Դիմադրութեան շարժումը կասեցրել է Արցախի նշաձողի իջեցումը, ստեղծել քաղաքական ճգնաժամ

Դիմադրութեան շարժումը կասեցրել է Արցախի նշաձողի իջեցումը, ստեղծել քաղաքական ճգնաժամ


Այսօր, մայիսի 14-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցաւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանի մամուլի ասուլիսը։

Իշխան Սաղաթելեանը խօսեց «Դիմադրութիւն» շարժման ձեռքբերումների, յետագայ անելիքների մասին եւ պատասխանեց լրագրողների հարցերին:

«Դիմադրութիւն» շարժումը վերջին 30 տարում բացառիկ է իր ծաւալներով եւ բնոյթով, չափերով, ժողովրդայնութեամբ․ ըստ էութեան, Ղարաբաղեան երկրորդ շարժում է, որը լինելու է անկասելի․ ասաց Իշխան Սաղաթելեանը։

Թշնամու հերթական ագրեսիայից յետոյ, յիշեցրեց նա, խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցութիւնները որոշում կայացրին ապրիլի 5-ին հրաւիրել հանրահաւաք ի պաշտպանութիւն Արցախի եւ Հայաստանի։ Ըստ էութեան, պայքարի մեկնարկը ապրիլի 5-ին էր, երբ Ազատութեան հրապարակում յստակ ներկայացուեցին այն սկզբունքները եւ պահանջները, որով պէտք է առաջնորդուի ՀՀ ցանկացած իշխանութիւն, ով կշեղուի՝ պէտք է օր առաջ հեռացուի։

Ապրիլի 5-ին Արցախի դրօշը տեղադրուեց Ֆրանսիայի հրապարակում եւ սկսեցին ՀՀ բոլոր խոշոր քաղաքներում կոչ անել, որից յետոյ քաղաքացիները Արցախի դրօշներ տեղադրեցին։

Դրանից յետոյ տեղի ունեցաւ Փաշինեանի յայտնի ելոյթը Արցախի հարցում նշաձողն իջեցնելու մասին, որից յետոյ փողոցային անդադար պայքար սկսուեց Նիկոլին հեռացնելու ուղղութեամբ։

«Ապրիլի 25-ից մենք սկսել ենք համաժողովրդական դիմադրութեան շարժումը, իսկ մայիսի 1-ից մինչեւ այսօր տեսնում եք՝ ինչ ծաւալի դիմադրութեան երթերով է ժողովուրդը դուրս գալիս այս իշխանութեան դէմ»,-յայտարարեց Իշխան Սաղաթելեանը։

Կարեւոր հաստատումներ՝ Իշխան Սաղաթելեանի մամուլի ասուլիսից

-«Դիմադրութիւն» շարժումը կասեցրել է Արցախի հարցում հայկական կողմի՝ նշաձող իջեցման գործընթացը։

-«Դիմադրութիւն» շարժումն ստեղծել է իրական քաղաքական ճգնաժամ, եւ մեր միջազգային գործընկերների համար ակնյայտ է դառնում Նիկոլ Փաշինեանի լեգիտիմութեան հարցը։

-«Դիմադրութիւն» շարժումն ապացուցել է, որ հայ ժողովուրդը չի ընդունելու իրեն պարտադրուած որեւէ զիջում, եւ Նիկոլ Փաշինեանը չունի մանդատ՝ երկիրը նոր զիջումների տանելու։

-«Դիմադրութիւն» շարժումն ակնյայտ է դարձրել, որ կայ ձեւակերպուած հանրային պահանջ այս իշխանութիւններին հեռացնելու համար։

-«Դիմադրութիւն» շարժումը բացառիկ է իր ծաւալներով ու շերտերով եւ, ըստ էութեան, Ղարաբաղեան երկրորդ շարժում է։

-Այն պայմանաւորուածութիւնը, որ Փաշինեանը փորձում է ձեռք բերել Ադրբեջանի հետ, խաղաղութեան պայմանագիր չէ։ Դա հայրենազրկման եւ Հայաստանի պետականութիւնը կորցնելու պայմանագիր է, հետեւաբար այն մեր կողմից անընդունելի է։

-Շատէրն են փորձում պառակտել շարժումը, բայց «Դիմադրութիւն» շարժումը վերկուսակցական է․ բոլորը համախմբուել են Արցախի գաղափարի շուրջ։

-Պետք է ստեղծենք լաւագոյն հաւաքականը, ովքեր պատրաստ են ստանձնել հաւաքական պատասխանատուութիւն երկիրն այս վիճակից դուրս բերելու համար։

-Օրուայ իշխանութեան քաղաքականութիւնը շատ յստակ է․ Արցախը մնա Ադրբեջանի կազմում՝ անվտանգութեան եւ մարդու իրաւունքների լայն երաշխիքներով, որից յետոյ կը խօսէն կարգավիճակի մասին։

-Եթէ անհրաժեշտութիւն լինի, կուերադառնանք խորհրդարան, բայց մեր օրակարգով։

-Ոստիկանութեան մէջքի հետեւում թաքնուող եւ ընդդիմութեան հասցէին խօսացող ՔՊ-ականներին կոչ եմ անում զուսպ լինել․ թող իրենց անցեալը նայէն, ներկան ու երբեմն էլ մտածէն իրենց ապագայի մասին։

-Իշխանութեանը հեռացնելու համար անհրաժեշտ է երկրում ստեղծել լիարժէք երկիշխանութիւն, հասնել նրան, որ պետական կառավարման համակարգն այլեւս չկարողանայ ծառայել մէկ մարդուն։

-Մենք պէտք է էլի աւելացնենք շարժման ծաւալները։ Դրա համար պատշգամբներից մէզ աջակցող, մեր պէս մտածող բոլոր մարդիկ պէտք է դուրս գան փողոց։

-Յաջորդ շաբաթ մենք մարտաւարութեան որոշ փոփոխութիւններ ենք ունենալու։

-Մենք ընդունում ենք, որ անցած 30 տարիների ընթացքում ունեցել ենք սխալներ եւ ներողութիւն ենք խնդրում դրանց համար, բայց մենք երբեք չենք դաւաճանել մեր ժողովրդին։

-Ռուսաստանը մնում է մեր հիմնական ռազմավարական դաշնակիցը։ Մեզ համար կարեւոր են նաեւ կայուն յարաբերութիւններն Իրանի եւ Արեւմուտքի հետ, բայց այդ ամէնը չպէտք է լինի մէկը միւսի հաշուին։

Share