնդում էր Օզալը։

Ըստ էութեան, Թուրգութ Օզալը յաւակնոտ ծրագիր ունէր, որով պէտք է միջինասիական էներգետիկ ենթակառուցւածքները կապւէին Եւրոպայի հետ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջոցով՝ շրջանցելով Ռուսաստանը։ Իրենց հերթին միջինասիական պետութիւններն աւելի կազատւէին Ռուսաստանի ազդեցութիւնից։ Ըստ Օզալի՝ այս ծրագրի իրականացման համար հէնց Ադրբեջանը առանցքային դեր ունէր, եւ միջանցքի տրամադրումը շահաւէտ կը լինէր նաեւ Հայաստանի համար։ Ակնյայտ էր, որ Թուրքիան աւելի մեծ հետաքրքրութիւն ունէր եւ ունի այս առումով, քան Ադրբեջանը, քանի որ այդ միջանցքով Թուրքիան կապւելու է թիւրքական աշխարհի հետ եւ իրագործելու է իր պանթիւրքիստական ծրագիրը, Ռուսաստանի փոխարէն նրանից է կախւած լինելու Եւրոպայի էներգետիկ անվտանգութիւնը, ինչպէս նաեւ նւազեցնելու է ռուսական ազդեցութիւնը Հարաւային Կովկասում։

Ներկայումս այս նոյն գաղափարը, իհարկէ որոշ տարբերութիւններով, առաջ է մղում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որի իրականացումը նորից կապւում է «Սիւնիքի միջանցքի» հետ։ Այս միջանցքի տրամադրումը հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման մի նոր նախապայման դարձաւ 2020 թ. արցախեան երկրորդ պատերազմից յետոյ՝ աւելանալով Թուրքիայի նախկինում առաջ քաշած նախապայմաններին: Մասնաւորապէս, Թուրքիայի խորհրդարանի 2020 թ. նոյեմբերի 17-ի յատուկ նիստի ընթացքում յստակ արձանագրւեց, որ Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման նոր նախապայման կայ, այն է՝ այսպէս կոչւած «Սիւնիքի միջանցքի» տրամադրումը։ Այդ նախապայմանը հետագայում բարձրաձայնւեց նաեւ Թուրքիայի նախագահի մակարդակով։ Թուրքիայի նման շահագրգռւածութեան պատճառն այն է, որ միջանցքը հնարաւորութիւն կը տայ Անկարային առաւել ինքնուրոյն քաղաքականութիւն վարելու ամբողջ Եւրասիայում։ Մասնաւորապէս, եթէ Սիւնիքով տրւում է միջանցք, այն ոչ միայն աւտոճանապարհ է, այլեւ ենթադրում է այլ ենթակառուցւածքների ստեղծում, այդ թւում՝ երկաթուղի ունենալու հեռանկար։ Դրա միջոցով Թուրքիան կը վերածւի Եւրասիայի գլխաւոր էներգետիկ հաբի, այլ կերպ ասած՝ Ասիայից դէպի Արեւմուտք ձգւող խոշոր էներգետիկ ենթակառուցւածքները, որոնք շրջանցում են Ռուսաստանը, կանցնեն Թուրքիայի տարածքով:

Ներկայումս Թուրքիան փորձում է միջանցքի հարցը բարձրաձայնել Ադրբեջանի միջոցով՝ առանձնապէս ցոյց չտալով իր սեփական շահագրգռւածութիւնը։ Ադրբեջանի «յաղթանակի օրւայ» կապակցութեամբ Շուշիում տեղի ունեցած միջոցառման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նշել է. «Հայաստանը պարտաւորութիւն է ստանձնել, որպէսզի ճանապարհային կապ ապահովի Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութեան միջև։ Անցել է երկու տարի, չկայ տեխնիկա-տնտեսական հիմնաւորում, գործողութիւն, երկաթգիծ, ճանապարհ։ Որքա՞ն պէտք է սպասենք» : Բայց թէ ինչ պարտաւորութեան մասին է խօսում Ալիեւը, յայտնի չէ։ Եթէ խօսքը նոյեմբերի 9-ին ստորագրւած եռակողմ յայտարարութեան մասին է, ապա այդ փաստաթղթում որեւէ անդրադարձ չկայ միջանցքի տրամադրմանը: Փոխարէնը յայտարարութեան մէջ նշւած է «տրանսպորտային հաղորդակցութիւնների» բացման մասին, ինչի հետեւանքով Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութիւնը կը կապւի Ադրբեջանի արեւմտեան շրջանների հետ։ Այդուհանդերձ, «տրանսպորտային հաղորդակցութիւններ» եզրոյթը չի ենթադրում Սիւնիքի միջանցքի տրամադրում, ինչին դէմ են Հայաստանի ժողովուրդը եւ հայկական սփիւռքը։ Չի բացառւում, որ Ադրբեջանի նախագահը բանաւոր համաձայնութիւն է ստացել Հայաստանի իշխանութիւններից:

Պաշտօնապէս հայկական կողմը յայտարարում է ճանապարհ տրամադրելու պատրաստակամութեան մասին, այլ ոչ թէ միջանցքի, որով էլ պայմանաւորւած են Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ պարբերաբար թոյլ տրւող ոտնձգութիւնները։ Պատահական չէ, որ ագրեսիայի հիմնական ուղղութիւնը եւ թիրախը Հայաստանի Սիւնիքի մարզն է։ Ըստ էութեան, թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է հասնել միջանցքի ձեռքբերմանը ուժի կիրառման միջոցով, ինչի հետեւանքով ներկայումս Ադրբեջանի կողմից օկուպացւած են Հայաստանի որոշ տարածքներ։

Ամերիկեան հետազօտութիւնների հայկական կենտրոն:

«Դրօշակ» թիւ 12, 2022թ

Share